Երևան
20 / Մայիս / 2019

Մենք շատ ենք ունեցել արվեստագետներ, ովքեր չեն վարանել քննադատել անգամ ամենադաժան իշխանություններին. Մարո Մադոյան

Yelaket.am-ի հյուրն է գրող, գրականագետ, թարգմանիչ Մարո Մադոյանը, որը մեզ հետ իր խոհերը կիսեց դերասանին տրված լավագույն գնահատականի, մշակութային տարբերությունների, թարգմանության և երջանկության բանաձևի մասին:


-Ի՞նչը Ձեզ դրդեց գրելու «Վաղը ուշ կլինի» գրավիչ վերնագրով երկը:

-Շնորհակալություն, մի քանի տարի առաջ թարգմանել էի Փոլ Րուդնիկի «Ես ատում եմ Համլետը» պիեսը, որի թատերական ներկայացումը դիտել էի Բրոդվեյում: Րուդնիկն անդրադարձել էր այն հարցին, որն ինձ միշտ մտահոգել է: Խոսքը սերիալների մասին է: Նաև միշտ մտածել եմ Գյումրու թատրոնի հին շենքի մասին: Դա մի պատմական, անզուգական շենք է, որը պետք էր վերականգնել որպես թատրոնի շենք: Այս և Գյումրու, նրա մշակութային խնդիրների հետ կապված հարցերը, որոնց հանդեպ, ըստ իս, անհրաժեշտ է ցուցաբերել բացառիկ հոգատար վերաբերմունք, իմ այս թատերախաղի համար հանդիսացան գլխավոր ներշնչանքի աղբյուր:

-Ներկայացման մեջ տեսնում ենք Վահրամ Փափազյանին՝ կարծես պատրանքի ձևով: Այդ տեսարանով ի՞նչ եք ցանկացել փոխանցել հանդիսատեսին:

-Վահրամ Փափազյանի կերպարը շատ կարևոր է: Ես օգտագործել եմ մեր մեծ արտիստի կերպարը սկսնակ երիտասարդ դերասաններին, ինչպես նաև սերիալներին վարժված շնորհալի դերասաններին մղելու համար դեպի բարձր արվեստ: Իսկ այդ հարցում Փափազյանին «օգտագործելը» ճիշտ էր նաև այն իմաստով, որ կարելի էր կերպարին դարձնել ավելի բնական, խոսեցնելով իր իսկ՝ Փափազյանի լեզվով, «Հետադարձ հայացք» գրքից վերցնելով երկխոսության համար անհրաժեշտ նրա իմաստուն մտքերը:

-Դուք ներկա էիք պրեմիերային:Ո՞ր արտիստը արդարացրեց Ձեր սպասումները:

-Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ գոհ էի դերասաններից: Սակայն չեմ կարող չառանձնացնել Նարինե Ալեքսանյանին: Նա, իրոք, կարողացել էր ստեղծել իմ պատկերացրած կերպարը: Ինձ համար զարմանալի էր Վարուժան Մանուկյանի Փափազյանը: Երբեք չէի կարող պատկերացնել, որ նա կկարողանա այդքան հաջող ներկայանալ Մեծ արտիստի կերպարում: Եվ դա միայն իմ կարծիքը չէ: Շատերն են ինձ ներկայացումից հետո հայտնել իրենց հիացմունքը: Լավ կերպար էր ստեղծել Արմեն Մարգարյանը: Պետք է ասեմ, որ ընդհանրապես, բոլոր դերասաններն էլ լավ էին ընտրված: Միշտ չէ, որ առաջնախաղն այսքան հաջող է լինում: Ուստի, առիթից օգտվելով, ցանկանում եմ կրկին շնորհավորել դերասանական խմբին և, իհարկե, նաև Հակոբ Ղազանչյանին, հրաշալի աշխատանքի համար:

-Ի՞նչն է դերասանին տրված լավագույն գնահատականը:

-Իհարկե, լավագույն գնահատականը հանդիսատեսի ծափահարություններն են:

-Ի՞նչն է «կործանում» արվեստագետին:

-Օ՜, կարծում եմ կեղծելը, սուտը: Եթե չհարգես քո հանդիսատեսին, եթե նրա հետ անկեղծ չլինես, ապա նա քեզ կպատժի: Բեմը տալիս է հանրության հետ ամենաանմիջական կապի հնարավորություն: Դերասանը կարող է զգալ իր հանդիսատեսին՝ նայելով ուղիղ նրա աչքերի մեջ: Փոխադարձաբար, նույն անմիջականությամբ հանդիսատեսը գնահատում է դերասանի խաղը: Հայաստանում կա նաև հանրային պահանջ, որպեսզի ժողովրդի կողմից սիրված արվեստագետը լինի ժողովրդի կողքին, արտահայտի նրա վիշտն ու ուրախությունը: Մենք շատ ենք ունեցել ժողովրդի հույզերն արտահայտող արվեստագետներ, ովքեր չեն վարանել քննադատել անգամ ամենադաժան իշխանություններին: Կարծում եմ, այն արվեստագետը, ով կորցրել է իր դեմքը և չի կարող բաց ճակատով ներկայանալ իր ժողովրդին, առավել քան «կործանված» է:

-Դուք ապրում եք ԱՄՆ-ում: Մշակութային տարբերություններն օգնու՞մ, թե՞ խանգարում են Ձեզ:

-Կարծում եմ՝ մշակութային տարբերությունները խանգարել չեն կարող: Որքան շատ ես շփվում օտար մշակույթների հետ, որոնք, ինչպես գիտեք, Միացյալ Նահանգներում բազմաթիվ են, այնքան մտահորիզոնդ լայնանում է և ավելի լավ ես ընկալում քոնը՝ հայկականը, որպես համաշխարհային մշակույթի յուրօրինակ ու անփոխարինելի մաս:

-Գրականություն, կինո, թատրոն: Ո՞րն է Ձեզ ամենահոգեհարազատը և ինչու՞:

-Երեքն էլ ինձ համար շատ կարևոր են ու սիրելի: Հավանաբար, պետք է ասեմ գրականությունը: Առանց գրքի, գրականության, անգամ մեկ օր չեմ կարող պատկերացնել:

-Ասում են՝ թարգմանությունը մի ոտքով «կաղ» է: Համամի՞տ եք:

-Իհարկե ոչ: Երբեմն թարգմանությունը շատ ավելի հաջող է, քան բնագիրը: Դրա ապացույցները բազմաթիվ են: Սկսած Աստվածաշնչից մինչև Թումանյան...

Բազմաթիվ են օրինակները: Կարդացեք Վահագն Դավթյանի թարգմանությամբ Ալիսա Կիրակոսյան, և անմիջապես կհրաժարվեք այդ մտքից: Թարգմանությունն ինքը պետք է ստացվի առանձին ստեղծագործություն, պետք է քո լեզվի հետ հարազատանա այնպես, որ ընթերցողդ օտար որևէ նշույլ չզգա: Սա է գաղտնիքը:

-Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան վստահ էր, որ պետք չէ կինո ստեղծել գրքից: Կինո պետք է գրել մաքուր էջից: Իսկ Դու՞ք...

-Սթիվեն Սփիլբերգն էլ ասում է. «Դուք չպետք է երազեք ձեր ֆիլմի մասին, այլ պետք է ստեղծեք այն»: Երկուսն էլ ճիշտ խոսքեր են ասում: Յուրաքանչյուրը խոսում է իր ստեղծագործական փորձառության և ունակությունների տեսանկյունից: Սփիլբերգի մոտեցումն ինձ նրանով է հոգեհարազատ, որ ինքս էլ չեմ սիրում անվերջ երազել, եթե կա մի բան, որ երազում եմ անել, ապա փորձում եմ անել դա:

-Ըստ Ձեզ՝ բոլոր սիրային պատմությունները նմա՞ն են իրար:

-Իհարկե ոչ: Ինչո՞ւ պետք է բոլոր սիրային պատմություններն իրար նման լինեն: Սերն այն վեհ զգացմունքն է, որը յուրաքանչյուր ոք տարբեր ձևով է զգում, ընկալում և արտահայտվում: Եվ դրա հետ կապված պատմությունները միմյանցից շատ տարբեր են:

-Ի՞նչն է զարդարում տղամարդուն:

-Կարելի է շատ խոսել այս թեմայով, թվարկել մարդկային բարեմասնություններ : Սակայն ձեր հարցին ես կպատասխանեմ մեկ բառով՝ աշխատանքը:

-Ո՞րն է երջանկության Ձեր բանաձևը:

-Հետաքրքիր է, ես այդ մասին չեմ մտածել: Հավանաբար, հենց դա է իմ երջանկության բանաձևը: Եթե անվերջ փնտրես երջանկություն, հավանաբար երբեք չես գտնի, ճիշտ այնպես, ինչպես, եթե անվերջ փնտրես, թե ո՞րն է կյանքի իմաստը, այդպես էլ երբեք դա չես իմանա, քանի որ չկա այդպիսի բան: Երջանկությունն ու կյանքի իմաստն այն են, ինչը մենք դրանց վերագրում ենք:

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:

 

դիտվել է 3584 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Փաշինյանն ուղիղ եթերում է

Ուղիղ․ Փաշինյանն հայտարարությամբ է հանդես գալիս

Հավաքվածները նախաճաշում են դատարանի բակում (տեսանյութ)

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար