Երևան
16 / Սեպտեմբեր / 2019

Առաջին հրաժարականը

Lragir.am-ը գրում է․ Հայկական ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, ըստ որի ուժային կառույցներին հանձնարարություն է տրված գտնել դատավորների վրա ազդելու այնպիսի միջոցներ, որը նրանց կստիպի հրաժարականի դիմումներ ներկայացնել: Խոսքը վերաբերում է նրանց ունեցվածքին՝ անշարժ եւ շարժական գույքի տեսքով: Ըստ տեղեկության, անհրաժեշտ է գտնել առնվազն այնպիսի դատավորների, ովքեր կհետեւեն վարչապետի կոչին եւ հրաժարական կտան:

Նիկոլ Փաշինյանն իր հայտնի ելույթում խոսել էր դատական համակարգում վեթինգի ներդրման անհրաժեշտության մասին, իսկ արդարադատության նախարարն ասել էր, որ բոլոր դատավորներն անխտիր ենթարկվելու են ստուգման՝ թե մասնագիտական, թե իրենց ունեցած կապերի եւ թե եկամուտների ու գույքի մասով: Նա չի բացառել նաեւ դատավորների ունեզրկման դեպքերը:

Դատական համակարգը նախկին վարչակարգի վերջին «մնացորդն» է այն առումով, որ ենթարկված է եղել այդ վարչակարգի ներքին «պայմանագրի» տրամաբանությանը, ներգրավվելով որոշումների կայացման ու փողի ստվերային շրջանառության որոշակի սխեմաներում: Պետք է նկատի առնել նաեւ, որ նախկին վարչակարգի օրոք դատավորների «սերնդափոխության» ընթացքում դատավորներ են կարգվել արդեն բարձրաստիճան պաշտոնյաների զավակները, հարազատներն ու մերձավորները: Նրանց թիվը զգալի է, եւ հասկանալի է, որ այս ամենը հաշվի առնելով՝ ներկայիս դատական համակարգը զգալի մասով նախկին վարչակարգից կախված է արյունակցական, կոռուպցիոն, «համատեղ հանցանքի» ամուր կապերով:

Դա երեւաց վերջին շրջանում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ հարուցված գործերից, երբ դատավորները հրաժարվում էին դատել:

Ըստ էության, վեթինգի ենթարկելով դատավորներին, դժվար չէ գտնել այդ կապերն ու դատական տարբեր որոշումների կայացման վրա դրա ազդեցությունը, ինչպես նաեւ պարզել գույքի ու եկամուտների ծագման աղբյուրը:

Հնարավո՞ր է, որ այս ամենով հանդերձ՝ դատական համակարգը փոխի իր գործունեության ոճն ու տրամաբանությունը, ստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնք այդ համակարգը կբերեն զուտ արդարադատության դաշտ: Դա դժվար է պատկերացնել, նկատի առնելով նախորդ քրեականացված համակարգի մետաստազները բոլոր ոլորտներում, եւ մասնավորապես՝ դատականում: Այդ պատճառով էլ թերեւս խոսք գնաց հենց վիրահատական միջամտության մասին:

Միեւնույն ժամանակ, շատերը հարց են բարձրացնում նաեւ այլ իրավապահների մասով, նշելով չհիմնավորված մեղադրանքի, քննիչների անորակ հետաքննության մասին, այդպիսով եզրակացնելով, որ խնդիրը համակարգային է եւ չի առնչվում միայն դատավորներին:

Առանձին խոսակցության նյութ է Հայաստանի այսպես կոչված քաղաքական ուժերի եւ տարբեր «ընդդիմադիր ու մտահոգ» շրջանակների բարձրացրած տիեզերական աղմուկը, որում նշվում է դատարանների հանդեպ հակասահմանադրական ճնշումների մասին: Նրանց մոտիվացիան հասկանալի է, միեւնույն ժամանակ պետք է արձանագրել մի հատկանշական հանգամանք՝ ոչ միայն դատական համակարգը, այլեւ պետական բոլոր մարմիններն ու կառույցները, ի դեպ՝ նաեւ այդ կուսակցությունները, նախկին վարչակարգի օրոք թղթերով ու ցուցանակներով սահմանադրական էին, սակայն գործում էին հակասահմանադրական դաշտում:

Ահա այն խորքային խնդիրը, որին բախվում են կառավարությունն ու հանրությունը, եւ որտեղ վիրահատական լուծումներից բացի այլ բուժումներ կարծես թե չեն երեւում: Տեսականում, իհարկե, «էվոլյուցիոն» փոփոխություն հնարավոր է, բայց դա կտեւի մի ողջ սերունդ:

Ո՞վ կտա առաջին հրաժարականը դատական համակարգում, ո՞վ կլինի այդ գիտակից դատավորը:

դիտվել է 150379 անգամ

Մխիթարյանի գոլն ու «Ռոմա»-ի հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Տեղի ունեցավ Li Voice խմբի՝ «Երազում» տեսահոլովակի պրեմիերան

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա