Երևան
24 / Հուլիս / 2019

Փաշինյանն անհարմար տեղում

Lragir.am-ը գրում է․ Մայիսի 13-ին Բրյուսելում տեղի է ունեցել պաշտոնական ընթրիք, որին ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հրավերով մասնակցել են ԵՄ Արեւելյան գործընկերության անդամ պետությունների ղեկավարները, բացառությամբ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի, որը չի ընդունել հրավերը: ԱլԳ ծրագրի անդամ են Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Ադրբեջանն ու Բելառուսը:


Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան ստորագրել են ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր: Հայաստանը մոտ 4 տարի բանակցությունից հետո 2013 թվականի սեպտեմբերի 3-ին հանկարծ միացավ Մաքսային եվրասիական միությանը, ինչից հետո անհնար դարձավ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Որոշակի ճգնաժամից հետո Հայաստանն ու ԵՄ-ն սկսեցին բանակցություն նոր փաստաթղթի շուրջ, որը այլեւս Ասոցացման չէր, այսինքն չէր ենթադրում Եմ հետ անմաքս առեւտրային ռեժիմ եւ մի շարք այլ պարագաներ: Հայաստան-ԵՄ գործակցության նոր փաստաթուղթը ստորագրվեց 2017 թվականի նոյեմբերին:


Բելառուսն ու Ադրբեջանը գտնվում են ԱլԳ ծրագրում ԵՄ հետ աշխատանքի ամենացածր մակարդակի վրա:

Ծրագրի տասնամյակի առիթով ԵԽ նախագահ Տուսկը հրավիրել էր պաշտոնական ընթրիք, որից հետո էլ մասնակիցները՝ անդամ երկրների ղեկավարներն ու ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները լուսանկարվել են:

Տարածված լուսանկարում երեւում է մասնակիցների դասավորության անհարմարությունը, ինչի հետեւանքով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանգնած է փաստացի Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի թիկունքում: Լուսանկարի մասնակիցները դասավորված են այնպես, որ այսպես ասած դիմացից լուսանկարչական ռակուրսի պարագայում Պորոշենկոն ուղղակի ծածկում է Նիկոլ Փաշինյանին, որը կանգնած է հետեւի շարքում:

Այդ լուսանկարը՝ հենց այդ անհարմար ռակուրսից, արդեն իսկ տարածվել է համացանցում: Դրան նպաստում է նախկին իշխող համակարգին հարող տեղեկատվական սուբյեկտների շրջանակը, որոնք փորձում են լուսանկարը ներկայացնել որպես Հայաստանի հեղինակազրկման փորձ: Ինչ խոսք, այդ մարդիկ համր էին, երբ մեղմ ասած անհարմար վիճակներում էր հայտնվում Սերժ Սարգսյանը, բայց դա իհարկե նրանց խնդիրն է:

Իսկ տվյալ պարագայում ակնառու է, որ կա այսպես ասած «կիքս», ու եվրոպական ընթրիքի կազմակերպիչներն այն թույլ են տվել Հայաստանի նկատմամբ: Դա եղել է պարզապես թյուրիմացությու՞ն, թե ոչ:

Ինչ խոսք, հնարավոր է, որ լուսանկարի դասավորությամբ զբաղվողները չեն պատկերացրել հասակների անհամամասնությունը բավարար չափով, որպեսզի պատկերացնեին, թե որքան է առաջին շարքում կանգնած Պորոշենկոն ծածկում երկրորդ շարքում կանգնած Փաշինյանին: Իսկ լուսանկարի պահին արդեն որեւէ բան ուղղելը եղել է ուշ, կամ արդեն անհարմար՝ ի վերջո արարողակարգն արարողակարգ է:

Մյուս կողմից, այդպիսի հարցերում պետք է լինել չափազանց ուշադիր եւ բծախնդիր եւ հետեւաբար, եվրոպական արարողակարգը թույլ է տվել լուրջ վրիպում, ու հարց է առաջանում՝ արդյոք պատահաբար: Թե՞ այդ վրիպումը կարող էր լինել կազմակերպված եւ նույնիսկ վճարված: Հատկապես հաշվի առնելով Եվրոպայում տարիներ շարունակ թեւածող «խավիարային դիվանագիտության» ուրվականը:

Ի դեպ, հետաքրքիր է, որ լուսանկարը փաստորեն կարող է վերջինը լինել բարձրաստիճան եվրապաշտոնյաների համար՝ Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի, եվրահանձնակատարներ Մոգերինիի եւ Հանի համար: Շուտով եվրախորհրդարանի ընտրություն է, որից հետո ձեւավորվելու է եվրակառույցների նոր ղեկավար կազմ: Այնպես որ, նրանց համար դա յուրօրինակ հրաժեշտի լուսանկարներից մեկն է:

Իսկ մինչ հրաժեշտը նրանցից որեւէ մեկը կտա՞ բացատրություն արարողակարգային այդ վրիպումի համար: Եթե իհարկե եվրոպացի պաշտոնյաներին, թեկուզ հեռացող, հետաքրքիր է, թե ինչպիսին է Հայաստանի հանրության վերաբերմունքը Եվրոպայի նկատմամբ, այդ թվում քաղաքական վերխանախի առումով: Առավել եւս, որ Հայաստանում քիչ չեն շրջանակներ, որոնք համակարգված ձեւով սերմանում են անվստահություն եվրոպական ամեն ինչի նկատմամբ:

Հաշվի առնելով այն, որ Հայաստանը ներկայում ունի բարձր լեգիտիմությամբ իշխանություն, ստացվում է, որ եվրոպական արարողակարգը ջրել է այդ անվստահության սերմերը կամ վաղուց արդեն ծիլերը:

Ավելին, այդ իմաստով դրանք գուցե ծիլ տված չլինեին էլ, եթե եվրոպական տարբեր կառույցներ Հայաստանի հանդեպ մշակված քաղաքականության անհամարժեքությամբ եւ անլիարժեքությամբ չպարարտացնեին Եվրոպայի հանդեպ անվստահության «ցանքատարածությունները»:

դիտվել է 17172 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Վալերի Օսիպյանը ներկայացրեց նորանշանակ պետին

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է