Երևան
21 / Օգոստոս / 2019

Ինքս մշակույթի ոլորտի ներկայացուցիչ եմ և գիտեմ` ինչքան կդատափետեն ինձ այս խոսքերիս համար. Հրաչյա Հակոբյան

Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցներից մեկը գաղտնազերծեց մի տեղեկանք-փաստաթուղթ, ըստ որը՝ Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք կազմակերպություններ պետք է լուծարվեն կամ էլ վերակազմավորվեն իրենց ենթակայության ներքո գտնվող մի շարք կազմակերպությունների: Տեղեկացնենք, որ ցանկում տեղ են գտել «Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն»-ը, «Հայաստանի երգի պետական թատրոն»-ը, «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն»-ը, «Երևանի խամաճիկների պետական թատրոն»-ը, «Երևանի կամերային պետական թատրոն»-ը, «Պետական կամերային երաժշտական թատրոն»-ը, «Կոմիտասի անվան ազգային քառյակ»-ը և այլն:

Խնդրի շուրջ HayDzayn-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

-Մշակույթի գործիչները անակնկալի են եկել Մշակույթի նախարարության թաքուն գործելաոճից, իսկ բացահայտված փաստաթուղթը արվեստագետներին արդարացիորեն անհանգստացրել է: Իզուր չէ, որ մշակույթի գործիչներից ոմանք այն բնորոշեցին խայտառակություն: Ի՞նչ ասել է՝ բյուջե չկա, եկեք կրճատենք թատրոնները. որպես մշակույթի, թատրոնի մարդ ճի՞շտ եք համարում նման մոտեցումը:

-Ես ամբողջությամբ ծանոթ չեմ Մշակույթի նախարարության առաջարկին, բայց ես այդ հարցի վերաբերյալ ունեմ իմ մոտեցումը, և ես այդ կարծիքին եմ եղել վաղուց՝ մինչև այս խոսակցությունների ծավալումը: Համոզված եմ, որ մեր նման փոքր երկրում, մեր նման փոքր բյուջե ունեցող երկրում 10 կամ ավելի պետական թատրոններ պետք չէ ունենալ: Մեր պետական թատրոնները պետք է լինեն առնվազն երեքը, և պետությունը պետք է այդ երեք թատրոնների աշխատակազմերին ապահովի բարձր աշխատավարձով՝ ռեժիսորին, դերասաններին, լուսային ու ձայնայի օպերատորներին պետք է ապահովի բարձր աշխատավարձով և նրանցից պահանջի բարձր ցուցանիշ:

Միայն այդ կերպ մենք կկարողանանք մեր մշակութային կամ թատրոնների կյանքը մի քիչ բարելավել, մի քիչ որակ ունենալ: Այլապես մենք կունենանք 10 և ավելի պետական թատրոններ, բայց բոլոր թատրոններում գրեթե կլինի այն վիճակը, ինչ վիճակ կա հիմա: Ես չեմ ասում, որ ծայրահեղ վատ վիճակում են, պարզապես, այդ բոլոր թատրոններից միայն մի քանիսում կան նոմալ, որակյալ ներկայացումներ:

-Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանին, օրինակ, վրդովվեցրել է Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի որակումները, թե Համազգային թատրոնը ստեղծվել է Սոս Սարգսյանի կուրսի հենքի վրա, ու պետք է լուծարվի: Բայց գործ ունենք մշակույթի հետ, կայացած թատրոնների լուծարումով չենք վնասո՞ւմ մեր մշակույթը:

-Ես հիմա չեմ ուզում դետալների մեջ խորանալ, ես իմ կարծիքն արդեն հայտնեցի: Չեմ ուզում առանձնացնել «Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն»-ը՝ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնից, կամ վերջինս՝ «Երևանի կամերային պետական թատրոն»-ից: Ասում եք՝ մեր մշակույթն ավելի ծանր վիճակում կհայտնվի, բայց մեր մշակույթն այս պահին արդեն ծանր վիճակում է:

-Կարծում եք, այս քաղաքականությա՞մբ թաթերական կյանքը դուրս կգա ծանր վիճակից, ելքը սա՞ է:

-Դա խնդրի երկարաժամկետ լուծման միակ ճանապարհն է: Այնպես չէ, որ եթե այս պետական թատրոնները կրճատվեն, մնան մի քանի պետական թատրոններ և մեկ տարի հետո մենք կունենանք ցնցող ներկայացումներ: Ոչ: Ուղղակի, սա այն երկարաժամկետ լուծում է, որի արդյունքում 10 կամ 20 տարի հետո մեր թատրոնների դիմաց հերթեր կգոյանան, այդ թվում ոչ միայն պետական թատրոնների, այլ բոլոր այն մասնավորների, որոնք կդիմանան մրցակցությանը և կապահովեն որակ: Այլապես, կունենանք այսօրվա պես կիսադատարկ դահլիճներ:

– Դեռևս չեմ լսել մշակույթի գեթ մեկ գործիչի խոսք, որը համակարծիք լինի և ողջունի նախարարության առաջարկը, փոխարենը, բոլորը քննադատում են, անգամ խայտառակություն որակում: Ի՞նչ կասեք այս մասին:

-Բնական է, բոլոր ռեֆորմները նաև նման դժգոհությունների տեղիք են տալիս: Այստեղ կա սուբյեկտիվ մոտեցում: Ես վստահ եմ, եթե վաղը հայտարարվի, թե ո՞ր թատրոններն են մնալու պետական և ֆինանսավորվելու բյուջեից, որոնք կունենան բարձր աշխատավարձ, ապա այդ թատրոններում աշխատող դերասանները, ռեժիսորներն այլևս նույն կերպ չեն արտահայտվի, ինչպես փակվող թատրոնների դերասանները: Դա մի քիչ մեր ազգին բնորոշ երևույթ է, մինչև խնդիրը քո դուռը չի թակում, դու չես հասկանում պահի լրջությունը: Նորից մենք բախվում ենք նույն հարցին, մենք պետական թատրոններ պահելով՝ ուղղակի ստեղծել ու պահում- պահպանում ենք աշխատատեղեր, այսինքն, դրանով մենք չենք լուծում մշակույթի խնդիր, այլ լուծում ենք X քանակով դերասանների և X քանակով ռեժիսորների աշխատանքի հարցը:

-Իսկ ի՞նչ չափանիշով պետք է ընտրվեն պետբյուջեից ֆինանսավորվող թատրոնները, ո՞րն է լինելու այն նշաձողը, որով կորոշվի, որ այս թատրոնը պետական է, մյուսը` ոչ ու պետք է լուծարվի:

– Երևի, թե ինչ -որ հանձնաժողով պետք է ստեղծվի, որը կգործի, ենթադրենք, հետևյալ մոտեցմամբ, որ մեր երկիրը պետք է ունենա Օպերայի ու բալետի թատրոն, պարտադիր պետք է ունենա մանկական մեկ թատրոն, օրինակ Հովհ. Թումանյանի անվան թատրոնը, պարտադիր պետք է ունենա Մայր թատրոն, օրինակ, Սունդուկյանի կամ Պարոնյանի անվան թատրոնները: Թող ստեղծվի մի հանձնաժողով, որն էլ կորոշի, հնարավոր է, որ պետբյուջեից ֆինանսավորվողների մեջ լինեն ոչ թե երեք, այլ չորս թատրոններ: Բայց այն, որ պետք է կրճատվի, դա իմ անձնական կարծիքն է, ինչի մասին ասել ու խոսել եմ դեռևս մեկ ու կես տարի առաջ:

-Կոմիտասի անվան ազգային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը՝ Մշակույթի նախարարության կողմից իրականացվող քայլի հետ կապված ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ասել էր. «10 ամիս է հեղափոխություն է եղել, երկրում իրավիճակ է փոխվել, բայց որևէ մեկը չի կանչում, չի հրավիրում նախարարություն, իմ ու իր նմանների կարծիքը չի հարցնում, չի ասում՝ կարո՞ղ ենք այդ առաջարկը իրականացնել»: Մշակույթի վաստակաշատ գործիչը նաև վիրավորվել է այդ վերաբերմունքից, ասում է՝ հնարավոր է, որ ինձ Մշակույթի նախարարությունում անգամ չճանաչեն»: Համաձայնեք, որ սա իսկապես, մտահոգիչ է:

-Մենք գործ ունենք սուբյեկտիվ մոտեցման հետ: Այդ մարդն ասում է՝ ոչինչ չի փոխվել, բայց կոնկրետ օրինակով ասեմ, իմ օրինագիծը բուքմեյքերական ընկերությունների գովազդների սահմանափակման մասին, ընդունելուց առաջ հանդիպեցի զլմ-ների ներկացուցիչների հետ: Հանդիպումից հետո ասացին՝ այ, հիմա հասկացանք, որ այս ամիսներին բան է փոխվել, որովհետև նախկին իշխանությունների օրոք երբեք չէր եղել նման բան, որ օրենք ընդունվելուց առաջ իրենց կարծիքը հաշվի առնվեր: Այնպես որ, մենք գործ ունենք սուբյեկտիվ կարծիքի հետ:

-Բայց կոնկրետ այս դեպքում, մշակութային կազմակերպությունների հետ կապված հարց է լուծվում, գոնե հայտնի արվեստագետներին պե՞տք էր հրավիրել, կարծիք հարցնել:

-Կներեք, բայց նախարարությունն այդ որոշումը չի ընդունել, չէ՞:

-Բայց նախարարության ներսում արդեն նման առաջարկ է շրջանառվում, կնշանակի կա այդպիսի որոշում ընդունելու նպատակ: Հետևաբար, հարկավոր է հարգել ու լսել մշակույթի վաստակաշատ գործիչների խոսքը, ինչպես ասում է Էդուարդ Թադևոսյանը՝ «գոնե տեղյակ պահեն, գոնե հարցնեն՝ այսպիսի մտադրություն կա, ո՞նց եք դուք դրան վերաբերվում»:

-Շատ ներողություն, ինչո՞ւ իրենք չեն նախաձեռնում այդ հանդիպումը: Նույն, ձեր մատնանշած անձը, ինչո՞ւ ինքը չի նախաձեռնում:

-Առաջարկի հեղինակը Մշակութի նախարարությանն է, ուրեմն վերջինս էլ պարտավոր է լսել մշակույթի գործիչներին:

-Թող հավաքվեն, քննարկեն: Կներեք, ես էլ եմ առաջարկ արել իմ ներկայացրած օրինագծի հետ կապված և բուքմեյքերական ընկերությունների տերերը, առանց իմ հրավերին սպասելու, ցանկություն հայտնեցին հանդիպել ինձ հետ ու քննարկել հարցը, և ես հանդիպեցի ու քննարկեցի: Իսկ զլմ-ների ներկայացուցիչներին ես եմ հրավիրել: Հիմա, եթե կա նման մտավախություն, թող հավաքվեն 10 թատրոններով, 10 հեղինակավոր մարդկանցով, ոնց որ իրենք են նշում, թե հեղինակավոր մարդիկ են, ես չեմ կասկածի տակ դնում իրենց հեղինակությունը, թող հավաքվեն 20 հոգով ու հրավիրեն նախարարության պատասխանատուին, ասեն՝ եկեք մեզ հետ այդ հարցը քննարկենք:

-Եկեք մենք էլ հասկանանք մի պարզ բան. Մշակույթի նախարարությունն ինքն է առաջարկի տերը, ինքն է նպատակ դրել իրականացնել մշակութային ՊՕԱԿ-ների լուծարումը, ինչից տարօրինակորեն անտեղյակ են եղել մշակույթի գործիչները, ցանկը պատահականորեն է գաղտնազերծվեց, և քանի որ արդեն նպատակը գաղտնազերծված է, խնդիրը հանրայնացված, ուրեմն նախարարությունն էլ պարտավոր է ընդառաջ գնալ՝ հրավիրել ու լսել հայտնի արվեստագետներին, ի վերջո, հարգել մշակույթի մարդկանց:

-Դա է վատը, որ իրենք ուզում են տեղները նստեն ու իրենց փոխարեն ամեն ինչ լուծվի: Արվեստագետները երկար տարիներ աշխատել են 35 0000 դրամ աշխատավարձով և որևէ մեկը չի բողոքել այս երկրից: Հիմա աշխատում են 60 000-ով…

Ինքս այդ ոլորտի ներկայացուցիչ եմ և գիտեմ ինչքան կդատափետեն ինձ այս խոսքերիս համար, բայց պետք է ասեմ, որ արվեստագետները, ի տարբերություն այլ ոլորտների ներկայացուցիչների` հանդուրժող են: Ինքներդ ասացիք, թե հարցը քննակվել է նախարարության ներսում ու եղել է «ուտեչկա»: Հիմա մենք ի՞նչ գիտենք քննարկման արդյունքը: Թող իրենք իրենց ներսում քննակումը ավարտեն, հետո հրավիրեն ու իրենց վերջնական եզրակացությունը ներկայացնեն արվեստագետների խմբին, գուցե նաև որոշ կետեր փոխվեն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 17834 անգամ

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին