Երևան
24 / Ապրիլ / 2019

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ էության, դեմարշ էր նախագահի հասցեին»

«Իրատես» թերթը գրում է. «Ինտերնետ հարթակներում եւ սոցիալական ցանցերում վերջին շրջանում բավականին ակտիվացել է հարցումների ինստիտուտը։ Հարցախույզերի հիմնական թեման հետեւյալն է՝ որքանով է հասարակությունը գոհ թավշյա հեղափոխության արդյունքներից։ Ակնհայտ է, որ նման հարցումները կատարվում են որոշակի ուղղորդմամբ։


Եվ նույնաբովանդակ տարբեր հարցումները գրեթե նույն արդյունքն են գրանցում. հարցվածների մոտ 40 տոկոսը հիասթափված է թավշյա հեղափոխությունից, նոր կառավարության գործունեությունից։ Հեղափոխական էյֆորիան գրեթե վերացել է։

Բոլոր իշխանությունների օրոք էլ ուշ թե շուտ ծագում է՝ «եթե ոչ այս իշխանությունը, ապա էլ ո՞վ» հարցը։ Ըստ էության առաջանում է պահանջարկ, եւ քաղաքականության մեջ նույնպես, շուկայական օրենքների համաձայն, պետք է լինի նաեւ համարժեք առաջարկ։

Ըստ էության, ՀՀ վարչապետը փորձում է պահանջարկի-առաջարկի ձեւավորման պայմաններում ստեղծել իր հակաքայլը։ Այդ հակաքայլը շատ կանխատեսելի եւ ավանդական է։ Փաշինյանն ու նրա թիմը փորձում են ներկայացնել, որ այլընտրանք կոչվածը եւ ընդդիմությունը նույն հակահեղափոխությունն է կամ հին ռեժիմը՝ ռեւանշի ձգտող Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմով։


Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ իրական այլընտրանքներ կարող են ծագել բոլորովին այլ տեղից։ Դրանով է թերեւս պայմանավորված, որ վերջին շրջանում բավականին սառն են հարաբերությունները վարչապետի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջեւ։

Արմեն Սարգսյանի աճող վարկանիշի եւ հնարավոր այլընտրանք ընկալվելու տիրույթում պետք է դիտարկել վարչապետ-նախագահ ակնհայտ հակամարտությունն ու մրցակցությունը։

Վերջին օրերին մենք ականատես եղանք բացահայտ երկու դրվագի։ Արմեն Սարգսյանը միայն ձեւականորեն հրավիրվեց Արցախում կայանալիք երկու երկրների անվտանգության խորհրդի նիստին։ Եվ քանզի հրավերի մեթոդոլոգիան նախագահի սրտով չէր, վերջինիս գրասենյակը պաշտոնապես հայտարարեց` քանի որ ուշ երեկոյան է ստացվել հրավերը, տեխնիկական պատճառներով այն ընդունել հնարավոր չէր։

Որպես փորձված քաղաքական գործիչ եւ դիվանագետ՝ Արմեն Սարգսյանը հրավերի այս ձեւը գուցե համարեց վիրավորանք, ոչ հարիր վերաբերմունք իր կարգավիճակին։

Վարչապետ Փաշինյանն էլ իր վերջին ասուլիսում առանձնապես չթաքցրեց, որ պրոտոկոլային որոշակի խախտումներ եղել են։ Վարչապետի կողմից ասուլիսում հնչեցված հայտարարությունը, ըստ էության, դեմարշ էր նախագահի հասցեին։

Եվ երկրորդ դրվագը, որ երեւան է հանում վարչապետի ու նախագահի միջեւ տարաձայնությունները. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու այցի ժամանակ վարչապետն ու նախագահը առանձին-առանձին ընթրիքի են հրավիրել Վպաստանի նախագահին՝ միմյանց սակայն չհրավիրելով այդ ընդունելություններին։

Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն փորձում է Արմեն Սարգսյանին իր տեղը ցույց տալ։ Այստեղ կարծես թե խաղը բաց է ընթանում։ Պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ իշխանական ուղղվածության լրատվամիջոցներում քննարկվում է նախագահի հնարավոր իմփիչմենտի հարցը խորհրդարանում, որտեղ իշխող քաղաքական ուժը ճնշող մեծամասնություն ունի։ Այդ սպառնալիքն անընդհատ կախվում է Արմեն Սարգսյանի գլխին, որպեսզի վերջինս զսպի իր եւ իր վրա խաղադրույք կատարող անձանց հնարավոր ամբիցիաները։

Նկատենք, սակայն, որ Արմեն Սարգսյանն ու նրա թիմը բավականին գրագետ են գործում։ Թե՛ PR-ի, թե՛ քաղաքական հանդիպումների տեսակետից Արմեն Սարգսյանը շատ շահեկան դիրքերում է։ Ըստ էության, նա հանդիպում է մարդկանց, ում այսօր անտեսում է Նիկոլ Փաշինյանը։ Մասնավորապես, նախագահն ընդունեց գործող կառավարության կողմից անտեսվող Լեւոն Արոնյանին։

Հավանաբար Լեւոն Արոնյանի միակ մեղքն այն է, որ շախմատի ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է։ Արմեն Սարգսյանն օրերս հանդիպում ունեցավ նաեւ լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանի տիկնոջ հետ։ Սա նույնպես որոշակի ընտրազանգվածի վրա ազդեցություն ունեցող գործոն է։

Արմեն Սարգսյանի գործունեությունը բազմավեկտոր է։ Թե՛ Բայդենի, թե՛ Ռուսաստանի հետ կապված անձանց հետ ակտիվ շփումները հուշում են, որ ՀՀ նախագահը աշխարհաքաղաքական կենտրոններին ցանկանում է հասկացնել, որ իրադարձությունների որոշակի դասավորվածության դեպքում կարող են իր վրա խաղադրույք կատարել։ Այս պարագայում հասկանալի է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի արձագանքը. նրանք որպես իրական վտանգ տեսնում են հենց Արմեն Սարգսյանին ու նրա հետ կապված հեռանկարը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 6066 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Ում հետ է նշանվել «Վիտամինի» Վանը

Ովքեր են դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի դուստրն ու նախկին կինը

Տեսանյութ.Դանիայի ամենահարուստ մարդու 3 երեխաները զոհվել են Շրի Լանկայում ահաբեկչության հետևանքով

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել