Երևան
21 / Հուլիս / 2019

«Սառը ցնցուղ» Քոչարյանի գլխին, կարևոր ակնարկ Փաշինյանին․ Վաշինգտոնի ուղերձը

Ժողովրդավարությունը հիմա առավել քան երբևէ ամուր է Հայաստանում, այսօր հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին։

Նա այսօր հանդես է եկել Հայաստանում իր գործունեության ծրագրերի և ուղեգծերի մասին ելույթով: Դեսպանը մասնավորապես նշել է. «Թեպետ Հայաստանն աշխարհագրությամբ ու պատմությամբ կապված է Ռուսաստանի հետ, սակայն արժեքներով դուք կապված եք Արևմուտքին»։

Նորանշանակ դեսպանի ծրագրային ելույթը, անշուշտ, ուշագրավ է, մանավանդ երբ այն դիտարկում ենք Հայաստանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում։

Վաշինգտոնն, ըստ էության, իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, նրա օրակարգին՝ արձանագրելով մեր երկրում ժողովրդավարության ամրությունը։

Սա անուղղակի պատասխան է նախկին համակարգի ներկայացուցիչների պնդումներին, որոնք ամբողջ օրն աղմկում են Հայաստանում ժողովրդավարության իբրև թե նահանջի, կողմնակալ ու քաղաքականապես մոտիվացված դատավարությունների ու նախաքննությունների թեմաներով։

Հարցն ակտուալ է հատկապես վերջին երեք օրերին, երբ մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը, որի ընթացքում երկրորդ նախագահը խոսել է իր նկատմամբ իբրև թե կողմնակալ վերաբերմունքի մասին։

Դեսպան Թրեյսիի այսօրվա հայտարարությունն իսկական «սառը ցնցուղ» է Քոչարյանի ու նրա աջակիցների համար։

Բանն այն է, որ Քոչարյանի գործը քաղաքականապես մոտիվացված է համարում միայն Մոսկվան, ինչը թեև կարևոր աջակցություն է երկրոդ նախագահի համար, սակայն, մյուս կողմից, նրան ավելի մարգինալ է դարձնում մեր հասարակության ու միջազգային հանրության աչքերում՝ հաշվի առնելով այսօրվա Ռուսաստանի, մեղմ ասած, կասկածելի հեղինակությունն ու քամահրական վերաբերմունքը ժողովրդավարության ու մարդու իրավունքների հանդեպ։

Քոչարյանն իր աջակիցների ակցիայով փորձում է երկու խնդիր լուծել։ Ինքնին հասկանալի է, որ Մարտի 1-ի գործով Քոչարյանի մեղսակցությունը հաստատող բազմաթիվ փաստեր կան, որոնք երկրորդ նախագահին ստիպում են հույսը կտրել արդարադատությունից, ու նա փորձում է խաղարկել «քաղաքացիական բախումների» սցենարը՝ իրավական գործընթացն ապալեգիտիմացնելու նպատակով։ Դրանով է բացատրվում երկրորդ նախագահի աջակիցների ագրեսիվ, ըստ էության՝ ապօրինի վարքագիծը դատարանի դահլիճում ու դրա բակում։

Մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանը փորձում է միջազգային հանրության աչքերում իմիտացիա ստեղծել, թե հասարակության մի ստվար զանգված պաշտպանում է իրեն, այլ խոսքով՝ փորձում է քաղաքական հալածյալի պատմուճանի տակ թաքնվել։

Հայաստանում ԱՄՆ դեսպանն այսօր, ըստ էության, հասկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանը սպասելիքներ չունենա Արևմուտքից, որովհետև «ամուր ժողովրդավարությունը» բացառում է քաղաքական հետապնդումները, սարքովի գործերը, մի խոսքով՝ բոլոր այն երևույթները, որոնք կարող են կապ ունենալ, այսպես կոչված, ընտրովի արդարադատության հետ։

Մյուս կողմից՝ Լին Թրեյսիի խոսքը կարելի է նաև անուղղակի պատասխան համարել Նիկոլ Փաշինյանի վերջին ռուսամետ հարցազրույցներին ու այդ համատեքստում նրա արտահայտած վիճահարույց մտքին, թե Վաշինգտոնն առարկայական վերաբերմունք չի ցուցաբերել թավշյա հեղափոխությանը։ Դեսպանի այսօրվա գնահատականները խոսում են միանգամայն հակառակ պատկերի մասին՝ կասկածի տակ դնելով վարչապետի հայտարարության օբյեկտիվությունը։

Մյուս կողմից՝ ամերիկացի դիվանագետը նրբանկատորեն հասկացնում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է «աշխարհագրությամբ ու պատմությամբ»՝ թերևս տողատակով ակնարկելով, որ հեղափոխության արժեքների կապիտալիզացիան մեր երկիրն անխուսափելիորեն հասցնելու է մի հանգրվանի, որտեղ Հայաստանն արժեքներով կապված է լինելու Արևմուտքին։ Այլ խոսքով՝ դեսպանը ձևակերպում է Հայաստանի զարգացման տեսլականը, որում վճռորոշ դեր չի կարող վերապահվել պատմությանը, անցյալին։

Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարի, թե մեր հեղափոխությունն արժեքային և ոչ թե աշխարհաքաղաքական կողմնորոշման արդյունք է, միևնույն է՝ հստակ է, որ փոքր ու սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրների համար արժեքային ու արտաքին կողմնորոշումները շատ դեպքերում համընկնում են։

Ի վերջո, հնարավոր չէ պատկերացնել դեմոկրատական, հեղափոխական Հայաստանի անվտանգ ու բարեկեցիկ գոյակցությունը եվրասիական ավտորիտար միջավայրում։ Ժամանակի ընթացքում Նիկոլ Փաշինյանի թիմը կանգնելու է լուրջ երկընտրանքի առաջ՝ կա՛մ հեղափոխության արժեքները կապիտալիզացնել արտաքին քաղաքականության մեջ, կա՛մ էլ դրանք խորտակել եվրասիական ճահճում:

Նյութի աղբյուրը՝ https://news-arm.ru/%D5%BD%D5%A1%D5%BC%D5%A8-%D6%81%D5%B6%D6%81%D5%B8%D6%82%D5%B2-%D6%84%D5%B8%D5%B9%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A3%D5%AC%D5%AD%D5%AB%D5%B6-%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80/ 

դիտվել է 84322 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսայնութ. Ով է Վաչե Թովմասյանի կինը

Տեսանյութ. Ով է Արամ MP3-ի կինը

Ով է Զարուհի Բաբայանի որդին, տեսեք որքան է մեծացել նա

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է