Երևան
29 / Փետրվար / 2020

Լավ լուր աշխատավարձերի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Պատգամավորներն առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 65 հազար դրամ:

Գործավարձով եւ ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար պատգամավորներն առաջարկում են ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել ՝

1) աշխատաժամանակի նորմալ տեւողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 390 դրամ.

2) աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 435 դրամ.

3) աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 650 դրամ:

Որպես հիմնավորում պատգամավորները նշում են, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական մեծաթիվ հանդիպումների ընթացքում, որոնք տեղի էին ունենում համայնքային կազմակերպությունների՝ նախադպրոցական հաստատությունների, գրադարանների, սոցիալական ծառայություններ մատուցող ՀՈԱԿ-ների եւ ՊՈԱԿ-ների ներկայացուցիչների հետ, բազմիցս արծարծվել է ցածր աշխատավարձի խնդիրը: Նրանցից շատերը՝ ՀՈԱԿ-ների, գրադարանների, նախադպրոցական հաստատությունների աշխատակիցները չեն օգտվում սոցիալական փաթեթից:

Բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը, կենսամակարդակը եւ կյանքի որակը երկրի գլխավոր նկարագրերից են: Նշված չափանիշները մեծապես կախված են երկրում առկա աշխատավարձերի մակարդակից:

Տնտեսական ցնցումներից առավել անպաշտպան է աշխատողների այն հատվածը, որը վարձատրվում է պետության կողմից սահմանված նվազագույն աշխատավարձի չափով՝ մեր պարագայում 55 հազար դրամ:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք գործոններով: Ներկայումս առկա նվազագույն աշխատավարձի չափը չի լուծում աշխատողների սոցիալական բոլոր խնդիրները: Այն շատ դեպքերում համարժեք չէ աշխատողի կողմից ներդրված ջանքերին: Հարկ է նշել, որ ներկայիս նվազագույն աշխատավարձի չափը չի համապատասխանում նաեւ Հայաստանում հաշվարկված սպառողական զամբյուղին եւ սպառողական գների ինդեքսի աճին:

Այսպիսով, ստանալով 55 հազար դրամ աշխատավարձ, քաղաքացին ի զորու չէ հոգալ իր ամենապարզունակ կարիքները: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ շատ դեպքերում ընտանիքի անդամներից աշխատանք ունի միայն մեկը, առաջ է գալիս գոյատեւելու խնդիրը:

Հայաստանի աշխատուժի շուկայում եւ սոցիալ-տնտեսական ոլորտում առհասարակ կա եւս մի դժվար բացատրելի խնդիր. աշխատանք ունեցողների շուրջ 20 տոկոսն աղքատ է: Վերոնշյալ խնդիրներին լուծում տալու նպատակով պատգամավորներն առաջարկում են փոփոխությունների ենթարկել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքը:

Մասնավորապես՝

1.Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնել մինչեւ 65 հազար դրամ:

2.Աշխատաժամանակի նորմալ՝ 40 ժամ շաբաթում, եւ կրճատ՝ 36 եւ 24 ժամ տեւողության դեպքում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել համապատասխանաբար 390 դրամ, 435 դրամ եւ 650 դրամ:

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկանքի, օրինակ, 2019 թվականի մարտ ամսվա դրությամբ հանրապետությունում մինչեւ 84 հազար 416 դրամ (ներառյալ հարկերը) աշխատավարձ ստացող լրիվ աշխատաժամանակով աշխատակիցների թիվը 45950 է, որից պետական ապարատում աշխատողներինը՝ 8409, ՀՈԱԿ-ներում՝ 6017: Նախագծի ընդունման արդյունքում նշված մարդկանց աշխատավարձը կբարձրանա միջինը 7800 դրամով, փոփոխություններն իրականացնելու համար պետական բյուջեից կպահանջվի տարեկան շուրջ 1.1 մլրդ դրամ հավելյալ ծախս, իսկ համայնքների բյուջեից 580 մլն դրամ: Ընդհանուր առմամբ աշխատավարձին հատկացվող միջոցները մասնավոր եւ պետական հատվածներում կկազմեն շուրջ 4.86 մլրդ դրամ:

Աղբյուրը՝ https://lavinfo.com/%D5%AC%D5%B8%D6%82%D6%80%D5%A5%D6%80/%D5%AC%D5%A1%D5%BE-%D5%AC%D5%B8%D6%82%D6%80-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B1%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%AC/ 

դիտվել է 31118 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից