Երևան
20 / Սեպտեմբեր / 2019

Վարչապետը կբերի՞ միլիարդը. հեղափոխությունից հետո առաջին անգամ

Lragir.am-ը գրում  է․ Մայիսի 14-ին մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը Չինաստան, որտեղ նա մասնակցելու է Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին: Չինաստանում Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է նաեւ այդ երկրի նախագահ Սի Ծինպինին եւ Չինաստանի վարչապետին: Թավշյա հեղափոխությունից հետո մեկ տարի անց տեղի կունենա հայ-չինական բարձր մակարդակի առաջին հանդիպումը:

Ինչ օրակարգով է Նիկոլ Փաշինյանը մեկնել Պեկին, նախընտրելով չինական այցը Եվրամիության Արեւելյան գործընկերության 10-ամյակի առիթով Բրյուսելում մայիսի 14-ին տեղի ունենալիք Վեհաժողովից: Թեեւ, Փաշինյանը նախօրեին մասնակցել է այդ հոբելյանի առիթով ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի կազմակերպած պաշտոնական ընթրիքին:

Փաշինյանը մի քանի շաբաթ առաջ բացակայել էր Պեկինում տեղի ունեցած մի Վեհաժողովից, որտեղ քննարկվում էր Չինաստանի Մեկ ճանապարհ՝ մեկ գոտի ծրագիրը, որն այլ կերպ համարվում է Նոր Մետաքսի ճանապարհի ծրագիր: Այն Պեկինի աճող աշխարհքաղաքական դերակատարման եւ հավակնության առանցքային նախագծերից մեկն է, որի միջոցով Չինաստանը փորձում է բարձրացնել իր ենթակառուցվածքային ներկայությունն աշխարհում: Պեկինում տեղի ունեցած արդեն երկրորդ համաժողովին Հայաստանը երկրորդ անգամ բացակայեց Առաջին դեմքի մակարդակով: Առաջին համաժողովն ու բացակայությունը 2017-ին էր՝ Սերժ Սարգսյանն այդ օրերին մեկնել էր Քաթար:

Շաբաթներ առաջ երկրորդ Վեհաժողովին Նիկոլ Փաշինյանի բացակայությունը պաշտոնական Երեւանը բացատրեց նրանով, որ Հայաստանը ներկայացված եւ ներգրավված չէ այն ծրագրերում, որոնք կոնկրետ քննարկվում են այդ Վեհաժողովի շրջանակում: Այդ բացը գալիս է նախորդ իշխող համակարգից:

Հնարավո՞ր է լրացնել այն, թե ոչ: Արդյոք չարժեր մեկնել Պեկին, թեկուզ այլ բնույթի հանդիպումների եւ քննարկումների առիթն օգտագործելու համար: Մյուս կողմից, մեծ հավանականությամբ այստեղ դրսեւորվում է Երեւանի խորքային քաղաքական վերաբերմունքը այդ իրադրության մի բավականին նուրբ ասպեկտի՝ Եվրասիական միության դերակատարման առնչությամբ: Բանն այն է, որ Պեկինի երկու վեհաժողովներին էլ ԵՏՄ-ն ներկայացել է այսպես ասած բարձր մակարդակով: Դրանք օրինակ բաց չի թողել Պուտինը:

Բաց թողնելով Պեկինի համաժողովները, Երեւանը թերեւս իր նուրբ դեմարշն է արել ԵՏՄ նկատմամբ, թե Սերժ Սարգսյանի, թե Նիկոլ Փաշինյանի պարագայում, միաժամանակ փորձելով ակնարկել Չինաստանի հետ երկկողմ օրակարգի նշանակությունը, կամ դրա նշանակությունը եւ առանձնացվածությունը ԵՏՄ հետաքրքրություններից: Այստեղ խորհրդանշական է արձանագրել, որ Պեկինն էլ թերեւս ունի իրողության այդօրինակ դիտարկման հակվածություն, հաշվի առնելով մի հանգամանք: Երեւանում կառուցվում է եվրասիական տարածաշրջանում Չինաստանի՝ Մոսկվայում ունեցած դեսպանատինց հետո մեծությամբ երկրորդ դեսպանատունը:

2015 թվականին Պեկին էր այցելել Սերժ Սարգսյանը, որտեղ նախագահ Ծինպինի հետ ստորագրվեց պատկառելի բովանդակությամբ եւ հագեցածությամբ մի հուշագիր, որը միանգամայն բնորոշ կարող էր լինել ռազմավարական դաշնակցային հարաբերություն ունեցող կողմերին: Բայց, չորս տարի անց հայ-չինական հարաբերությունը ոչ միայն այդպիսին չէ, այլ գործնականում չի պարունակում ռազմավարական հեռանկար ենթադրող որեւէ առարկայական նախագծի շուրջ շոշափելի գործընթաց:

Կկարողանա՞ փոխել այդ իրողությունը Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, նրա այցը Չինաստան տեղի է ունենում հատկանշական մի իրադարձության ֆոնին: Օրերս հայտարարվեց Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի երկաթուղային հուշագրի մասին, որով երեք երկրները ծրագրում են սերտացնել գործակցությունը եվրասիական երկաթուղային տիրույթում, այդ թվում մասնավորապես Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղում:

Հուշագիրը բավական դժգոհություն է առաջացրել Թբիլիսիում, որը հայտարարել է, թե ոչ մի երկիր չի կարող ներգրավվել այդ երկաթուղու շահագործմանն առանց Վրաստանի համաձայնության: Ի՞նչ է անելու Թբիլիսին: Ռազմավարական, ռազմա-քաղաքական մի շարք իրողությունների եւ հանգամանքների ֆոնին ակնհայտ է, որ ռուս-թուրք-ադրբեջանական եռակողմ այդ հերթական ֆորմատն ընդամենն ընդգծում է այն, որ այդ հավակնոտ «բերմուդյան եռանկյունու» մեջ է ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ Վրաստանը: Ըստ այդմ տողատակում հերթական անգամ սուր դրսեւորվում է հայ-վրացական միջպետական եւ հանրային կոոպերացիայի խթանման հրամայականը:

Եվ այստեղ կարող է ընդհանուր շահ ուրվագծվել ոչ միայն Իրանի, այլ հեռավոր թվացող Չինաստանի հետ, որը անկասկած հետաքրքրված է Հարավային Կովկասով: Երեւանն այդ համատեքստում փորձել է չինական միլիարդներ ներգրավել Իրան-Հայաստան երկաթուղու համար, սակայն ապարդյուն: Ակնառու է, որ Պեկինն այստեղ կարող է հետաքրքրվել, եթե կա հեռանկար դեպի Վրաստան եւ Սեւ ծով: Իսկ այստեղ առաջ է գալիս Հայաստանի ինքնիշխանության ու քաղաքական կամքի հարցը:

Իհարկե ոչ միայն դա, հարցերը շատ են, նաեւ Հայաստանից դուրս, սակայն հարցերը միշտ են շատ, պակասել են գաղափարները, նախաձեռնություններն ու դրանց շուրջ քննարկումները: Կլրացնի՞ Նիկոլ Փաշինյանն այդ բացը Չինաստանում:

դիտվել է 51143 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա