Երևան
26 / Մայիս / 2019

Հատուկ եւ գաղտնի հյուր ԱՄՆ-ից. ինչ են խոսել Հայաստանի մասին

lragir.am-ը գրում է․ Ռուսական Կոմերսանտ պարբերականը տեղեկություն է հրապարակել, որ չհայտարարված, գաղտնի այցով Ռուսաստան է ժամանել եւ ՌԴ անվտանգության մարմինների ու ԱԳՆ պաշտոնյաների հետ քննարկումներ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ֆեոն Հիլլը, որը զբաղեցնում է եվրոպական եւ ռուսական ուղղության գործերով ավագ խորհրդականի պաշտոն ԱՄՆ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդում:

Այլ կերպ ասած, Ֆեոնա Հիլլը փաստացի Ջոն Բոլթոնի օգնականն է կամ տեղակալը, որը Սպիտակ տան պատվիրակությամբ ժամանել է Մոսկվա: Ըստ Կոմերսանտի, նրա այցը գաղտնի է պահվել ամերիկյան կողմի ցանկությամբ:

Թերթը գրում է, որ Մոսկվայում այցի ընթացքում քննարկվել է ռուս-ամերիկյան հարաբերության լարվածությունը: Կոմերսանտը նկատում է, որ Թրամփի խորհրդականի գաղտնի այցը փաստորեն առաջինն է Մյուլլերի հայտնի զեկույցի հրապարակումից հետո, որն առնչվում էր ԱՄՆ նախագահի ընտրությանը ռուսական կողմի առնչությանը:

ԱՄՆ-Ռուսաստան հարաբերության տիրույթում դա առաջին չհայտարարված, այսպես ասած գաղտնի այցը չէ: Դեռեւս 2018-ի հունվարին հայտնի դարձավ, որ ռուսական հատուկ ծառայությունների ղեկավարները միմյանց հաջորդող այցեր էին ունեցել Վաշինգտոն, որը եւս գաղտնի էր պահվել: Ընդ որում, դա ժամանակահատված էր, երբ Վաշինգտոնը պատրաստում էր Կրեմլի հայտնի ցուցակը՝ մոտ 200 պաշտոնյաներ եւ միլիարդատեր օլիգարխներ, որոնք Պուտինի մերձավորության հիմքով ենթակա են պատժամիջոցի: Այդ ցուցակը հրապարակվեց ՌԴ նախագահի ընտրությունից երկու-երեք ամիս առաջ, ինչը թերեւս զգալիորեն օգնեց Պուտինին ընտրական գործընթացում վերահսկել այդ առանցքային 200-յակին:

Իհարկե դժվար է ասել, զուգադիպությու՞ն էր արդյոք Մոսկվայի հատուկ ծառայությունների ղեկավարների այցը Վաշինգտոն հենց Կրեմլի ցուցակի հրապարակումից օրեր առաջ, թե ոչ:

Իհարկե, ամերիկա-ռուսական հարաբերութունն իր աննախադեպ լարվածության եւ դիմակայության պայմաններում անգամ աշխարհքաղաքական հիմնարար «զարկերակներից» մեկն է, որի աշխատանքը զգալի է նաեւ Հայաստանի համար:

Այդ իմաստով, հետաքրքիր է, թե արդյոք ամերիկա-ռուսական այդպիսի չհայտարարված, գաղտնի շփումների օրակարգում որեւէ կերպ հայտնվում են առնվազն ռեգիոնալ լայն քաղաքականության տիրույթում Հայաստանին առնչվող հարցեր: Թվում է, որ առնվազն անուղղակի այդպիսի հարցերը չեն կարող չշոշափվել:

Միեւնույն ժամանակ, ի՞նչ կարող է հասանելի լինել այդ ամենից Հայաստանի համար: Ի դեպ, այդ տեսանկյունից հատկանշական է մեկ այլ այց, իհարկե այս դեպքում հայտարարված, երբ Ֆեոնա Հիլլի ղեկավար Ջոն Բոլթոնն էր նախորդ տարվա հոկտեմբերին ժամանել ռեգիոն՝ Կովկասի երեք երկրներ, այցը սկսելով Մոսկվայից:

Ընդ որում, այդ իմաստով թերեւս խորհրդանշական էր Բոլթոնի հայտարարությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանին հարցրել է թավշյա հեղափոխության գաղտնիքի մասին, սակայն Փաշինյանը գերադասել է չբացել այն:

Արդյոք գաղտնիքը ռուս-ամերիկյան էր, փոխադարձ չմիջամտության բարձր պայմանավորվածությամբ, ինչն էլ դրսեւորվեց նրանով, որ Հայաստանում տեղի ունեցող հանրային ներքին զարգացումներին չմիջամտեցին թե Վաշինգտոնը, թե Մոսկվան: Մի բան, որն ի դեպ մինչ այժմ հենց ռուսական մի շարք տնտեսա-քաղաքական շրջանակների աղմուկի եւ տարակուսանքի հարց է, որը բարձրացնողները աղաղակում են Հայաստանում «գունավոր հեափոխության» մասին, թերեւս տարակուսելով, թե ինչպես է դա հանդուրժում Կրեմլը:

Թվում է, որ առերեւույթ կապի բացակայությամբ, այդուհանդերձ հենց այդ հակասականության ֆոնին է նաեւ ուշագրավ դառնում ամերիկա-ռուսական շփումների կիսով չափ գաղտնի կամ կիսով չափ հրապարակային շփումների պրակտիկան:

Դրանով հանդերձ, նաեւ հետաքրքիր է հանգամանքը, թե արդյոք Թրամփի խորհրդական Հիլլի մոսկովյան այցը եղել է հենց այն օրերին, երբ ՌԴ մայրաքաղաքում հանդիպում էին նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, որոնք համենայն դեպս տարածված հայտարարության համաձայն ձեռք էին բերել մարդասիրական քայլերի՝ Բաքվի պահվածքի տեսանկյունից աննախադեպ թվացող պայմանավորվածություններ: Այն իրողության ֆոնին, որ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երկու նախագահների Վիեննայի հանդիպումից հետո հենց ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում հայտարարեց պատերազմի դեպքում նոր տարածքներ վերցնելու հայկական կողմի իրավունքի մասին, ինչից հետո էլ արդեն Երեւանում նրան հյուր գնաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Ընդ որում, ուշադրության արժանի հանգամանք է թերեւս այն, որ Մոսկվայում արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ, Հայաստանի ՊՆ-ն տեղեկություն տարածեց նախարար Տոնոյանի հյուսիս-արեւելյան սահմանագոտի այցի մասին, տեղեկության մեջ հատկապես շեշտելով, որ նախարարը եղել է նաեւ հենակետում, որտեղից դիտարկվում է Արծվաշենը:

դիտվել է 31569 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

ԳՆԱՀԱՏԵԼ, ՈՉ ԹԵ ԳՆՀԱՏԵԼ

Տեսանյութ.Ինչ արժե Ծառուկյանների տան վարագույրը

Տեսանյութ. Լիլի Մորտոն լքում է «Women՛s club»-ը

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար