Երևան
18 / Հունիս / 2019

«Օրակարգում այլևս անհետաձգելի և հրատապ լուծում պահանջող խնդիր է». Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում խորհրդարանի, գործադիր, իրավապահ և այլ կառույցների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց, որ օրակարգում այլևս անհետաձգելի և հրատապ լուծում պահանջող խնդիր է։


Ըստ նրա՝ ՀՀ-ում քաղաքական փոփոխություններից հետո երկրում հաստատված է ժողովրդի վստահությունը վայելող լեգիտիմ կառավարություն և Ազգային ժողով։ Սակայն, ըստ նրա, վերջին 1 տարվա իրադարձությունները շարունակաբար ի ցույց են դնում, որ ՀՀ-ում ինչպես չի եղել, այնպես էլ չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն և դատական իշխանության գործունեությունը շարունակաբար ալեկոծություններ է առաջացնում հանրության շրջանում։

«Չեմ կարող և չեմ ուզում դատողություններ անել դատական իշխանության կողմից կայացվող որոշումների օրինականության ու հիմնավորվածության մասին։ Այս մասին դատողություններ անելը իմ լիազորությունների մեջ չի մտնում, չնայած անհնար է դատարանների բոլոր որոշումները նույն արշինով չափել և նույն գնահատականին արժանացնել։ Անկախ ամեն ինչից, ակնհայտ է սակայն, որ դատական համակարգի որոշումները խորապես անվստահելի են հանրության համար և սա ասում եմ ոչ միայն որպես վարչապետ, այլ ՀՀ ժողովրդի ներկայացուցիչ, ով ունի քաղաքական իրավունք՝ խոսել ժողովրդի՝ Հայաստանի իշխանության բարձրագույն կրողի անունից։

Հայաստանի ժողովուրդը գիտի, որ ինքը իր ազատ կամարտահայտմամբ ձևավորել է օրենսդիր իշխանություն, ԱԺ միջազգանորեն ազատ, արդար և թափանցիկ ժողովրդավարական ճանաչված ընտրությունների արդյունքներովձևավորել է կառավարություն՝ գործադիր իշխանություն, բայց Հայաստանի ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ անընդհատ դավադրություններ են նախագծվում և իրագործվում ժողովրդի դեմ։ Որքանո՞վ է իրական այս կանխավարկածը, որքանո՞վ է հիմնավորված, բոլորովին ուրիշ խնդիր է, բայց այն, որ դատական իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը, նշանակում է, որ չունի նաև գործելու բավարար լեգիտիմություն, ինչն այսօր ուղղակի սպառնալիք է մեր երկրի բնականոն կյանքին, կայունությանն ու ազգային անվտանգությանը»,- ասաց Ն.Փաշինյանը։

Հիշեցնելով, որ վարչապետ ընտրվելու առաջին օրից պարտավորվել է որևէ միջամտություն չունենալ դատական իշխանության գործերին, Ն.Փաշինյանը նշեց, որ այդ պարտավորությունը պահպանել է սրբորեն, բայց մյուս կողմից չի կարող երաշխավորել, որ դատական համակարգը չի ենթարկվում ստվերային և ապօրինի ազդեցությունների՝ հիմնականում նախկին կոռուպցիոն համակարգի կողմից, որովհետև այդ երկու համակարգերն իրար կապված են մարդկային, քաղաքական և այլ կապերով։ Նա բերեց մի օրինակ.

«Որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ այսօրվա դատական համակարգն ի վիճակի է օբյեկտիվ քննություն անել հենց նույն Մարտի 1-ի գործով այն պարագայում, երբ գործադիր իշխանությունների կողմից թույլ տրված տասնյակ ապօրինություններ կյանքի են կոչվել հենց դատական գործող համակարագի միջոցով։ Եվ դա հիմա արդեն երևում է ՄԻԵԴ կայացրած որոշումներով, որոնք վերաբերում են նաև, այսպես կոչված, իրացման գոտիների բնակիչների և այլ խնդիրներին։ Այս իրավիճակն իր ուղղակի ազդեցություն է ունենում նաև կոռուպցիոն հանցագործությունների դեմ մեր հայտարարած պայքարի վրա»

դիտվել է 3967 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Բանակում «լավ տղա» հասկացություն չկա. ինչ են պատմում զինծառայողներն իրենց առօրյայից

Հենրիխ Մխիթարյանի և քրոջ՝ Մոնիկայի գեղեցիկ պարը հարսանեկան արարողության ժամանակ (Video)

Աշխարհահռչակ երգիչը երգել է Հենրիխի ու Բեթթիի հարսանիքին (Video)

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3