Երևան
20 / Հունիս / 2019

Բաքվում տագնապած են. Ադրբեջան-Եվրամիություն համաձայնագիրը սպառնալիքի տա՞կ է

lragir.am-ը գրել է․ Ադրբեջանցի փորձագետները տագնապով գրում են, որ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը սպառնալիքի տակ է: Չնայած ԱԳ նախարարը պնդում է, որ տեքստի 90%-ը համաձայնեցված է, բայց գլխավոր հարցը բաց է մնում: Եվրամիությունը տատանվում է եւ չի ցանկանում հայտարարել, որ «Եվրամիությունը կողմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում», նշում են փորձագետները:

ԵՄ ու Հայաստանի համաձայնագրում, որն ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերին, նշվում է, որ կողմերը ճանաչում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Հայաստանի Հանրապետության հավատարմության կարեւորությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում անցկացվող բանակցությունների միջոցով հնարավորինս շուտ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը:


Նշվում է նաեւ, որ կարգավորումը պետք է հիմնվի ՄԱԿ արձանագրություններում ու Հելսինկիի Եզրափակիչ ակտում շարադրված սկզբունքների ու նպատակների վրա, մասնավորապես՝ ուժի եւ դրա կիրառման սպառնալիքից հրաժարվելու, պետությունների տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա՝ հաշվի առնելով նաեւ կարգավորմանն աջակցելու Եվրամիության պարտավորությունը:

Այլ խոսքով, եթե ԵՄ-ն Ադրբեջանի հետ համաձայնագրում նշի միայն տարածքային ամբողջականությունը, ապա ինքն իրեն կհակասի:

«Թեև պայմանագիրը երկկողմ է, բայց այն կետերում, որոնք կարող են առնչվել երրորդ կողմին, իրենք պետք է ցուցաբերեն առավելագույն հավասարակշռված և տարածաշրջանի անվտանգության շահերը հաշվի առնող որոշումներ: Խոսքը Արցախի խնդրի կարգավորման համատեքստում Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում ենթադրվող ձևակերպումների մասին է, որոնք կարող են ազդեցություն ունենալ խնդրի կարգավորման վրա: Դրանք պետք է առավելագույնս ներդաշնակված լինեն Մինսկի խմբի գործընթացի հետ»,- նշել է ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Ես հույս ունեմ, որ ԵՄ պաշտոնյաները շատ լավ գիտակցում են, որ հավասարակշռության խախտումը կբերի տարածաշրջանում ԵՄ ազդեցության, դերի եւ ընկալումների փոփոխության»,-ասել է Արման Եղոյանը:

Երեւանը փաստացի ակնարկում է, որ եթե ԵՄ-ն պաշտպանի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ չնշելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ապա տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում ԵՄ ընկալումը կարող է փոխվել:

Իրականում Բրյուսելի ընտրությունն այդքան էլ բարդ չէ, որքան թվում է: ԵՄ-ն բազմիցս նշել է, որ աջակցում է կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք սկզունքների հիման վրա: Ադրբեջանի հետ համաձայնագրում բավարար կլինի այդ դիրքորոշման արձանագրումը: Հակառակ դեպքում դժվար կլինի բացատրել Հայաստանին եւ Արցախին սեփական սկզբունքներից հրաժարվելը:

Ադրբեջանը փրփուրներից է կախվում՝ փորձելով գոնե երկկողմ փաստաթղթերում աջակցություն ստանալ իր տարածքային ամբողջականությանը: Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան հակամարտությունը մեկ շարքում դնել վրացական, ուկրաինական ու մոլդովական հակամարտությունների հետ: Բայց միջազգային կառույցները, որոնք միաշնանակ աջակցում են Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, Ադրբեջանի դեպքում նշում են, որ նրա տարածքային ամբողջականությունը վիճելի է:

Ադրբեջանն առայժմ դիվանագիտական ջանքեր է գործադրում, բայց իրականում լուռ վերացնում է հակամարտության հետեւանքները՝ կարծես համոզելով սեփական քաղաքացիներին, որ պետք է հարմարվել նոր իրողություններին: Ադրբեջանի իշխանությունները ավաններ են կառուցել փախստականների համար, եւ նրանք միայն ուրախ են դրա համար: Ավելին, մինչեւ հիմա հանրակացարաններում ապրող փախստականները հրկիզում են դրանք, որ հնարավորինս շուտ տուն ստանան նոր թաղամասերում: Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը հենց այդպես է մեկնաբանել վերջին շրջանում հաճախակի դարձած հրդեհներն այն շենքերում, որտեղ ապրում են փախստականները:

Վաղուց ժամանակն է, որ Ադրբեջանը հաշտվի նոր իրողությունների հետ ու իր քաղաքացիների հարցերը լուծվի ներկայիս «տարածքային ամբողջականության» սահմաններում:

դիտվել է 23558 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ես Ձեզ հեգնելու միտում չեմ ունեցել (տեսանյութ)

Տեսանյութ․ Գնում եմ Արդարադատության նոր նախարարին ներկայացմելու. Նիկոլ Փաշինյան

Տեսանյութ.Ադրբեջանցիները գողացել են Արա Գևորգյանի ստեղծագործությունը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է