Երևան
20 / Սեպտեմբեր / 2019

Ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցներն. Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարությունում հրավիրված քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրապես հասունացել է հակակոռուպցիոն պայքարի հստակ, վստահելի և ինստիտուցիոնալ լուծումների ժամանակը։ Ն.Փաշինյանի խոսքով՝ դատական անկախ համակարգի բացակայությունը մեր երկրի առջև ծառացած թիվ մեկ սպառնալիքն է, և այդ խնդրի օր առաջ լուծումը՝ հանրային համաժողովրդական պահանջ։

«Իմ իրավական և քաղաքական կարգավիճակի բերումով՝ պարտավոր եմ ամեն ինչ անել, որպեսզի ժողովրդի լավագույն ակնկալիքները կյանքի կոչվեն, իրականություն դառնան, և այդ ամենը տեղի ունենա հնարավորինս անցնցում»,- ասաց Ն.Փաշինյանը։

Նա անդրադարձավ ևս մի թեմայի, որը, իր խոսքով, անուղղակի կապ ունի վերոնշյալ թեմայի հետ, և նշեց, որ նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժերը փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձևը՝ տարաձայնություններ, հակասություններ և նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև՝ «բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով։ Ն.Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ում կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերն Արցախում Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի հանդեպ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար։ Ն.Փաշինյանը նշեց, որ դեռևս անցած խորհրդարանական ընտրություների ժամանակ ինքն ասել է, որ դրա տակ տեսնում է ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը ՀՀ կառավարության վրա դնելու հեռահար նպատակ:

«Այս իմաստով՝ դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, և որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող ՀՀ վարչապետ, պատերազմական իրավիճակներում ԶՈՒ գերագույն հրամանատար՝ ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցներն այս դավադիր մտադրություններն արմատախիլ անելու համար։ Իմիջիայլոց, կարծում եմ, հասունացել է ժամանակը 2016 թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար։

Ամփոփելով Արցախ-Հայաստան թեման՝ կոչ եմ անում Արցախի մեր ժողովրդին միանշանակ և աներկբա ոչ ասել, մերժել բոլոր այն ուժերին, ում գործունեությունն ուղղված է մեր ժողովրդի երկու հատվածների միջև հակասություններ սերմանելուն։ Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս ՀՀ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից։ Մյուս բոլոր ուժերը միանշանակ և աներկբա միայն մեկ նպատակ ունեն՝ Արցախի ժողովրդին օգտագործել իրենց նեղ խմբային շահերը սպասարկելու, նախկինում գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար, Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության դեմ դավադրություններ հրահրելու համար։

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները խորքային են և անշրջելի, և այդ փոփոխությունների հեղինակը ոչ թե առանձին վերցրած քաղաքական ուժ է, այլ Հայաստանի ազատ և հպարտ քաղաքացին, ողջ հայ ժողովուրդը»,- ասաց ՀՀ վարչապետը՝ նշելով, որ բոլոր նրանք, որ ապրում են Հայաստանը ետ շպրտելու անիմաստ մոլուցքով, գործում են ընդդեմ Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի։

Ն.Փաշինյանի խոսքով՝ սիրո և համերաշխության հեղափոխությունը տապալել է կոռուպցիոն համակարգը և չի կարող համակերպվել որևէ այլ արդյունքի հետ, քան այդ կոռուպցիոն համակարգի ամբողջական և անվերապահ կապիտուլյացիան։

Կրկին անդրադառնալով դատական համակարգին՝ Ն.Փաշինյանը նշեց, որ չի կարող գոյություն ունենալ դատական համակարգ, որի իշխանությունը չի բխում ժողովրդից։ Նա մեջբերեց ՀՀ Սահմանադրության ոչ փոփոխելի երկրորդ հոդվածը՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»։ Հետևաբար, ըստ նրա, երկրում չի կարող գոյություն ունենալ իշխանություն, այդ թվում՝ դատական, որ չի ներկայացնում ժողովրդին, որի իշխանությունը չի բխում ժողովրդից։

«Որպես Հայաստանի վարչապետ՝ ինձ համարում եմ ժողովրդի իշխանության երաշխավորը և մտադիր եմ այդ իշխանության երաշխավորման նպատակով իրականացնել անհրաժեշտ քայլեր, ընդհուպ անհրաժեշտության դեպքում՝ ժողովրդի անմիջական աջակցությանը դիմելը։ Եվ այս իմաստով պատեհ եմ համարում մեկնաբանել, թե ինչ նպատակ և խորհուրդ ունի այսօր վաղ առավոտից Հայաստանի, առանց բացառության, բոլոր դատարանների մուտքերն արգելափակելու իմ կոչը։ Այդ ակցիայի առանցքային սիմվոլն այն է, որ Հայաստանում չի կարող լինել դատական համակարգ, որը չունի ժողովրդի վստահությունը։ Հակառակ դեպքում՝ նույնիսկ ամենահիմնավորված որոշումը ժողովուրդն ընկալելու է՝ որպես վիրավորանք, որովհետև դատավճիռները կայացվում են հանուն Հայաստանի Հանրապետության, այսինքն՝ ՀՀ ժողովրդի անունից։ Եվ այդ վճիռները կարող են կայացնել միայն այնպիսի մարդիկ, ովքեր ունեն ՀՀ-ի, այսինքն՝ ժողովրդի անունից խոսելու ինստիտուցիոնալ իրավունք»,- ասաց Ն.Փաշինյանը։

դիտվել է 14951 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա