Երևան
19 / Մայիս / 2019

Պիտի երիկամս ուղարկեին փոխպատվաստման, չուղարկեցին. տուժողը պատմեց՝ ինչու է 11 տարի անց ցուցմունք տվել Հայկ Սարգսյանի դեմ

Armtimes.com-ը գրում է.Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով դատական նիստը:

Դատարանում այսօր հարցաքննվեց սույն գործով առանցքային տուժող Դավիթ Սիմոնյանը:

Հայկ Սարգսյանը մեղադրվում է նրան սպանելու փորձի համար:

Դատարանի հարցին ի պատասխան Սիմոնյանն ասաց, որ Հայկ Սարգսյանի հետ ներկայումս որեւէ հարաբերություն չունի, իսկ նախկինում մտերիմ են եղել:

Սիմոնյանը պատմեց, որ 2007 թվականի ապրիլի 1-ին գտնվելիս է եղել Հայկ Սարգսյանին պատկանող բնարականի նկուղային հարկում՝ «ախրանայի» սենյակում, որտեղ եղել են ինքը, Արթուր Սիմոնյանը եւ Հայկ Սարգսյանը:

«Արթուրի հետ կենցաղային հարցերի շուրջ վեճ առաջացավ, Հայկը զարթնեց, ասաց՝ խելոք մնա, կկրակեմ եւ նստած դիրքից կրակեց ինձ վրա: Հետո Նարեկ Սարգսյանը լսելով կրակոցի ձայնը՝ իջավ նկուղ եւ Արթուրի մեքենայով ինձ տարան Պռոշյանի վրա գտնվող 3-րդ հիվանդանոց, որտեղ էլ վիրահատեցին, հանեցին աջ երիկամս, լյարդս վիրահատեցին: Դրանից հետո մի քանի օր անգիտակից եմ եղել: Որոշ ժամանակ անց կազդուրցվելուց հետո ասացին, որ ասեմ իբր կրակել է Արթուր Ղեւոնդյանը (իրենց մտերիմ ընկերներից), գտնելով ատրճանակը բոքսի հայաթի մանկապարտեզի նկուղային հարկից, խաղալով հանկարծակի կրակել է»,- պատմեց տուժողը:

Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանի հարցին՝ մինչեւ վերը նշված միջադեպը երբվանի՞ց է կապ ունեցել Սիմոնյանը Հայկ Սարգսյանի հետ, տուժողը պատասխանեց, որ մի քանի ամիս է շփվել:

Հարցին, թե ի՞նչ նպատակով էր Դավիթ Սիմոնյանը գնացել նկուղային հարկ, Սիմոնյանը պատասխանեց՝ իր հիշելով՝ ընտրությունների համար: Հարցին՝ ի՞նչ կապ ունեին ընտրությունները, Սիմոնյանը պատասխանեց. «Ես այդ բակային տարածքներում ընտրություններն էի ապահովում: Հայկ Սարգսյանը կապ ուներ ընտրությունների հետ»,- ասաց նա:

Մեղադրող դատախազի հարցին, թե Արթուր Սիմոնյանի հետ խոսակցության ընթացքում ձեր միջեւ որեւէ խոսակցություն եղե՞լ է, Սիմոնյանը դրական պատասխան տվեց: Հարցին, ինչի՞ հետ կապված եք վիճաբանել, Սիմոնյանը պատասխանեց՝ թմրանյութի: « Չկարողացանք իրար միջեւ կիսենք թմրանյութը, դա Արթուրի մոտ էր գտնվում»,- շարունակեց տուժողը:

Դատախազի հարցին՝ մինչ կրակելը Հայկ Սարգսյանը իրեն սպառնացե՞լ է սպանել, Սիմոնյանն ասաց, որ չի հիշում: Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանի հարցին, այս դեպքի կապակցությամբ քննիչի մոտ 2007 թվականին հարցաքննվե՞լ եք, թե՝ ոչ, Սիմոնյանը դրական պատասխան տվեց եւ ասաց, որ այդ ժամանակ ասել է, թե կրակել է Արթուր Ղեւոնդյանը: Հարցին ինչո՞ւ է նման բան ասել, Սիմոնյանը պատասխանեց, որ Հայկ Սարգսյանն իրեն սպառնացել է: «Իմ հիշելով՝ մենակ Հայկն էր, ասեց՝ էլ չես ապրի, եթե չասես, որ Արթուր Ղեւոնդյանն է կրակել, հետո պատմությունը պատմեց, ես էլ նույն ձեւ ասացի քննչականում»,- ասաց Սիմոնյանը: Մեղադրող դատախազի մյուս հարցին՝ այդ ժամանակ Արթուր Ղեւոնդյանին ճանաչո՞ւմ էիք, Սիմոնյանը դրական պատասխան տվեց: Մյուս հարցին, թե նախքան քննիչի մոտ ցուցմունք տալը, Արթուր Ղեւոնդյանի հետ համաձայնության եկե՞լ էիք, որ Հայկ Սարգսյանի փոխարեն նրա անունն եք նշելու, Սիմոնյանը նշեց, որ չեն համաձայնեցրել:

Հարցին, բացի Հայկ Սարգսյանից, նրա ընտանիքի հարազատներից, բարեկամներից որեւէ մեկն իրեն սպառնալիք տվե՞լ է, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց:

Մեղադրող դատախազի մյուս հարցին, թե քննչականում հարցադրում կատարվե՞լ է Հայկ Սարգսյանի կողմից հրազենային վիրավորում պատճառելու վերաբերյալ, Սիմոնյանը պատասխանեց, որ իրեն նման հարցադրում չեն արել, տեղյակ չէ նաեւ՝ Արթուր Ղեւոնդյանը իր ցուցմունքում այդ հանգամանքի մասին նշել է, թե ոչ:

Այս միջադեպից հետո, ըստ Սիմոնյանի, ինքն աշխատանքի է անցել Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող «Գանձաղբյուր» ՍՊԸ-ում, այդ առաջարկն արել է Ալբերտ Աբրահամյանը, որը Սարգսյանի մորեղբայրն է:

Ըստ Դավիթ Սիմոնյանի՝ դեպքից հետո, երբ ինքը հայտնվել է հիվանդանոցում, իրեն այցելել են Հայկ եւ Նարեկ Սարգսյանները:

Մեղադրողի մյուս հարցին՝ արդյոք Հայկ Սարգսյանի հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, տեղյակ եղե՞լ է տեղի ունեցած միջադեպի մասին, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց:

Նշենք, որ Դավիթ Սիմոնյանը Հայկ Սարգսյանի դեմ հաղորդում է ներկայացրել դեպքից 11 տարի անց՝ թավշյա հեղափոխությունից հետո: Մեղադրողի հարցին, թե ի՞նչն է դրա պատճառը, Սիմոնյանը պատասխանեց. «Վատ վարվեցին եւ երկրում իրավիճակ փոխվեց»: Հարցին, թե ո՞վ է վատ վարվել, տուժողը պատասխանեց. «Ընդհանուր, Հայկ Սարգսյանը, ո՞վ պիտի վատ վարվեր»: Դատախազի հարցին՝ ի՞նչ նկատի ունի՝ վատ վարվել ասելով, Սիմոնյանը պատասխանեց. «Հենց մեկն այն, որ ամեն ինչ լավ պիտի լիներ, բայց լավ չեղավ, որ պիտի երիկամս ուղարկեին փոխպատվաստման, չուղարկեցին»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ նման խոստում տվել էր Հայկ Սարգսյանը:

Դատախազի հարցին, թե ի՞նչ կարգով է Դավիթ Սիմոնյանը իրավապահներին առաջին անգամ հայտնել վերը նշված դեպքի մասին, վերջինս պատասխանեց, որ հաղորդում է տվել հանցագործության մասին՝ իր նախաձեռնությամբ:

Դատախազի ճշտող հարցին՝ իրեն որեւէ մեկը չի՞ ստիպել, սպառնացել, կամ համոզել նման բովանդակությամբ ցուցմունք տալ, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց:

Նշենք, որ Դավիթ Սիմոնյանն անցնում է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեկ այլ գործով: Հայկ Սարգսյանի դեմ հաղորդում տալու ժամանակ թրմանյութերի գործով նա կալանավորված է եղել եւ պահվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իսկ ցուցմունքից հետո արդեն տեղափոխվել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ եւ նրա խափանման միջոցը փոխվել է եւ նա ազատ է արձակվել: Հայկ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ պաշտպանական կողմը արձանագրել է որ Դավիթ Սիմոնյանի վրա վնասվածքներ կան, ինչպես նաեւ նկատելի է եղել, որ նա մեջքի շրջանում ցավեր ունի: Այս առնչությամբ մեղադրող դատախազը տուժողից հետաքրքվեց, թե արդյոք իր վրա վնասվածք եղե՞լ է հարցաքննություններց որեւէ մեկի ժամանակ, ինչին ի պատասխան տուժողը նշեց, որ վնասվածք չի եղել, թեւերի շրջանում մոծակի կծածի հետքեր են եղել եւ այդ օրը նորմալ քնած չի եղել, մեջքն է ցավացել:

Մյուս հարցին՝ ազատության մեջ գտնվելու ընթացքում Հայկ Սարգսյանը եւ նրա հարազատները փորձե՞լ են ձեզնից պարզաբանումներ ստանալ, տուժողը բացասական պատասխան տվեց:

Հարցին, թե կրակոցից հետո ի՞նչ գործողություներ է կատարել Հայկ Սարգսյանը, Սիմոնյանը ասաց, որ նա վեր է կացել տեղից, հարցրել՝ որտեղի՞դ կպավ, հետո ձեռքով շոշափել մեջի հատվածը եւ արձանգրել, որ վնասվածքը մեջի հատվածին է կպել:

Հարցին՝ քնած ժամանակ Հայկի ձեռքին զենք կա՞ր, Դավիթ Սիմոնյանը պատասխանեց, որ չի հիշում, ապա հավելեց, որ իր հիշելով Հայկ Սարգսյանը զենքը սեղանի վրայից է վերցրել:

Հարցին, թե Հայկ Սարգսյանը թմրանյութի հետ առնչություն ունե՞ր, տուժողը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ իր ներկայությամբ չի օգտագործել: Սիմոնյանը ասաց, որ չգիտի, թե ի՞նչ նպատակով էր Հայկ Սարգսյանը կրակել իր վրա, իսկ այն հարցին՝ սպանելու դիտավորություն ունե՞ր, թե ոչ, Սիմոնյանը խորհուրդ տվեց հարցնել Հայկ Սարգսյանին:

Տուժողը նշեց, որ իր հագուստները քննիչին հանձել է, սակայն չհիշեց՝ դրանք իրեն հետ վերադարձել են, թե՝ ոչ:

Նշենք, որ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը պահանջել էր տուժողի հագուստները, որոնք, սակայն, դատարան չէր ներկայացվել՝ գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով:

Հարցին՝ արդյո՞ք Դավիթ Սիմոնյանը տեղյակ է եղել, թե ի՞նչ հանգամանքներում է Արթուր Ղեւոնդյանը հայտնել, որ ինքն է կրակել իր վրա, Սիմոնյանն ասաց, որ տեղյակ չէ, նրա հետ այդ մասին չի խոսել:

Պաշտպան Երեմ Սարգսյանը նկատեց, որ մինչ այս իր ցուցմունքում Սիմոնյանն ասել է, որ ինքը կրակոցի ժամանակ եղել է Հայկ Սարգսյանի դիմաց՝ որոշակի հեռավորության վրա: Հարցին, թե ի՞նչպես է ստացվել, որ Սարգսյանը դիմացից կրակել է, բայց հարվածը մեջքին է եղել, Սիմոնյանը պատասխանեց, որ դիմացից կրակել է, բայց գնդակը դուրս է եկել մեջքի հատվածից, դիմացի հատվածում արյունահոսություն չի եղել: Այս խոսքերի վրա Հայկ Սարգսյանը քմծիծաղ տվեց:

Սարգսյանի հարցին՝ որեւէ խոչընդոտ կա՞ր, որպեսզի Հայկ Սարգսյանը իր գլխի կամ սրտի հատվածում կրակեր, Սիմոնյանը պատասխանեց, որ հավանաբար, եթե ցանկանար գլխին կրակել, ապա կկրակեր, բայց գլխի ուղղությամբ չի պահել:

Հարցին՝ Հայկը չէ՞ր սպասում, որ կարող է գնդակը կպնել իրեն, Սիմոնյանը պատասխանեց, որ սպասում էր, պարզապես մտածել է, որ ոտքի հատվածին է կպել եւ միայն նայելուց հետո է տեսել, որ գնդակը որովայնի հատվածին է կպել: Հարցին՝ ուրախացա՞վ, տուժողը ասաց՝ ոչ:

Երեմ Սարգսյանի հարցին՝ հիվանդանոց տանելիս Հայկը անհանգստանո՞ւմ էր, տուժողը պատասխանեց, որ ինքը մեքենայի հետեւի հատվածում է եղել, Նարեկ Սարգսյանի հետ եւ չի նկատել Հայկ Սարգսյանի անհանգստությունը: Հարցին՝ ի՞նչ էր անում այդ ընթացքում Հայկ Սարգսյանը, Սիմոնյանը պատասխանեց. «Արնահոսում էի, ձեռքերով սեղմում էր, արյունը դուրս էր գալիս»:

Ճշտող հարցին՝ Հայկը ձեզ սպանելու դիտավորություն ունե՞ր, Դավիթ Սիմոնյանը պատասխանեց, որ եթե սպանելու դիտավորություն ունենար, ինչո՞ւ էր տանում հիվանդանոց: Սարգսյանի մյուս հարցին՝ տեղյա՞կ եք, որ Հայկ Սարգսյանին սպանության փորձի մեղադրանք է առաջադրված, Սիմոնյանն ասաց, որ տեղյակ է, բայց իրավապահները պետք է որոշեն, թե ինչ որակում տալ նրա արարքին, ամեն դեպքում, ինքն իր ցուցմունքում նշել է այն հանգամանքների մասին, որ իրեն հիվանդանոց է տարել Հայկ Սարգսյանը եւ եթե սպանելու լիներ, ապա կսպաներ:

Երեմ Սարգսյանը հետաքրքվեց, թե արդյոք Հայկ Սարգսյանը դեպքից մի քանի օր անց՝ Սիմոնյանի ծննդյան օրը, նրան այցելել է հիվանդանոց, Սիմոնյանը դրական պատասխան տվեց. «Տորթ բերեցին, շնորհավորեցին»,- ասաց նա: Հարցին՝ իսկ դրանից առաջ եկե՞լ էր, Սիմոնյանը պատասխանեց, որ դրանից առաջ ինքը գիտակցություն չի ունեցել, գուցե եղել է, բայց ինքը չի տեսել: Երեմ Սարգսյանի հարցին՝ եթե Հայկ Սարգսյանը խնդրեր Սիմոնյանին տալ այդ բովանդակությամբ ցուցմունք, որը տվել է, նա կհամաձայնե՞ր անել, Սիմոնյանը պատասխանեց, որ եթե խնդրեր, դժվար Արթուրի անունը տար: Հարցին՝ մինչեւ սպառնալը, Հայկ Սարգսյանը փորձե՞լ է խնդրել այն բովանդակությամբ ցուցմունք տալ, որը տվել է, թե՞ միանգամից սպառնացել է, Սիմոնյանը պատասխանեց, որ միանգամից սպառնացել է: Հարցին՝ տորթը բերելուց առա՞ջ թե՝ հետո, Սիմոնյանը ծիծաղելով պատասխանեց, որ չգիտի, որոշ ժամանակ է անցել: Ապա պաշտպանը հետաքրքվեց, թե այնուամենայնիվ, հարցրե՞լ է՝ ինչու Սարգսյանը կրակեց, Սիմոնյանը ասաց, որ հարցրել է եւ նա պատասխանել է. «Խելոք չպահեցիր, դրա համար»:

Դավիթ Սիմոնյանի դատական եւ նախաքննական ցուցմունքներում էական հակասություններ կային, ուստի, դատարանը որոշեց հրապարակել այն:

Նյութի աղբյուր՝ armtimes.com

դիտվել է 15066 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

«Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ… Ամեն ինչ դեռ առջևում է». Լևոն Քոչարյան

Հայտնի գործարարներն՝ իրենց հաջողության մասին. Բիզնես Ելակետ

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար