Երևան
20 / Մայիս / 2019

Վարչապետն ու նախագահի քաղաքական ախորժակը. նոր մերժում

Ժողովուրդ օրաթերթը գրում է, որ խորհրդարանի մեծամասնությունը հակված է այս անգամ էլ մերժել Սահմանադրկան դատարանի դատավորի թեկնածուին, որը ներկայացնում է Հայաստանի նախագահը: Արմեն Սարգսյանը նախօրեին ներկայացրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Սարգսյանը հեղափոխությունից հետո դատավորի թեկնածու է ներկայացնում արդեն երրորդ անգամ: Առաջին անգամ նա ներկայացրել էր հեղափոխության թեկնածուին՝ ՀԱԿ համակիր փաստաբան Վահե Գրիգորյանին, որը մարտիմեկյան գործով տուժողների շահերի ներկայացուցիչ է:


Վահե Գրիգորյանի թեկնածությունը խորհրդարանը մերժեց, բայց դա այն խորհրդարանն էր, որտեղ փաստացի մեծամասնությունը նախկին իշխող ուժն էր: Նոր խորհրդարանին Արմեն Սարգսյանը ներկայացրեց նոր թեկնածու՝ Գոռ Հովհաննիսյան, որը սովորել եւ աշխատում է Գերմանիայում, իրավագիտության դոկտորի կոչում է ստացել այդ երկրում եւ հայտնել էր Հայաստանում աշխատելու պատրաստակամություն: Խորհրդարանի նոր կառավարող մեծամասնությունը կայացրեց Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժելու քաղաքական որոշում, որի հիմքում թերեւս այն էր, որ Սարգսյանը երկրորդ անգամ չի ներկայացրել կառավարող մեծամասնությանը սրտամոտ թեկնածուի՝ նույն Վահե Գրիգորյանին:

 

Բայց, օրենքը պհանջում էր, որ առաջին թեկնածուի մերժվելու դեպքում նախագահը ներկայացնի նոր թեկնածու: Արդյոք նորից ներկայացված նույն թեկնածուն կարող է համարվել նոր:

Երրորդ անգամ, արդեն, նախագահ Սարգսյանը անգամ օրենքի պահանջի խնդիր չլինելու դեպքում հազիվ թե ներկայացներ Վահե Գրիգորյանի թեկնածությունը, քանի որ դա կարող էր լինել արդեն պետական, քաղաքական արժանապատվության խնդիր, այն վերաբերմունքից հետո, որ խորհրդարանում արժանացավ նախագահ Սարգսյանի ներկայացրած երկրորդ թեկնածուն:

Եվ ահա, ըստ Ժողովուրդ թերթի, կառավարող մեծամասնությունը մտադիր է մերժել նախագահ Սարգսյանի ներկայացրած նոր թեկնածուին: Ո՞րն է մերժման բուն նպատակը, եթե իհարկե այս անգամ էլ դա տեղի ունենա: Եթե նպատակը Վահե Գրիգորյանի թեկնածության հասնելն է, ապա մերժումները հազիվ թե լինեն դրա ճանապարհ: Դրանք նախագահ Սարգսյանի համար հարցը դարձնում են ավելի ու ավելի սկզբունքային, դրանից բխող վարքագծով:

Ի՞նչ դերակատարում ունի այս իրավիճակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի խորհրդականն է Վահե Գրիգորյանը: Նա՞ էր, օրինակ, Գոռ Հովհաննիսյանի թեկնածության մերժման քաղաքական որոշում թելադրողը, թե՞ Նիկոլ Փաշինյանը դեմ չի գնացել կառավարող մեծամասնությանը, այդ հարցում չառաջնորդվելով անձնական մոտեցումները առաջ մղելու տրամաբանությամբ եւ միաժամանակ այդպիսով թույլ տալով թեթեւ կսմիթ Արմեն Սարգսյանի հանդեպ:

Արդյոք դրա պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ունի Արմեն Սարգսյանի՝ իր դեմ քաղաքական միջնորդավորված խաղի կասկածներ: Որովհետեւ հրապարակային գործունեության տիրույթում Սարգսյանը գործնականում դրսեւորվում է Հայաստանում տեղի ունեցածի աջակցությամբ: Ավելին, Սարգսյանին դրա համար սուր քննադատության են ենթարկում նախկին իշխանության ներկայացուցիչներ: Բառացիորեն օրեր առաջ Արմեն Սարգսյանին անսկզբունքայնության համար մեղադրեց Արփինե Հովհաննիսյանը՝ հոկտեմբերի 2-ի հայտնի աղմկոտ օրինագիծը չստորագրելու եւ այն ժամանակ ՍԴ ուղարկելու համար, որը Նիկոլ Փաշինյանին խորհրդարանի լուծարման գործընթացը արագացնելու ժամանակ տվեց: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ՍԴ-ն որոշեց, որ աղմկոտ օրինագիծը սահմանադրական է: Արփինե Հովհաննիսյանը գրել էր, թե Արմեն Սարգսյանն այն ժամանակ էլ գիտեր, որ օրենքը լիովին սահմանադրական էր:

Արմեն Սարգսյանն այն ժամանակ որոշեց չխանգարել հեղափոխության վճռորոշ փուլին եւ արտահերթ ընտրության գործընթացը արագացնելուն: Ինչու՞ է ՍԴ դատավորի հարցում նա ստանում այդպիսի մերժում: Խոսքն իհարկե այն մասին չէ, որ կառավարող մեծամասնությունն ամբողջ կյանքում պետք է պարտական լինի Արմեն Սարգսյանին: Վերջին հաշվով, անգամ օրենքը ստորագրելու դեպքում դա հազիվ թե կանխեր հեղափոխության ընթացքի դինամիկան:

Հարցը տվյալ դեպքում այն է, թե ու՞մ է պետք կառավարող մեծամասնության եւ նախագահի միջեւ հարաբերության լարումը, հատկապես հենց կառավարող մեծամասնության ձեռամբ, երբ նախագահ Սարգսյանն ինքը որեւէ կերպ հրապարակային հարթության վրա տուրք չի տալիս այդ լարումն առաջացնելու առնվազն նախորդ իշխող համակարգի ներկայացուցիչների փորձերին:

Թե Նիկոլ Փաշինյանն այդպիսով ակնկալում է առաջիկա տարիների համար քաղաքական ախորժակ խթանել Արմեն Սարգսյանի մոտ, որովհետեւ Հայաստանի քաղաքական համակարգի արդիականացման հեռանկարը պահանջում է որակյալ նոր խաղացողներ: Հարց, որի առումով հետհեղափոխական շրջանն ակնհայտ խնդիրներ է ցուցանում թե կառավարող քաղաքական բեւեռի կազմի եւ բովանդակության, թե նաեւ ընդդիմադիր դաշտի ուղղությամբ:

Նյութի աղբյուրը՝ https://www.lragir.am/2019/05/16/443372/  

դիտվել է 15986 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Փաշինյանն ուղիղ եթերում է

Ուղիղ․ Փաշինյանն հայտարարությամբ է հանդես գալիս

Հավաքվածները նախաճաշում են դատարանի բակում (տեսանյութ)

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար