Երևան
17 / Հունիս / 2019

Կեղծիքի ու համատեղ հանցանքի վկաները

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակը Ռոբերտ Քոչարյանին մեծ արձագանք է ունեցել: Շիրխանյանը խոսում է տարբեր իրադարձությունների մասին, որոնք վերաբերում են մոտ երկու տասնամյակի վաղեմության դեպքերին, ներիշխանական հակասություններին:

Շիրխանյանի նամակի արձագանքը պայմանավորված է մի կողմից նրա՝ որպես այդ իրադարձությունների մասնակից կամ ականատես ներկայանալով, մյուս կողմից իր դերն է խաղացել Քոչարյանի հանդեպ հանրային վերաբերմունքը:

Շիրխանյանին սակայն հակադարձել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, հայտարարելով, որ նրա ասածների 99 տոկոսը սուտ է: Իր հերթին, քաղաքական գործիչ Ալբերտ Բաղդասարյանը, ով նույնպես ականատես է եղել այդ իրադարձություններին ու լավ գիտե այն տարիների ներքին անցուդարձը, նույնպես նրան մեղադրում է կեղծիքի մեջ, ակնարկելով նրա մութ անցյալը եւ ռուսական հատուկ ծառայությունների հետ կապը: «Մեռածներին վկա բերող մարդուց զզվելի ու ստոր արարած չկա», ասել է Ալբերտ Բաղդասարյանը:

Հայաստանի ոչ վաղ անցյալի պատմությունն ընդհանրապես ծածկված է խիտ մշուշով, եւ հանրությունը հաճախ տեղյակ չէ իրողություններին, կամ ունի խիստ շեղված պատկերացումներ: Խնդիրն այն է, որ վերջին տասնամյակների իրողությունները քաղաքական իշխող խմբավորումների կողմից ներկայացվել են քաղաքական կոնյունկտուրայի տրամաբանությունից ելնելով, ինչն ունեցել է հստակ նպատակ՝ պատմությունն օգտագործել ռազմական ու քրեական օլիգարխիաների կողմից պետական իշխանության ուզուրպացիայի արդարացման համար:

Հայաստանում դա է տեղի ունեցել, դա են վկայում թե Շիրխանյանի նամակը, որտեղ նա փաստացի խոստովանում է ընտրությունների կեղծման փաստն իր քաղաքական թիմի կողմից, թե Ռոբերտ Քոչարյանի գրած ինքնակենսագրական գիրքը, որում նա փաստացի իրեն է վերագրում ամեն ինչ:

Իսկ իշխանության ուզուրպացիան սկսվեց 1990-ականների սկզբին Արցախում, երբ Հայաստանի այն ժամանակվա վարչակազմի կողմից խնդիր դրվեց չեզոքացնել Արցախի առաջին լեգիտիմ իշխանությունը: ՀՀՇ-ական վարչակազմը խաղադրույքը դրեց Ռոբերտ Քոչարյանի վրա, սակայն այդպես էլ չհաջողվեց վերցնել Արցախի բարձրագույն մարմինը՝ Գերագույն խորհուրդը: Քոչարյանի դիրքերն ուժեղացնելու համար ստեղծվեց զուգահեռ կառույց՝ Պետական պաշտպանության կոմիտեն, որը գլխավորեց Ռոբերտ Քոչարյանը: Արցախ մտնող ողջ զենքը, վառելիքը, սնունդը գնում էր ՊՊԿ, եւ դա արվում էր հատուկ նպատակով: Այս գործում, ի դեպ, ակտիվ դերակատարություն ուներ նաեւ Վահան Շիրխանյանը:

Դրանից հետո, ինչպես ասում են, ալիքը գնաց: Հայաստանում իշխանության ուզուրպացիան ռազմական օլիգարխիայի կողմից տեղի ունեցավ 1995-96 թվականներին, հետո հրավիրվեց Քոչարյանը, ում օրոք իշխանությունից հեռացվեց այդ նույն ռազմական օլիգարխիան, եւ իշխանության եկավ քրեական օլիգարխիան: Այս գործընթացներն ուղեկցվեցին արյունալի իրադարձություններով, եւ ըստ էության չէին էլ կարող այլ ձեւով ընթանալ:

Ավելորդ է ասել, որ իրար դեմ ելած այս խմբավորումների «բանավեճը» ոչինչ չի տալիս հանրային-պետական կյանքի վերափոխումների տեսակետից, ավելին՝ այն հանրությանն ու պետությունը քաշում է անցյալ՝ իրենց կերտած կեղծիքի ու հանցավորության իրականություն:

Նյութի աղբյուրը՝ https://www.lragir.am/2019/03/24/428433/ 

դիտվել է 11119 անգամ

Մենք իրենց գրպանին ենք խփել, դրա համար էլ ստեղծվել է այս աժիոտաժը. Սիլվա Ադամյան

«Այսօր նորից հոսք կա, հին և նոր անդամների վերադարձ կա ՀՀԿ». Արմեն Աշոտյան

Օր առաջ պետք է վերջ դրվի «հայաստանցի»-«արցախցի» տարանջատումներին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3