Երևան
26 / Մայիս / 2019

Սովորիր հեռանալ ծակ գրկախառնությունների ապահովությունից...

Սովորիր հեռանալ

Ծակ գրկախառնությունների ապահովությունից,
Քեզ հետապնդող ձեռքսեղմումներից,
Մի կեղծ երջանկության հիշողությունից,
Հեռացիր` անաղմուկ, լուռ, առանց աղաղակի, երկարաշունչ հրաժեշտի:

Հետդ ոչինչ մի վերցրու, ոչ հիշատակ, ոչ էլ տաք շոր ճանապարհի:
Վազելով հեռացիր սուտ ապաստաններից, թեկուզ և դրսում կարկուտ տեղա:
Սովորիր նայել աչքերի խորքը հրաժեշտ տալիս, այլ ոչ թե ներքև կամ անհունի մեջ:
Բառերիդ ճիշտ իմաստ տուր, մի արժեզրկիր նրանց, խնդրում եմ:

Սովորիր նայել ավազի ժամացույցին, տեսնել, որ ժամանակդ վերջացել է:
Գրկախառնություններին, նամակներին, նվիրագրություններին վերջ` երբևէ կհանդիպենք, սեր իմ
(գիշերները բոլոր ու երգերը` ձերը չեն լինելու այլևս, հաշտվիր այդ մտքի հետ):

Բավ է Ապագան սիրես, երբ ունեցածդ միայն Ներկան է:

Հեռացիր այնտեղից, ուր չգիտես ինչու ես գտնվում, ուր չգիտեն ինչու են պահում քեզ:
Երգերից քո սիրած, քայլած վայրերից բաժանվի, գնա:
Երևակայությունդ քո կարծածիդ չափ սահմանափակ չէ:

Դու կարող ես բոլորովին նոր պատմություններ կերտել երկինք ու աղով,
Որ աշուն հիշեցնեն մի քիչ, շատ ամառ ու այն անեզր Գարունը:
Հեռացիր այնտեղից, ուր չես ստանում քեզ անհրաժեշտը,
Անհամապատասխանից, միջակից, քչից,
Պահանջիր, որ տվածդ հետ ստանաս, դու պարտք չես նրանց:
Հարգել սովորիր դու քո սերը, քո ժամանակը, ու սիրտը քո,
Ասածներին դու մի հավատա, սերն անսպառ չի, այն վերջանում է:
Սիրտը կոտրվում է, մի օր կփորձես աշխատեցնել այն, բայց չի աշխատի:
Մի ներիր նրանց, ովքեր զղջման արցունքներով ոտքերդ չլվացին:

Հասկացիր, երկրորդ հնարավորությունները վախկոտների համար են, երրորդները` ծիծաղելիների:
Մի վախեցիր բառ-նշանակություն համարժեքությունից. հարաբերությունը հարաբերություն անվանիր, խաբեությունը` խաբեություն:

Կշտամբիր ինքդ քեզ, որ երբեմն նստում ու մանկան պես գանգատվում ես,
ու հետո նրան սառնաշաքար տալիս, որ ծծկերը հանկարծ չնեղսրտի:
Եվ
Սովորիր հեռանալ այնտեղից, ուր իրականում երբեք գոյություն չես ունեցել:
Հեռացիր, գնա, նույնիսկ թե թվա, ասես արգանդիցդ երեխայիդ են պոկում:
Հեռացիր այն ամենից, ինչ ճշմարիտ ես կարծել, միգուցե երբևէ հասնես դրանց:

Մենելաոս Լուդեմիս

Թարգմանությունը՝ Շամրիկ Խաչատրյանի։

դիտվել է 35101 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

ԳՆԱՀԱՏԵԼ, ՈՉ ԹԵ ԳՆՀԱՏԵԼ

Տեսանյութ.Ինչ արժե Ծառուկյանների տան վարագույրը

Տեսանյութ. Լիլի Մորտոն լքում է «Women՛s club»-ը

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար