Երևան
25 / Մայիս / 2019

Այդ մասնագիտությունը ինձ վրա հոգեբանական խորը վերք թողեց. Մեգգի Գրիգորյան

Yelaket.am\ Ելակետ լրատվական-ի զրուցակիցն է ամերիկաբնակ դերասանուհի Մեգգի Գրիգորյանը,ում հետ զրուցեցինք օտար երկրում նոր կյանք սկսելու, սերիալներում նկարահանվելու և անփոխարինելի լինելու մասին:

 -Ինչու՞ մեկնեցիք ԱՄՆ:

-Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելուս պատճառը նոր բացահայտումներ կատարելն էր: Երևի այնպիսի տարիքում էի, երբ ցանկանում էի ինքնուրույն դառնալ,աշխարհին նայել առավել լայնածավալ բացված աչքերով:Հետաքրքրությունս խեղդում էր իմանալու,թե ինչպիսի՞ն է Ամերիկայի Միացյալ Նահանգները,քանզի եղել էի բազմաթիվ երկրներում,իսկ այս մեկը ևս բաց թողնել չէի ցանկանում:

-Դժվար չէ՞ր օտար երկրում նոր կյանք սկսելը:

-Նոր կյանք սկսելը միշտ է դժվար թվում,սակայն անչափ կարևոր է՝ ինչպես ես դրան տրամադրվում և ինչպիսի նպատակներ ես դնում քո առաջ: Երբևէ չէի մտածի,որ կսիրահարվեմ այս երկրին և ցանկություն կունենամ մնալ և ինքնուրույն նոր կյանք սկսել:

-Ի՞նչն է ամենաշատը Ձեզ գրավում Ամերիկայում:

-Միշտ դժվարացել եմ այս հարցին պատասխանել:Այս երկիրը ֆենոմենալ ձգողական ուժ ունի,որն անբացատրելիորեն ձգում է մարդկանց,ավելի ճիշտ՝ նպատակասլաց և աշխատասեր մարդկանց, ովքեր ցանկություն ունեն սովորելու,աշխատելու և ստեղծելու:

Սիրում եմ այս երկրի անսահման հնարավորությունների բաց դռները բոլորի առաջ,սիրում եմ հատկապես Լոս Անջելեսի եղանակը և , իհարկե, այն օրենքները, որոնք պարզապես գրված չեն թղթի վրա,այլ բոլորին ստիպում են ենթարկվել դրանց:

Ուղիղ տասը տարի է՝ բնակվում եմ Նահանգներում և չեմ դադարում զարմանալ իր էներգետիկայի վրա ևս,որը քեզ ստիպում է անընդհատ նորովի կայանալ:

-Ի՞նչ տվեց Ձեզ սերիալներում նկարահանվելը:

-Ես հեռուստատեսությունում եմ արդեն տասնչորս տարի,սակայն միշտ հանդես եմ եկել որպես հաղորդավարուհի,իսկ սերիալներում հայտնվել եմ շատ պատահական և կարող եմ ասել նույնիսկ ոչ իմ բաղձալի ցանկությամբ:Ինչ խոսք,այն ինձ տվեց դերասանի մասնագիտությանն առավել մոտիկից ծանոթանալու հնարավորություն,ճանաչում և բազմաթիվ ընկերներ:

-Ըստ Ձեզ՝ ինչի՞ց է կազմված աշխարհը:

-Հետաքրքիր հարց է: Ըստ իս՝ աշխարհը կառուցված է նախ անբացատրելի մի հզոր էներգիայից,որի ուժը մեզ ստիպում է ապրել,դարձնում այնպիսին,ինչպիսին մենք կանք՝ նայած ով ինչպես է ընկալում և զգում այդ էներգիան:Երբ մեզնից յուրաքանչյուրն ունակ լինի իր միջից ճշգրիտ կերպով փոխանցել այդ էներգիան և ընդունել,կարծում եմ ՝ աշխարհն առավել գեղեցիկ և ներդաշնակ կլինի:

-Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի մարդը,որպեսզի անփոխարինելի լինի:

-Ինձ համար անփոխարինելի միայն իմ ընտանիքն է:Մնացած մարդիկ, ցավոք, բայց միշտ փոխարինելի են:Իսկ եթե ավելի գլոբալ մոտենամ հարցին,ապա չկան կոնկրետ հատկություններ,որոնց համար մարդ կարող է անփոխարինելի դառնալ ինձ համար:Իմ մոտեցումն այս հարցին մի փոքր այլ է:Ինձ համար յուրաքանչյուր տեսակի շփման մեջ կա քիմիա՝ լինի դա անձնական,գործնական,թե ընկերական:Եթե այդ քիմիան ուժեղ է և կարողանում է նմանատիպ հատկություններով օժտված մարդկանց ամուր թելերով կապել իրար, ապա հնարավոր է, որ հենց այդ մարդիկ դառնան իրար համար անփոխարինելի:

-Միշտ ասու՞մ եք այն, ինչ զգում եք, և անու՞մ եք այն, ինչ մտածում եք:

-Ցավոք սրտի՝ոչ: Ասում եմ ՝ ցավոք սրտի,քանի որ այդ հատկանիշներից զերծ մնալն ինձ շատ է խանգարել և խանգարում կյանքում:Ոչ միշտ եմ ասում այն, ինչ մտածում եմ, և անում այն,ինչ ցանկանում եմ:Ցանկություններս և կարծիքս արտահայտելու հարցում անչափ զուսպ եմ, միշտ վախենում եմ դիմացինին չցավեցնելու մասին:

Եթե խոսում ենք մարդկային փոխհարաբերությունների մասին,ապա վախենում եմ ասածս կամ կարծիքս սխալ ընկալվի կամ կոնֆլիկտային իրավիճակ ստեղծի:Ոչ բոլորը կարող են ասածդ ճիշտ ընդունել, նույնիսկ, եթե այն շատ տեղին է և կարող է օգտակար լինել դիմացինիդ համար:Իսկ անել այն,ինչ ուզում ես՝հաշվի չառնելով ոչինչ և ոչ ոքի,ինձ համար նշանակում է լինել էգոիստ,պրիմիտիվ և թեթևամիտ:

Այս կյանքին հարկավոր է ավելի խորը նայել, և չտրվել անմիտ ցանկություններին և քայլերին:Եղել են դեպքեր իմ կյանքում,երբ ստիպված եմ եղել հրաժարվել կյանքի այն քայլերից,որոնք իրականում սիրտս ցանկացել է կատարել:Սակայն, երբ ավելի սթափ եմ փորձում մտածել,հասկանում եմ,որ հիմա չեմ զղջում չանելուս համար:


-ԱՄՆ-ում աշխատել եք հոգեկան և էմոցիոնալ խնդիրներ ունեցող մարդկանց հետ: Նույն աշխատանքը կկատարեի՞ք հայրենիքում:


-Ճիշտ եք: Այստեղ գրեթե երեք տարի աշխատել եմ աուտիզմ ունեցող,ինչպես նաև հոգեկան խնդիրներ ունեցող երեխաների և մեծահասակների հետ:Երեխաներն իմ թույլ տեղն են,այդ իսկ պատճառով՝ վստահաբար կարող եմ ասել,որ գործնական առումով դրանք իմ կյանքի ամենադաժան երեք տարիներն էին:Իհարկե,հաճելի էր օգնել մարդկանց,սական ոչ այն մարդու պարագայում,ով սրտից և խղճից շատ թույլ է:Իմ կարիքը ծայրահեղ ունենալու դեպքում , իհարկե, կաշխատեմ,իսկ հակառակ դեպքում ՝ կնախընտրեմ չանդրադառնալ այդ մասնագիտությանը,որն ինձ վրա հոգեբանական խորը վերք թողեց:

-Սերը պատրա՞նք է:

-Սերը կյանք է:Սերն առ ամեն ինչ:Ես չեմ սիրում խոսել սիրո մասին:Նրա մասին չի կարելի խոսել,այն պետք է զգալ և ապրել:Ցավոք,ոչ բոլորն են ունակ զգալ այն,իսկ բոլոր նրանք,ովքեր զգացել են կամ զգում են,անպայման ինձ կհասկանան:Նա,ով փորձում է նկարագրել կամ որակավորել սերը,ապա սիրել չգիտի:

-Արդյոք սիրո բառերը միշտ միանման են:

-Մեզնից յուրաքանչյուրը սիրում է յուրովի,ըստ այդմ՝ բառերն ու արտահայտման ձևերն էլ յուրահատուկ են յուրաքանչյուրիս մոտ: Ինչ խոսք, կան սիրո արտահայտություններ, որոնք շատերի մոտ կրկնվում են, բայց կարծում եմ,որ առավել խորը և ինքնատիպ մարդկանց մոտ սերը արտահայտվում է ոչ թե ամպագոռգոռ և միայն օդում թռչող սիրո արտահայտություններով, այլ արարքներով և էմոցիաներով:Ինչ խոսք,ինչպես ասում են՝ կանայք ականջներով են սիրում և երբեմն ունենում են այդ խոսքերի կարիքը, և դրանք լսելու դեպքում էլ հասկանում են,որ դրանք տարբեր են և յուրահատուկ:

-Կինոյում սերը բուռն էմոցիաներ է արթնացնում,իսկ կյանքու՞մ...


-Կյանքում այն առավել գեղեցիկ է և էմոցիոնալ:Չէ՞ որ այն իրական է:Չնայած որ յուրաքանչյուր ֆիլմում նկարագրված սեր վերցված է կյանքից:Հավատացեք՝ կյանքում ամեն ինչն է առավել գեղեցիկ,քան ֆիլմերում և հեքիաթներում:Մեր կյանքը մի մեծ հեքիաթ է,որի հեղինակը մենք ենք:Ընտրեք էմոցիոնալ սիրո գույնը և կտեսնեք,թե կյանքն ինչքա՜ն հեքիաթային է:

-Ի՞նչ է փնտրում Մեգգի Գրիգորյանը:

-Մեգգի Գրիգորյանը անդադար փնտրտուքների մեջ է:Ես չեմ սիրում կանգնել նույն տեղում և բավարարվել նրանով,ինչ ունեմ:Միացյալ Նահանգներում մնալուս պատճառներից մեկն էլ հենց դա էր,փնտրել-գտնել,փորձել-հաջողել,աճել,աճել և էլի աճել:Խոսքս կյանքի յուրաքանչյուր բնագավառի մասին է:Գործնական առումով կարծես հիմա ամեն ինչ ստաբիլ է և խոստումնալից,իսկ անձնական կյանքում Մեգգին փնտրում է երջանկություն,ընտանեկան ջերմություն և եթե հասցնեմ՝ լիքը բալիկներ...

Պատրաստեց Նարինե Պետրոսյանը

 

դիտվել է 14833 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

ԳՆԱՀԱՏԵԼ, ՈՉ ԹԵ ԳՆՀԱՏԵԼ

Տեսանյութ.Ինչ արժե Ծառուկյանների տան վարագույրը

Տեսանյութ. Լիլի Մորտոն լքում է «Women՛s club»-ը

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար