Երևան
19 / Մայիս / 2019

Դատարկություն է. նախագահ Արմեն Սարգսյանի կոշտ դիմադրությունը

Lragir.am-ը գրում է․ Դատարկություն է: Այդպես է արձագանքել նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների այն հարցին, թե մամուլը գրում է, որ ինքը հանդիպումներ է ունենում տարբեր ուժերի հետ՝ իշխանության հանդեպ վերահսկողությունն իր ձեռքը վերցնելու համար:

Այդ տեղեկությունները դատարկ են բացարձակապես, ասել է Արմեն Սարգսյանը:

Անկասկած է, որ անգամ այսպես ասած հիմնավոր լինելու դեպքում, Արմեն Սարգսյանն իհարկե չէր հաստատի այդ տեղեկությունները հրապարակավ: Մյուս կողմից սակայն, խոսել այդ մասին, այդպիսի հնարավորության կամ մտադրության մասին, գործնականում կնշանակի խոսել նախագահ Սարգսյանի քաղաքական անհամարժեքության եւ ընդհուպ քաղաքական «անմեղսունակության» մասին:


Հանրապետության նախագահը բացարձակապես ոչ միայն չի տվել այդպիսի խոսակցության կամ կասկածի առիթ անգամ, այլ թերեւս հակառակը՝ թերեւս նրան քաղաքական իրավիճակի գնահատման համարժեքությունից, հավասարակշռությունից դուրս բերելն է պարբերաբար նրա մասին տարածվող ինտրիգային տեղեկատվության պատճառը կամ մոտիվը:

Ակնառու է Սարգսյանին ինտրիգի մեջ ներքաշելու փորձը, որ արվում է թավշյա հեղափոխությանը հաջորդած տարվա ընթացքում պարբերաբար: Այդ փորձի հետեւում պարբերաբար նշմարվում է նախկին համակարգի ստվերը, որը հենց սկզբից անվստահությամբ ընդունեց Արմեն Սարգսյանի Հայաստան վերադարձը՝ որպես նախագահի թեկնածու:

Անվստահության հիմքն այն էր, որ Արմեն Սարգսյանը «արտահամակարգային» թեկնածու էր, ընդ որում թեկնածու, որը ոչ միայն դուրս էր համակարգից, այդ՝ մինչեւ հեղափոխությունն իշխող մարմնի համար օտար, այլ նաեւ բավականին հաջողակ տնտեսա-քաղաքական գործունեություն ծավալած անձ միջազգային մակարդակում:

Սերժ Սարգսյանի համար Արմեն Սարգսյանի ընտրության շարժառիթը հավասարակշռությունն էր: Ներքին իրավիճակում հավասարակշռությունը, որը պետք է ապահովեր Արմեն Սարգսյանը՝ հակակշռելով իշխող համակարգը եւ այդպիսով Սերժ Սարգսյանի համար կառավարման մոդելի եւ փաստացի քաղաքական հիմքերի առանցքային փոփոխության անցումային կարեւորագույն փուլում ճկունության հնարավորություն տալով:

Արմեն Սարգսյանի հակակշռող գործոնը, թեկուզ չունենալով իշխանական էական լծակներ, բայց ունենալով արտահամակարգային եւ միջազգային առավելությունն ու հանրային վստահության շոշափելի պաշարը, պետք է ապահովեր Սերժ Սարգսյանի որոշակի անկախությունը իշխող համակարգից, հատկապես դրա խոշոր կապիտալի կրողներից:

Այդ անկախությունը Սարգսյանին պետք էր մոդելային փոփոխության անցումային փուլը կառավարելու համար: Իսկ մոդելային փոփոխությունը պետք էր ոչ միայն իշխանության իր դիրքը պահելու, այլ այդ դիրքում ունեցած ներքին եւ առավել եւս արտաքին ահռելի մարտահրավերներին դիմակայելու, իսկ զգալի մասով էլ դրանց առումով ավելի ու ավելի անխուսափելի թվացող մի շարք որոշումներ կայացնելու համար, որոնք հակոտնյա էին լինելու իշխող համակարգի շահերի մի զգալի մասին:

Իրադարձությունները զարգացան այլ սցենարով, եւ Սերժ Սարգսյանն ի վերջո որոշեց չգնալ հանրության հետ ճակատագրական առճակատման եւ թողնել պաշտոնն ու իշխանությունը, հանձնելով ամբողջ համակարգը:

Դա միայն խորացրեց նախկին իշխող համակարգի անվստահությունն Արմեն Սարգսյանի նկատմամբ, առավել եւս նկատի ունենալով այն, որ նախագահը փաստորեն ապահովեց բանակցությունը հրապարակի եւ այդ ժամանակ դեռեւս առկա իշխանության միջեւ՝ գնալով աննախադեպ քայլի եւ բանակցելով հրապարակի առաջնորդի հետ հենց հրապարակում:

Այդ իմաստով խիստ խորհրդանշական է, որ դրանից հետո պարբերաբար նախկին իշխող համակարգը փորձում է անել քայլեր, որոնք Արմեն Սարգսյանին հրապարակից կտանեն ինտրիգների դաշտ: Սարգսյանը համառորեն դիմադրում է, չտրվելով դրան, լավ պատկերացնելով, որ դա այլ բան չէ, քան ծուղակ, որտեղ Հայաստանում փոփոխությունների գործընթացի յուրօրինակ դերակատարներից մեկը կհայտնվի «հակահերոսի» կարգավիճակում:

Առավել եւս, որ գործնականում դա է նախկին իշխող համակարգի նվազագույն ծրագիրը՝ հակահերոսի դերում չմնալ միայնակ: Այդ համակարգից մնացած անձինք կամ խմբերը սեփական հաջողությունը փնտրում են այդտեղ:

դիտվել է 38780 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

«Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ… Ամեն ինչ դեռ առջևում է». Լևոն Քոչարյան

Հայտնի գործարարներն՝ իրենց հաջողության մասին. Բիզնես Ելակետ

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար