Երևան
22 / Նոյեմբեր / 2019

Տատիս անունը Յուղաբեր էր

Թե ինչու մանկության տարիների մեծ մասը ես ոչ թե մորս մոտ, այլ տատիս մոտ անցակցրի, այս մասին գրելը երկար կլիներ: Կասեմ միայն, որ շաբաթվա մեջ հազիվ մի երկու օր հյուր գնայի մեր տուն, մնացած ժամանակը ես ապրում էի տատիս մոտ: Մայրս ինձ համար Անուշ էր, տատս՝ մայրիկ, նրանց տունը՝ մայրիկանց տուն: Քեռիս տարվա մեջ միայն ձմռան ամիսներին էր լինում տանը, մնացած ժամանակ նա գյուղ էր գնում և մի կողմից տնտեսությամբ էր զբաղվում, իսկ մյուս կողմից, ինչպես տատս էր ասում ,,դաշնակ կոմիտե էր,,...
Մայրիկանց տան այգու դռան դիմաց մի վիթխարի այգի կար կանգնած: կնստեր տատս նրա մոտ, կգործեր գուլպա և կպատմեր ինձ զանազան հեքիաթներ: Հիշում եմ, որ նրա հեքիաթներից մեկը կարողացավ ինձ լացացնել: ,,Զամբիլ-Ֆրոշ,, էր կոչվում այդ զարմանալի հեքիաթը, որի բովանդակությունը, սակայն, չեմ հիշում...

Տատս ամեն օր, օրվա մեջ մի քանի անգամ, խոստանում էր ինձ 15 տարեկան դառնալուս պես պսակել, այս ասում էր նա այնպիսի գուրգուրանքով, որ ես մի օր տատիս բավականություն պատճառելու համար ասացի, որ այս հասակիս մեջ էլ պատրաստ եմ պսակվելու , և որ կարիք չկա սպասել մինչև 15 տարեկան դառնալս:
Իմ այս ծայրահեղ անձնվիրությունը, սակայն, ոչ մի հաջողություն չունեցավ, և , ի մեծ զարմանք իմ, տատս սկսեց օգտագործել այս փաստը դրացի կանանց մոտ և ծիծաղել ու ծիծաղեցնել ինձ վրա.... Այնուհետև ես իմ առաջարկությունն այլևս չկրկնեցի հակառակ տատիս, որ նույն եռանդով շարունակում էր կրկնել.
Տասնհինգ տարեկան, որ էլավ իմ Գուրիսին կպասկեմ...

Հետաքրքիրն այն էր, որ նա իմ մասին խոսում էր երրորդ դեմքով, կարծես այդ ամենը ոչ թե անմիջորեն ինձ էր վերաբերում , այլ այդ ամենը ասում էր նա ինձ ի գիտություն, մի ուրիշ մարդու մասին:
Տատիս անունը Յուղաբեր էր: Հետագայում, երբ ես սովորեցի բարդ բառեր և նրանց կազմությունների մասին, տատիս անունը շատ անգամ վերլուծեցի, բայց ոչ մի եզրակացության չեկա: Հասակակից կանայք նրան Օղիկ էին ասում պարզապես, իսկ երիտասարդ հարսները Օղի խաթուն:
Թե ինչպես այդպես անողոք կերպով կրճատում էին նրա առանց այն էլ կրճատված անվան վերջին տառը և այդ բարեհամբյուր պառավին անգիտակցաբար վերագրում մի խելագարեցնող խմիչքի անուն , ես այդպես էլ չհասկացա:

Յուղաբերի հետ մինչև հիմա էլ չեմ հաշտվում, բայց ահա Օղիկ, լավ է ասված , իսկապես նա մի փոքրիկ փայլուն օղի էր իմ մանկան հիշողությունների շողշողուն շղթայում...
Տատս ինձ սովորեցրել էր մի քանի աղոթքներ : Բացի աղոթքներից նա գիտեր նաև կրոնական բանաստեղծություններ: Դրանցից մեկը ես հիշում եմ: Գուլպան ձեռքին , նա արագ-արագ գործում էր, տող-տող ասում յուրօրինակ եղանակով , և ես կրկնում էի.
Դու անթառամ ծաղիկ ես ,
Վարդի նման հոտով ես,
Փունջ մանուշակ ազնիվ ես,
Աստվածածին մեղա քեզ:

Այս ,,Աստվածածին մեղա քեզ,, -ը կրկնում էր բոլոր տների վերջում , երեք տող մի կերպ ծամծմում էի տատիս հետ, չորրորդին բարձրաձայն հպարտությամբ վրա էի տալիս.
Աստվածածին մեղա քեզ...
Ամառային արևը կկանգներ ուղիղ զենիթում /երբ ես դեռ փոքր էի, արևը մեծ, շատ մեծ էր/ ու մի թանձր լռություն կխտանար հենց շուրջը : Տեսար մի բզեզ թռավ , և նրա բզզոցը լսվեց օդում միլիոնավոր բզեզների բզզոցի ուժգնությամբ , կամ էլ մի թեթև հովից Այգեստանի ծառերի տերևները շրջվեցին, և լսվեց այդ ձայնը ծովի ալեկոծության պես ալիք-ալիք թավալումով:
Օրվա այդ պահերին, այգու դռանը կանգնած վիթխարի բարդին ավելի երկար էր թվում ինձ և ավելի ուղիղ: Այնժամ տատս աչքը կբարձրացներ վեր ու կասեր.
-Կեսօրվա դիվան կայնե...

Ի՜նչ բան էր այդ դիվանը , ես իսկույն չհարցրի , հիմա էլ չգիտեմ, մի միստիկական բան էր թվում ինձ այդ, մի ֆանտաստիկ տպավորություն էին թողնում ինձ վրա տատիս այդ խոսքերը, և ես չէի հարցնում, որովհետև ինձ թվում էր, որ գիտեմ դրա նշանակությունը...
Կեսօրվա դիվան կայնե...

Հատված Գուրգեն Մահարու <<ԻՄ տատը>> ստեղծագործությունից։

դիտվել է 23408 անգամ

Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում վարսահարդարմամբ զբաղվող կանանց համար անցկացվեց դասընթաց

Հովազի հետ մենամարտի բռնված անասնապահի պատմությունը

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)