Երևան
26 / Մայիս / 2019

Գնա ու կռվիր. Վարչապետը՝ Ծառուկյանին

Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի մասին աղմուկ հանած օրինագիծը, որին դեմ քվեարկեցին Լուսավոր Հայաստան եւ ԲՀԿ խմբակցությունները: ԲՀԿ-ն դեմ քվեարկեց, որովհետեւ ցեմենտի գործարանի սեփականատեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պահանջում է նաեւ ցեմենտի հումքի ներկրման մաքսատուրքի բարձրացում, իսկ Լուսավոր Հայաստանն էլ դեմ քվեարկեց, որովհետեւ օրենքը ենթադրում է տեղական արտադրողի, այսինքն այդ թվում ԲՀԿ նախագահի գործարանի համար ներկրվող ցեմենտի մաքսատուրքի բարձրացում:

Հարցը սակայն հանգուցալուծված չէ, քանի որ Իմ քայլը խմբակցության պատգամավորները նշում են, թե ցեմենտի ներկրման մաքսատուրքի բարձրացումը ժամանակավոր քայլ է, մինչ հասկանան, թե ինչպիսի քայլեր են պետք տեղական արտադրության մրցունակության հիմնարար լուծումների համար: Ընդ որում, դա ենթադրում է նաեւ հետագա քննարկում, թե արդյոք կարիք կա հարկել նաեւ կլինկերը՝ ցեմենտի հումքը:

Ակնառու է, որ զուտ տնտեսական հարցը, առանձնահատուկ քաղաքական երանգ է ստանում այն պատճառով, որ Հայաստանում խոշոր ցեմենտ արտադրող է խորհրդարանի երկրորդ ուժի խմբակցության ղեկավարը՝ Ծառուկյանը: Շահերի բախման այդ հարցը բարձրաձայնեց Էդմոն Մարուքյանը, Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդը, որի ուժը խորհրդարանում երրորդն է, բայց որը վստահ է, որ Ծառուկյանի քաղաքականությունից դուրս լինելու դեպքում Լուսավոր Հայաստանն էր լինելու երկրորդը:

Այդ կապակցությամբ, այլ առիթներով, եղել են ԼՀԿ եւ ԲՀԿ հետաքրքիր երկխոսություններ:

Միաժամանակ, Լուսավոր Հայաստանն ակնարկում է, որ ցեմենտի պատմությունն էլ Իմ քայլը-ԲՀԿ յուրօրինակ «երկխոսություն» է: Բառի բուն իմաստով երկխոսություն տեղի ունեցավ իհարկե հենց նախօրեին, երբ կառավարություն էր այցելել Գագիկ Ծառուկյանն ու մոտ 30 րոպե զրուցել վարչապետի հետ: Վարչապետի խոսնակը հետո հայտարարեց, թե եղել է բարեկամական զրույց, որի ընթացքում քննարկվել են թե ցեմենտի, թե ներդրումային այլ հարցեր, թե նաեւ խորհրդարան-կառավարություն հարաբերության շուրջ քննարկումներ:

Այդ ֆոնին, խորհրդարանում այսօր շարունակվող քննարկումն ուշագրավ էր, մասնավորապես դրանում ԲՀԿ պահվածքը: Ելույթի համար ցուցակագրվել էր գրեթե ամբողջ խմբակցությունը եւ հնչել են Իմ քայլի հանդեպ բավական ագրեսիվ ելույթներ: Միեւնույն ժամանակ, ուշագրավ էր առաջնորդի պահվածքը, որը թե լրագրողների հետ հանդիպմանը, թե խորհրդարանի իր ելույթում, մի կողմից քննադատելով մեծամասնության դիրքորոշումը, մյուս կողմից պարբերաբար առանձնացնում է վարչապետին ու նշում, որ Փաշինյանը ուզում է, որ լավ լինի ժողովրդի համար: Ծառուկյանը հայտարարեց՝ լրագրողների հետ զրույցում, որ վարչապետը իր հետ հանդիպմանն ասել է, որ թող լինի այնպես, ինչը որ լավ է ժողովրդի համար:

Գնա ու կռվիր, ըստ երեւույթին Ծառուկյանին ասել է վարչապետը, որովհետեւ ԲՀԿ պատգամավորները հայտարարում էին, որ դա այն հարցն է, որի համար կռիվ են տալու մինչեւ վերջ: Բանը սակայն այն է, թե ու՞մ դեմ է այդ կռիվը: Ակնառու է, որ ԲՀԿ կռիվը վարչապետի դեմ չէ, եւ թերեւս լինել չի կարող: Գագիկ Ծառուկյանն այլեւս ուղիղ դուրս չի գա որեւէ առաջին դեմքի դեմ, անկախ նրանից, թե ով է այդ դեմքը: Նա 2015 թվականի փետրվարին հիանալի պատկերացրեց, որ ԲՀԿ-ն այդ ուժը չէ, այն պարզ պատճառով, որ որեւէ իրավիճակում Ծառուկյանին թույլ չի տրվելու լինել ԲՀԿ առաջին դեմքից բացի այլ, այն էլ պետության առաջին դեմք:

Ու՞մ դեմ է կռիվ տալու Ծառուկյանը: Լուսավոր Հայաստանի՞, թե՞ օրինակ Ռոբերտ Քոչարյանի, որը ԲՀԿ դե ֆակտո հիմնադիրն է: Անկասկած է, որ երկրորդ նախագահը «իրավունքներ» ունի ԲՀԿ հանդեպ: Արդյոք նա Ծառուկյանի նկատմամբ ունի դրանց հետ կապված պահանջներ, այս կամ այն վարքագծի տեսքով: Եվ արդյոք ԲՀԿ նախագահը հենց այդ հարցի համար չէր, որ այցելել էր կառավարություն, Նիկոլ Փաշինյանի աջակցությունը ստանալու համար: Մյուս կողմից, ԲՀԿ հանդեպ երկրորդ նախագահի «իրավունքները» քաղաքական ասպեկտ են, որը Ծառուկյանը կարող է դիտարկել Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերության խաղաքարտ:

Բայց, թերեւս այդ հանգամանքից ելնելով է նաեւ, որ կառավարությունում Ծառուկյանին փաստացի ասվել է՝ գնա ու կռվիր, կամ դու կհաղթես Քոչարյանին քո ուժերով, կամ հարկ կլինի դուրս գալ քաղաքականությունից՝ նրա հետ դարձյալ չպարտվելու համար:

Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ-ին մղում է բաց խաղի, նրա հետեւում որեւէ մեկի թաքնվելու հնարավորությունը կամ բացառելու, կամ նվազագույնի հասցնելու համար: Ընդ որում, դա բխում է անձամբ Գագիկ Ծառուկյանի շահից, որովհետեւ նա կսխալվի, եթե իրավիճակը չափի լոկ ցեմենտի արտադրության շահերի տիրույթում:

Նյութի աղբյուրը՝ https://www.lragir.am/2019/04/19/436587/ 

դիտվել է 29631 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

ԳՆԱՀԱՏԵԼ, ՈՉ ԹԵ ԳՆՀԱՏԵԼ

Տեսանյութ.Ինչ արժե Ծառուկյանների տան վարագույրը

Տեսանյութ. Լիլի Մորտոն լքում է «Women՛s club»-ը

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար