Երևան
26 / Օգոստոս / 2019

Վարչապետը համաձայնել է ԱԱԾ մեղադրանքին. Ինչ է կատարվել

Lragir.am-ը գրում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին ուղղված մեղադրանքի գործով քննիչի միջնորդությունը եւ կասեցրել նրա պաշտոնավարումը Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնին: Սակայն վարչապետի խոսնակը հայտարարել է, որ Դավիթ Սանասարյանին պաշտոնից հեռացնելու մասին խոսք չկա, քանի որ վարչապետը հարգում է պաշտոնյայի անմեղության կանխավարկածը:

Սանասարյանի հանդեպ մեղադրանքը տարաբնույթ մեկնաբանության է արժանացել հանրության շրջանում: Իրավիճակը թեժացրել է նաեւ ինքը Սանասարյանը, դեռեւս ամիսներ առաջ իր երկու աշխատակիցների ձերբակալման առիթով հայտարարելով, որ ԱԱԾ-ն սպասարկում է ինչ ինչ շահեր: Այժմ էլ նա հայտարարում է, որ իրեն են ներկայացնում շինծու մեղադրանք:


Թեեւ Սանասարյանը հայտարարում է նաեւ, որ չի հաջողվի իրեն դուրս բերել վարչապետի դեմ, բայց փաստացի այդպիսով հենց ինքն է անում այդ քայլն ու դուրս գալիս, որովհետեւ խոսել ԱԱԾ շինծու գործի մասին, նշանակում է խոսել այն մասին, որ Հայաստանի վարչապետը չի տիրապետում իրավիճակին կամ ինքն է շինծու գործի հետեւում:

Որովհետեւ, ԱԱԾ-ն վարչապետի ենթակայությամբ գործող կառույց է: Այդպիսի կառույց է նաեւ ՊՎԾ-ն: Այդպիսով, խոշոր հաշվով երկու կառույցները Նիկոլ Փաշինյանից հավասար հեռավորության վրա են, սակայն շատ մոտ տարածության վրա, ուղղակի կից: Ըստ այդմ, եթե մի «կից» կառույցի ղեկավարը մեղադրանք է ներկայացնում վարչապետին «կից» մյուս կառույցի ղեկավարին, ապա տրամաբանությունը հուշում է, որ այդ մեղադրանքը շինծու բնորոշողը ոչ թե ներկայացնողին է մեղադրում, այլ մեղադրում է այդ կառույցի վերադասին: Իսկ դա վարչապետն է:

Որովհետեւ, շատ դժվար է պատկերացնել, որ ՊՎԾ ղեկավարին մեղադրանքի ներկայացումը չի քննարկվել վարչապետի հետ: Հակառակ դեպքում, վարչապետը չպետք է կասեցներ Դավիթ Սանասարյանի լիազորությունը, եթե համաձայն չլիներ ԱԱԾ մեղադրանքի հետ: Ստացվում է, որ գործը համարելով շինծու, դրա մասնակից է համարվում նաեւ վարչապետը: Եթե ոչ, ապա ստացվում է, որ վարչապետին ենթակա կառույցի ղեկավարությունը ավելին է որոշում, քան վարչապետը, այսինքն Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո չի տիրապետում իրավիճակին:

Դավիթ Սանասարյանի հայտարարությունից ստացվում է կամ մեկը, կամ մյուսը: Այդպիսով, Դավիթ Սանասարյանը կամա թե ակամա, բայց վարչապետի դեմ դուրս է եկել դեռ այն ժամանակ, երբ ԱԱԾ-ին ինչ-ինչ այլ շահեր սպասարկելու համար է մեղադրել իր կառույցի երկու աշխատակիցների ձերբակալելու եւ մեղադրանք ներկայացնելու համար:

Ընդ որում, այդ ամենը բոլորովին չի բխեցնում եզրակացություն, որ Սանասարյանը մեղավոր է: Մարդու մեղավորությունը ոչ թե եզրակացության, այլ ապացույցների եւ դատարանի վճռի հարց է:

Բանն այն է, որ իրավիճակն իրավական ընթացքին զուգահեռ զարգանում է բավականին բազմիմաստ քաղաքական հայտարարությունների ուղեկցությամբ: Իսկ դա առնվազն ենթադրում է հենց Սանասարյանի հրաժարական, որովհետեւ ինչու է նա մնում մի իշխանության մեջ, որն իրեն ներկայացնում է շինծու մեղադրանք: Կամ, հակառակ դեպքում ինչու՞ տալ այդօրինակ քաղաքական ակնառու տողատակ պարունակող գնահատական, այդպիսով տալով իշխանության դեմ տեղեկատվա-քաղաքական գրոհների տեղիք, եթե հնարավոր էր պարզապես ավելի հանգիստ ձեւով հերքել մեղադրանքն ու հայտարարել քննության ընթացքին սպասելու մասին:

դիտվել է 33531 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Էդի ժեշտ ա, դուք մենակ կրակը հանգցրեք». Սամվել Ալեքսանյանը «Մալաթիա մոլ»-ում է

Հույսով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին