Երևան
18 / Հունիս / 2019

Նիկոլ Փաշինյանի որոշումը. ինչ արեցին դատարանն ու նախագահները

lragir.am-ը գրել է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանը կոչ է արել մայիսի 20-ի առավոտից արգելափակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը, թույլ չտալով որեւէ ելումուտ եւ կասեցնելով դատարանների աշխատանքը: Փաշինյանը հայտարարել է, որ այդ ընթացքում ինքը խորհրդակցության է հրավիրել բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների՝ իրավիճակը քննարկելու համար, որից հետո ելույթ կունենա ու կասի նաեւ, թե որոնք են լինելու հետագա քայլերը: Փաշինյանը ազդարարել է հեղափոխության երկրորդ եւ կարեւոր փուլի մեկնարկ, ակնարկելով, որ խոսքը դատական համակարգի մասին է:

Նա հայտարարել է, որ երբեմն հանրությունն ունեցել է իշխանության դանդաղկոտության, երկչոտության տպավորություն, չհամաձայնելով որեւէ քայլ անելուց առաջ լիարժեք համոզվածության իր աշխատաոճին, սակայն նշել է, որ քայլերը պետք է լինեն հերթով եւ հասունանան ժամանակի մեջ:

Փաստացի ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակող վճռով դատարանը հասունացրել է դատական համակարգի դեմ Նիկոլ Փաշինյանի եւ հանրության հեղափոխական քայլերի մեկնարկ, եթե հանրային լայն զանգվածներ միանան վարչապետի կոչին:

Ավելի շուտ, ստացվում է, որ Արցախի գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն են Փաշինյանի կտրուկ քայլի կամ մեկնարկի «նախաձեռնողները», որովհետեւ դատարանի որոշման հիմքում փաստացի հենց նրանց երաշխավորությունն է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցում:

Այդ երաշխավորությամբ նրանք առաջին անգամ ներկայացան սխալ հասցեով՝ դատախազություն, որտեղից նրանց ցույց տվեցին դատարանի տեղը: Առաջին անգամ նրանք դա արեցին Հաղթանակի տոնին ընդառաջ, ասելով, թե կուզեին, որ Արցախի ներկա ու նախկին բոլոր նախագահները լինեն Հաղթանակի տոնի մասնակից: Փոխարենը Հաղթանակի տոնին Ստեփանակերտում էին նախ «մերժված նախագահ» Սերժ Սարգսյանը, ընդ որում նրա այցն առաջին անգամ ազդարարվել էր պաշտոնապես՝ իր գրասենյակի հաղորդագրությամբ, եւ Ստեփանակերտ մեկնեցին նաեւ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Սերժ Սարգսյանը Արցախում մնաց տեւական ժամանակ, ընդ որում շրջելով, հանդիպումներ ունենալով, անգամ երգելով ու պարելով եւ հայտարարելով, որ կարոտում է զոհված մի շարք հերոսների:

Հատկանշական է, որ Հաղթանակի տոնից հետո վերադառնալով Երեւան, Նիկոլ Փաշինյանը գրառում արեց, որ, եթե ոմանք ունեն Արցախը հակահեղափոխության օջախ դարձնելու մտադրություն, ապա Արցախի հանրությունը շատ արագ դրան կպատասխանի հեղափոխությամբ: Փաշինյանն այդպես արձագանքեց այն քննարկումներին ու խոսակցություններին, որ Հաղթանակի տոնին ընդառաջ իրենց նախաձեռնությամբ հարուցել էին Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:

Նրանք դրանից հետո այդուհանդերձ եկան դատարան ու երաշխավորեցին Ռոբերտ Քոչարյանի համար: Մինչ այդ, Ստեփանակերտից վերադառնալով Երեւան, Արարատ Միրզոյանը հայտարարեց մայիսի 24-ին անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումների մասին: Այդ հայտարարությունից հետո տեղի ունեցավ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի այցը Երեւան եւ հանդիպումը ԱԺ նախագահի հետ, որից հետո նա հայտարարեց՝ եկել է գործնական եւ ընկերական հարաբերությունը խորացնելու եւ հավաստելու, որ Երեւանի ու Ստեփանակերտի միջեւ չկա որեւէ խնդիր:

Մայիսի 18-ին եղավ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման մասին դատարանի որոշումը: Դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի կտրուկ կոչը եւ հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկի մասին հայտարարությունը: Սակայն, ուշագրավ է նաեւ, որ մինչ այդ, եւ մինչ Քոչարյանի դատավճռի հրապարակումը, հեռախոսազրույց է տեղի ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի եւ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի միջեւ, ընդ որում Սարգսյանը Հարությունյանին զանգահարել է Ղազախստանից, որտեղ գտնվում էր տնտեսական ֆորումի առիթով:

Իրավիճակը հիշեցնում է հոկտեմբերի 2-ը, երբ խորհրդարանի ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ մեծամասնությունն ընդունեց հայտնի օրենքը վարչապետի ընտրության կարգի վերաբերյալ, որով փաստացի խոչընդոտներ էին առաջանում վարչապետի հրաժարականի միջոցով ԱԺ-ն լուծարելու եւ արտահերթ ընտրության գնալու գործընթացի համար: Բայց այդ օրենքի ընդունումը արագացրեց այն, ինչը կանխարգելելու համար բերվել էր օրենքը, ադպիսով ունենալով բումերանգի էֆեկտ:

Փաստացի, առկա է երկրորդ հոկտեմբերի 2-ի տպավորություն, թեեւ դեռ պարզ չէ, թե ինչպիսի ամբողջություն ունի Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշումը, ոչ միայն անելիքների, այլ նաեւ արտաքին ազդակների առումով:

դիտվել է 18514 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Բանակում «լավ տղա» հասկացություն չկա. ինչ են պատմում զինծառայողներն իրենց առօրյայից

Հենրիխ Մխիթարյանի և քրոջ՝ Մոնիկայի գեղեցիկ պարը հարսանեկան արարողության ժամանակ (Video)

Աշխարհահռչակ երգիչը երգել է Հենրիխի ու Բեթթիի հարսանիքին (Video)

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3