Երևան
14 / Հոկտեմբեր / 2019

Վտանգ է հայտարարվել. ինչ է սպառնում Արցախին

Lragir.am-ը գրել է․ Արցախի գլխին կախված է աբխազացման վտանգ, հայտարարել է Սասնա ծռեր կուսակցության առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը: Ըստ նրա, դա նշանակում է, որ Արցախը կարող է անցնել ռուսական ազդեցության ներքո, ինչպես Աբխազիան կամ Հարավային Օսիան:


Չնայած այդօրինակ վտանգի մասին հայտարարելու կոնկրետ պատճառների, հիմքերի, վտանգի աղբյուրի մասին հստակեցումներ ստանալու Ազատություն ռադիոկայանի թղթակցի բոլոր ջանքերին, Սասնա ծռերի առաջնորդը այդպես էլ չի ներկայացրել գեթ մեկը, թեեւ հայտարարել է, որ առաջիկայում «կբացեն փակագծերը»:

Սասնա ծռերը Արցախի «աբխազականացման» վտանգը կանխելու համար հայտարարել են Հայաստանին մարզի կարգավիճակով միավորելու գործընթացի մեկնարկ: Դարձյալ չի մանրամասնվել, թե ինչ է ենթադրելու գործընթացն ամբողջությամբ:

Արցախի «աբխազականացման» վտանգի մասին Ժիրայր Սէֆիլյանը հայտարարում է այն ժամանակ, երբ Հայաստանի վարչապետն էլ հայտարարել է Արցախի սուբյեկտության բարձրացման պետական քաղաքականության մասին, որի շրջանակում Երեւանը հայտարարում է, որ բանակցային գործընթացում Արցախը պետք է լինի լիարժեք մասնակից կողմ, ինչպես նախատեսված է Մինսկի խմբի հիմնարար փաստաթղթերով:

Ստացվում է, որ Սասնա ծռերը սկսում են լիովին հակառակն անելու գործընթաց: Այսինքն, ոչ թե հակառակ դիրքորոշում են արտահայտում, այլ հայտարարում են հակառակն անելու գործընթացի մեկնարկ, միաժամանակ չներկայացնելով «աբխազականացման» վտանգները:


Արդյոք Արցախի սուբյեկտության մասին խոսելը, դրա բարձրացմանն ուղղված քաղաքականությունն են այդպիսի վտանգ համարում, արդյոք Երեւանի քաղաքականությունն են այդպիսի վտանգ համարում:

Թե՞ այդպիսի վտանգ են համարում օրինակ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունները, որոնցում նա խոսում է Արցախը ռուսական մանդատի ներքո դնելու անհրաժեշտության մասին, նշելով, թե այլ կերպ հարցի լուծում չկա:

Ժիրայր Սէֆիլյանը ժամանակին սերտ գործակցել է Սամվել Բաբայանի հետ: Այժմ նրա հայտարարությունները համարու՞մ է Արցախի «աբխազականացման» վտանգ: Բաբայանն ի դեպ ծրագրում է մասնակցել Արցախի 2020 թվականի նախագահի ընտրությանը, թեեւ չունի դրա իրավական հիմքը, քանի որ հաշվառված է Հայաստանում:

Ժիրայր Սէֆիլյանն ի դեպ համարում է, որ դա կեղծ բաժանում է եւ արցախցիները պետք է ունենան Հայաստանում քվեարկելու հնարավորություն, իսկ Հայաստանում հաշվառվածներն էլ՝ Արցախում:

Մարտի 12-ին Արցախում հնչեց Նիկոլ Փաշինյանի ելույթը, որը գործնականում դնում է արցախյան հարցում հայկական նոր ռազմավարության հիմք:


Երեւանը գործնականում հայտարարեց մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու մասին, աշխարհքաղաքական ուժային կենտրոններին առաջարկելով երկխոսություն նոր սկզբունքների շուրջ:

Երևանը դա արեց այնպիսի ձեւակերպումներով, որքան հնարավոր եւ անհրաժեշտ էր մի փակուղային իրավիճակից դուրս գալով միանգամից այլ փակուղի չստեղծելու համար: Զուգահեռ, թավշյա հեղափոխությունից հետո ստեղծվում է սկզբունքորեն նոր իրավիճակ, եւ դրանում առանցքայինը հենց Արցախի սուբյեկտության հարցադրումն է:

Դրան զուգահեռ փաստորեն Հայաստանում հայտարարվում է լիովին հակառակ գործընթացի մասին:

Իհարկե դա հայտարարում է ուժ, որը խորհրդարանի դեկտեմբերի 9-ի ընտրությանը հավաքել է 1 տոկոսից փոքր ինչ ավելի ձայն, սակայն հաշվի առնելով Հայաստանում նախկին իշխող համակարգի այսպես ասած «պարտիզանական» գործողության տրամաբանությունը, ամենափոքր նախաձեռնությունն անգամ՝ օրինակ 3-4 սրճարանի ապամոնտաժումը, կարող է վերածվել քաղաքական մեծ աղմուկի եւ իրարանցման:

Բայց, մի բան է, երբ դրա «կենտրոնը» կամ «էպիկենտրոնն» Օպերայի հարակից տարածքն է, մեկ այլ բան, երբ խոսքն Արցախի մասին է: Այստեղ շրջադարձային մարտի 12-ից հետո որեւէ աղմուկ աշխատելու է բացառապես Հայաստանի դեմ, անգամ եթե արվում է Հայաստանին եւ Արցախին օգնելու ամենաանկեղծ մղումներով:

Ավելին, սովորաբար այդպիսի աղմուկները կառուցվում են հենց տարբեր մարդկանց անկեղծ մղումներն օգտագործելով ու շահարկելով, ինչպես գուցե 2016-ի հուլիսին, երբ Հայաստանում առաջացած սուր եւ վտանգավոր ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ Վիեննայի օրակարգից Երեւանին «կտրելու» հարցում:

Իհարկե, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանն ունի շոշափելի լեգիտիմություն եւ դիմադրունակ է այդօրինակ մարտահրավերների առումով, լինի սուր ճգնաժամ, թե պարզապես քաղաքական աղմուկ: Բայց նստվածքից խուսափել չի ստացվի: Իսկ ու՞մ է դա անհրաժեշտ:

դիտվել է 30409 անգամ

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Տեսանյութ. ՀՀ-ում 40 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը