Երևան
19 / Մայիս / 2019

Գագիկ Ծառուկյանին մեկուսացրել են. ոսկեբեր գետակը

Lragir.am-ը գրում է․ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ուղղված գրությամբ հայտնել է, որ նա պետք է համոզիչ պարզաբանում տա հանրությանը, որ չի զբաղվում ձեռնարկատիրությամբ եւ ըստ այդմ չի խախտում պատգամավորի մանդատը բիզնեսի հետ չխառնելու սահմանադրական պահանջը: Այդ կապակցությամբ գործ կա նաեւ ՀՔԾ-ում, որտեղ ուսումնասիրելու են Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ դիմումը:

Գագիկ Ծառուկյանի մանդատի հարցը դարձել է ներքաղաքական օրակարգի առանցքային հարցերից մեկը, թեեւ տեւական ժամանակ է, ինչ ԲՀԿ-ն ինքնին հայտնվել է կենտրոնում, սկսած «տրանսգենդերի» հայտնի լսումներից: Իրադարձությունը փաստորեն զարգացավ ընդհուպ Ծառուկյանի մանդատի, բիզնեսի եւ քաղաքականության սերտաճման հիմնարար խնդիր:

Ու թեեւ այստեղ կենտրոնում ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանն են, հարցն անշուշտ ամենեւին Ծառուկյանը չէ: Նա պարզապես խնդրի խորհրդանիշ է, որ գալիս է նախորդ համակարգից: Մինչդեռ, գործնականում, Գագիկ Ծառուկյանն ինքն այդ համակարգի «զոհերից» է: Եվ բանը 2015-ի փետրվարի հայտնի իրադարձությունները չեն, այլ հենց քաղաքականություն նրա մուտքը:

Ակնհայտորեն ապաքաղաքական Գագիկ Ծառուկյանը ստիպված էր ոչ միայն մտնել քաղաքականություն, այլ նաեւ հայտնվել դրա առանցքային դիրքում, գլխավորելով կուսակցություն, որը պետք է պայքարեր իշխանության համար, այն էլ ՀՀԿ դեմ: ԲՀԿ քաղաքական նախագիծը Ռոբերտ Քոչարյանի ծրագրերի առանցքն էր, որով նա մտադիր էր մի կողմից ապահովել իր հետնախագահական ազդեցությունն իշխանության վրա, գուցե ընդհուպ իշխանությունը վարչապետի կարգավիճակում, եւ դա անել իշխանության քաղաքական եւ տնտեսական ռեֆորմացիայի առերեւույթ նշաններով: Այդ իմաստով, ընդդիմության գրեթե բացակայության պայմաններում նախագիծը իսկապես աշխատեց, իսկ Ծառուկյանի «ժողովրդական» կերպարը էապես նպաստեց դրան, բնականաբար ռեսուրսի հետ միասին: Բայց, համակարգը համարում էր, որ այդ ռեսուրսը զուտ Ծառուկյանինը չէ, եւ նա չէր տնօրինի այդ կապիտալը, եթե չլիներ համակարգը:

Այդպիսով, Ծառուկյանը հայտնվեց քաղաքական կիազկետում եւ հնարավոր է, որ այդ հարցում օգտագործվեց նաեւ նրա ապաքաղաքական բնույթը, քանի որ նա չպատկերացրեց խնդրի ամբողջ խորությունն ու դերակատարության ամբողջ լրջությունը, ի տարբերություն այլ խոշոր սեփականատերերի, որոնք մերժել էին Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծրագրային առաջարկները:

Ծրագիրը սակայն չաշխատեց, Սերժ Սարգսյանը կարողացավ Մոսկվայի օգնությամբ չեզոքացնել այն եւ խորհրդարանի 2007 թվականի ընտրությանը ապահովել ՀՀԿ հաղթանակը: Ռոբերտ Քոչարյանը շնորհավորելու գնաց ՀՀԿ գրասենյակ՝ Մելիք Ադամյան:

Գագիկ Ծառուկյանը մնաց քաղաքականության մեջ եւ սկսեց գործնականում «վճարել» պարտության համար, վերածվելով ՀՀԿ յուրօրինակ համակարգային ավարի:

Խոշոր հաշվով, Գագիկ Ծառուկյանը վերածվեց տնտեսա-քաղաքական մի հանքի, երբ սկսեցին առատորեն շահագործել նրան, պահելով կենտրոնում եւ լուծելով սեփական, խմբային հարցեր, ում մոտ ինչպես եւ որքան կստացվի: Իսկ շահագործման կենտրոնից, «ոսկեբեր գետակի» համընդհանուր կարգավիճակից դուրս գալը ԲՀԿ նախագահի համար դժվար էր եւ բարդանում էր օրեցոր, քանի որ շատ էին ոչ միայն սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ ճնշման գործոնները:

Իրավիճակը փոխվեց, սակայն իրադրությունը՝ ԲՀԿ նախագահի համար, թերեւս ոչ: Նա շարունակում է լինել «ոսկեբեր գետակի» կարգավիճակում, որի ապաքաղաքական բնույթն ու մտածողությունը օգտագործում են թեկուզ իշխող դիրքերից եւ հեռանկարներից զրկված, սակայն այդուհանդերձ խմբային շահեր ունեցող ամենատարբեր շրջանակներ, ընդհուպ ներկուսակցական: Խոշոր հաշվով, իր ոչ քաղաքական մտածողության բերումով Գագիկ Ծառուկյանը թերեւս միշտ եղել է «մեկուսացված», ինչը հույժ կարեւոր էր նրան որեւէ այլ ազդակ հասանելի չդարձնելու եւ մշտապես «ազգի փրկչի» առաքելության հարցում համոզելու համար:

Մինչդեռ, գործնականում, Ծառուկյանը «փրկում» է շատ սահմանափակ թվով խմբերի եւ շրջանակների, որոնք թույլ չեն տալիս, որ նա վերադառնա այն միջավայր, որտեղ կունենա գործունեության ներդաշնակություն եւ հարմարավետություն, միաժամանակ իրապես կատարելով ժողովրդի, պետության համար հիմնարար նշանակության քայլ՝ բիզնեսի եւ քաղաքականության սերտաճման խորհրդանիշից վերածվելով բիզնեսի եւ քաղաքականության տարանջատման յուրօրինակ կամավորական խորհրդանիշի, դրանով իսկ նաեւ ձեռք բերելով բավականին լայն հանրային աջակցություն՝ այդ թվում սեփականության անձեռնմխելիության ինստիտուցիոնալ երաշխիքների ձեւավորման օրակարգի հարցում, որի առաջատարը կարող է դառնալ Ծառուկյանն այդ դեպքում:

դիտվել է 29117 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

«Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ… Ամեն ինչ դեռ առջևում է». Լևոն Քոչարյան

Հայտնի գործարարներն՝ իրենց հաջողության մասին. Բիզնես Ելակետ

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար