Երևան
20 / Հուլիս / 2019

«Հայաստանում 100%-ով վարկ կա՞». Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վարկերի իրական տոկոսներին և հարցադրում արեց՝ ինչո՞ւ չեն կարողանում արձանագրել իրական տոկոսները: Ըստ նրա՝ երբ քաղաքացին վարկ է վերցնում, ի վերջո, ի՞նչ ծախսեր պետք է անի արդեն իսկ ստացված վարկերից, և որքանո՞վ է դա տրամաբանական:


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկացրեց, որ նախկինում ընդունվել է սպառողական վարկավորման մասին օրենք, որն ամբողջությամբ պաշտպանում է քաղաքացիների շահերը: Ըստ նրա՝ մինչև 10 մլն վարկերի դեպքում ֆինանսական կառույցը պարտավոր է բոլոր տիպի վճարները ներառել տոկոսի մեջ և ներկայացնել քաղաքացուն, և նույն դրույքները մտցրել են նաև հիպոթեքային վարկի մեջ:

Վարչապետը հետաքրքրվեց՝ հնարավոր չի՞ այդ ծախսերը ներառել տոկոսում և հայտարարությունն այդպես տալ, որպեսզի նաև կառավարությունը հստակ պատկերացում ունենա շուկայի մասին, իսկ այսօրվա թվերն իրականությունը չեն արտացոլում:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցրեց, որ իրենց հայտարարությունները վարկավորումների վերաբերյալ համապատասխանում են իրականությանը, իսկ խնդիրը վերաբերում է մանր սպառողական վարկերին, որտեղ կոմիսիոն գումարը մեծ ազդեցություն է ունենում, բայց ԿԲ-ն ունի զսպման գործիքներ:


«Տենց չի, որ բանկերը հիպոթեքային տոկոսադրույքներն իջեցրել են, փոխարենը՝ կոմիսիոն վճար են վերցնում: Բացարձակ չկա նման բան»,- վստահեցրեց Գրիգորյանը՝ նշելով, որ 50 հազար կոմիսիոն վճարը տոկոսադրույքի վրա կարող է ազդել միայն 500 հազարանոց վարկերի դեպքում, իսկ խոշոր վարկերի մեջ նման իրավիճակ ի հայտ չի գալիս:

«Կներեք, մենք 500 հազար դրամանոց վարկ ունենք, որի համար պետք է 50 հազար կոմիսիոն վճա՞ր մուծեն»,- զարմացավ վարչապետը՝ հավելելով, որ իր հանդիպումների ժամանակ գյուղացիները հենց նման վիճակ են նկարագրել: Նրա խոսքով՝ եթե 500 հազար դրամ վարկի համար պահանջում են 50 հազար կոմիսիոն վճար, նշանակում է՝ հենց սկզբից վարկի 10%-ը նրա ձեռքից վերցնել. «Ինչը նշանակում է, որ մենք ըստ էության նրան հենց սկզբից դնում ենք վատ դրության մեջ»:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն օրինակ ներկայացրեց, որ ավտոմեքենայի ձեռքբերման համար վարկ է տրվել 2.3 մլն դրամ, ամսական վճարների ժամանակացույցով վարկի սպասարկման գումարը միշտ գերազանցում է տոկոսադրույքի վճարին՝ համապատասխանաբար՝ 43 հազար և 25 հազար դրամ: Նրա խոսքով՝ փաստացի տոկոսադրույքը նշվում է, բայց երբեմն փոքր վարկերի դեպքում այն գերազանցում է 40-50%-ը, և փոքր գումարների դեպքում վարկառուների բեռն ավելի ծանր է: Նա առաջարկեց վերին շեմ սահմանել սպասարկման գումարի համար:

Ա.Ջավադյանի խոսքով՝ բոլոր պայմանագրերում այս բոլոր ծախսերը նշվում են, անգամ ՀՀ-ի արտաքին վարկավորման պայմանագրերում:

«Լավ, նշվում է, իմանում ենք, որ մեր գյուղացու վարկը 50% է, դրանից մենք չենք մխիթարվում»,- ասաց Փաշինյանը:

Ջավադյանը վստահեցրեց, որ գյուղացիական վարկերը 24%-ը չեն գերազանցում:

«Լավ, հարց է ծագում՝ գյուղացին ի՞նչ պետք ա անի, որ 24% վարկ փակի»,- կրկին հարցադրում արեց վարչապետը:

ԿԲ նախագահի խոսքով՝ վարկառուներն ամեն ինչից լավ տեղյակ են: Նա նկատեց, որ լոմբարդներում ու այլ տեսակի ֆինանսական կառույցներում տոկոսն անհամեմատ բարձր է՝ անգամ 100% և ավելի.

«Դրա համար բոլորը խոսում են, որ լոմբարդները փոքր ու միջին բիզնեսի ձև չեն: Անցած տարի 129 լոմբարդ 140 մլն հարկ է տվել՝ աշխատելով էդ տոկոսներով, 17 բանկ՝ 49 մլրդ: Պատկերացնո՞ւմ եք: Բոլորն ասում են, թե պետք է պաշտպանել փոքր ու միջին բիզնեսի շահերը: Դրա միջին և փոքր բիզնեսը ո՞րն ա: Ֆինանսական կառույցը չի կարող լինել միջին և փոքր բիզնես»:

«Հայաստանում 100%-ով վարկ կա՞»,- զարմացավ Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ մամուլից այնպիսի տպավորություն ունի, որ կառավարությունն ընկել է խեղճ ու կրակ լոմբարդների հետևից:

Մ.Գրիգորյանը նշեց, որ լոմբարդների հետ խնդիր կա, ու վաղը նորից հանդիպելու են նրանց հետ: Նրա խոսքով՝ սա վաշխառություն չի, շուկա է, ու, եթե անձը վատ վարկային պատմություն ունի, պետք է բարձր տոկոսով վարկ վերցնի, եթե լավ վարկային պատմություն ունի, կարող է բանկից վերցնել, և պետք է շուկային շատ չմիջամտել:

Ն.Փաշինյանն արձանագրեց, որ նաև ֆինանսական գրագիտության խնդիր կա, և ամեն մարդ ինքն է պատասխանատու իր գործունեության հետևանքների համար. «Մարդն իր արարքներից առաջ չի մտածել իր երեխաների մասին, մեկի, մյուսի մասին, և հիմա փորձ է արվում իր կատարած արարքի պատասխանատվությունը դնել որևէ ուրիշի վրա՝ հարևանի, կառավարության: Սա այն գիտակցական ամենակարևոր փոփոխություններից մեկն է, որ պետք է ունենանք՝ մեզնից յուրաքանչյուրն անձամբ ինքն է պատասխանատու իր որևէ գործողության և դրա հետևանքների մասին»:

https://168.am/2019/03/21/1097797.html 

դիտվել է 6518 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպե՞ս ընտրել լավ ձմերուկ

Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է