Երևան
19 / Մայիս / 2019

Սերժ Սարգսյանն անսպասելիորեն փչացրեց տոնը

Lragir.am-ը գրում է․ Հայաստանի գլխավոր դատախազությունն, արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ Հաղթանակի տոնի առիթով նրան ազատելու մասին Արցախի նեկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի դիմումին հայտնել է, որ իրավասու չէ փոխել խափանման միջոցը, քանի որ գործը դատարանում է, եւ դա կարող է անել միայն դատարանը:


Այստեղ սակայն հետաքրքիր է այն, որ Արցախի հանրապետության գործող եւ նախկին նախագահները փաստորեն նամակ են հղում Գլխավոր դատախազին, չտիրապետելով իրավիճակին: Այն, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը կարող էին եւ ամենեւին տեղյակ չլինել իրավական նրբերանգներից եւ դատախազին հասցեագրել նրա իրավասության շրջանակից դուրս դիմում, ամենեւին չափից դուրս չէ: Ի վերջո, նրանք կարող են նաեւ չտիրապետել մասնագիտական այդպիսի նրբերանգների:


Բայց մի՞թե նրանք իրենց դիմումը ցույց չեն տվել որեւէ մասնագետի, եթե չդիտարկենք այն, որ թերեւս պետք է հենց մասնագետները կազմած լինեին այն եւ ներկայացրած լինեին նախագահներին՝ տարածելու համար: Ուրեմն ինչու՞ չի գտնվել մի մասնագետ, որը կասեր, թե դատախազին այդպիսի դիմում հղելն անիմաստ է, քանի որ դրանում առկա է նրա իրավասությունից դուրս խնդրանք:

Թե՞ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին այդքան էլ հետաքրքիր չի եղել՝ կբավարարվի՞ դիմումը, թե՞ ոչ, նրանց համար կարեւոր է եղել բավարարել Ռոբերտ Քոչարյանի պահանջը կամ խնդրանքը եւ հղել այդպիսի դիմում: Բայց, մյուս կողմից, այդպիսի սխալ հասցեագրված դիմումը Ռոբերտ Քոչարյանի՞ ինչին է պետք: Այստեղ իհարկե արժե բացառել եւ այն, որ երկրորդ նախագահը պարզապես զգալիորեն կորցրել է կապն իրականության հետ՝ կալանատանը մեկուսացվածության պատճառով: Մյուս կողմից, նրա պաշտպանական մարտավարության մեջ ակնառու է, որ իրավական գործիքակազմից դուրս՝ որով զբաղվում են նրա պաշտպանական խմբի մասնագետները, Ռոբերտ Քոչարյանը բավական հաճախ է կիրառում Արցախի հանգամանքը, եւ այստեղ շատ կարեւոր է եղել Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հայտարարության փաստն ինքնին, քանի որ դրա ադյունքի հույս երկրորդ նախագահը թերեւս չէր կարող ունենալ: Ի վերջո, արդյունք կարծես թե չեն տվել նույնիսկ Պուտինի շնորհավորանքները, ի՞նչ պետք է օգներ Սահակյանի եւ Ղուկասյանի ուղերձը:

Պետք չէ բացառել եւ այն, որ այդ ուղերձը Ռոբերտ Քոարյանի համար կարեւոր է եղել Հաղթանակի տոնի առիթով Սերժ Սարգսյանի Արցախ այցի ֆոնին, որի մասին երրորդ նախագահի գրասենյակը հայտարարել էր մայիսի 6-ին: Դրա հաջորդ օրը եղավ Սահակյանի ու Ղուկասյանի հայտարարությունը: Ռոբերտ Քոչարյանը թե հետնախագահական տասը տարիներին, թե նաեւ արդեն հետհեղափոխական մեկ տարվա ընթացքում նկատելի հեռակա բանավեճի, կամ ավելի ճիշտ վիճաբանության մեջ է Սերժ Սարգսյանի հետ:

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն այստեղ կարող են հայտնվել աննախանձելի վիճակում՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ, կամ այսպես ասած երկու քարի արանքում: Իհարկե, ոչ միայն նրանք, այլ ընդհանրապես նախկին համակարգի մի մեծ սեգմենտ: Բանն այն է, որ, եթե համակարգի իշխանական կարգավիճակը շատ թե քիչ դյուրացնում էր ընտրությունը կամ մանեւրի հնարավորությունը, ապա իշխանությունից զրկված կարգավիճակում երկու քաի արանքում կողմնորոշվելը դառնում է շատ բարդ:

Այդ դեպքում զարմանալի չի լինի, եթե Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու նամակ հղվի ոչ թե դրա իրավասությունը չունեցող դատախազին, այլ նույնիսկ, ասենք՝ Կադաստրի կոմիտե:

Իսկ եթե լուրջ, ապա հետաքրքիր է, Սերժ Սարգսյանը մեկնելով Արցախ՝ Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին կհարցնի՞, ինչպես տարիներ առաջ Եռաբլուրում դժգոհող կնոջը՝ «գրում եք, իմ տոնը փչացնեք, որ ի՞նչ անեք»: Չէ՞ որ տոնի շեմին Քոչարյանի անազատությունը հրապարակավ հիշեցնում էին ոչ այլ մարդու, քան տոնը նշելու համար Արցախ մեկնող Սերժ Սարգսյանին:

Թեեւ, Սարգսյանի տոնը փչացնում էին իհարկե ոչ միայն Բակո Սահակյանն ու Ակադի Ղուկասյանը, այլ նաեւ ՀՅԴ-ն, որը Հայաստան-Արցախ ռազմա-քաղաքական դաշինքի թեմայով համաժողով էր կազմակերպել Ացախում, ու թեեւ կազմի եւ ելույթների ակնհայտ թիրախում Նիկոլ Փաշինյանն էր, այդուհանդերձ բովանդակային առումով բարձրացված հարցերը գործնականում անընդհատ հիշեցնում էին հատկապես Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյա շրջանի բացթողումները:

Թեեւ հասկանալի է, թե ինչու են նրանք փչացնում Սերժ Սարգսյանի տոնը: Չէ՞ որ հրաժարականով նա փչացրեց նրանց բոլորի «հավերժական» տոնը: Թեեւ, ի վերջո հենց նրանց էր թվում, թե Սարգսյանի երրորդ ժամկետը լինելու է այդ տոնի ցմահ շարունակությունը՝ մի կողմից վերարտադրելով համակարգը, վայելելով դրա պտուղները, մյուս կողմից թույլ տալով անվերջ թիրախավորել «անփոխարինելի» պատասխանատուին՝ մնալով ճերմակ ձեռնոցներով: Իր հրաժարականով, Սարգսյանը կամա թե ակամա ստիպեց բոլորին անցնել սեւագործ, կեղտոտ աշխատանքի: 

դիտվել է 77062 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

«Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ… Ամեն ինչ դեռ առջևում է». Լևոն Քոչարյան

Հայտնի գործարարներն՝ իրենց հաջողության մասին. Բիզնես Ելակետ

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար