Երևան
24 / Հունիս / 2019

Ուշքի գալու նոր փորձ. Հայաստանի դեմ հենակետայինները

Lragir.am-ը գրում է․ Հուսով ենք, որ մեր մտահոգությունը լսելի է, եւ ձեռնարկվում են համապատասխան քայլեր, ՀԱՊԿ անդամ-պետության դեմ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պատրանքի բացառման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը Բիշքեկում ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների հավաքին ունեցած ելույթում, նշելով, որ կազմակերպության անդամ պետություններից որոշները ներգրավված են Ադրբեջանին սպառազինության վաճառքում:

Բիշքեկի հավաքի ընթացքում փաստացի ֆորմալացվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի հարցը: Ներկայացվել է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը, որը նշանակվելու դեպքում կպաշտոնավարի 2020 թվականի հունվարի 1-ից:

Զասի թեկնածությունը Բելառուսը առաջ մղեց մի քանի ամիս առաջ, Հայաստանի ներկայացուցիչ Խաչատուրովի հայտնի պատմությունից հետո: Զասին ընդունեցին ՀԱՊԿ անդամ-պետությունների բոլոր ղեկավարները, Հայաստանի վարչապետից բացի: Հայաստանը պնդում էր, որ քվոտան պետք է պահպանվի: Երեւանը քվոտան պահեց, բայց չկարողացավ նշանակել նոր գլխավոր քարտուղար: Նիկոլ Փաշինյանը նախորդ տարեվերջին Սանկտ-Պետերբուրգում հայկական համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայաստանի համար ԳՔ պաշտոնը էական նշանակություն չունի, ի վերջո այն ռոտացիոն է եւ գլխավոր խնդիրը այդ պաշտոնը չէ, այլ ՀԱՊԿ բնույթը եւ դե ֆակտո համապատասխանությունը ռազմա-քաղաքական դաշնակցային բլոկի տրամաբանությանը:

ՀԱՊԿ-ն այդպիսին չէ: Կդառնա՞ երբեւէ այդպիսին: Հազիվ թե, քանի որ այն չունի այդպիսին լինելու համար անհրաժեշտ մի քանի կարեւոր բաղադրիչ: Մասնավորապես, ՀԱՊԿ չունի արժեհամակարգային ընդհանուր հենք, չունի անվտանգային ընդհանուր շրջանակ, որտեղ մարտահրավերները, ռիսկերը, անդամ-պետությունների շահերը ներդաշնակ են եւ շոշափելիորեն համադրելի այնքան, որ թույլ են տալիս կազմել ռազմա-քաղաքական բլոկ:

Ըստ այդմ, արդյոք արդարացված է Երեւանի հույսը ՀԱՊԿ համապատասխան քայլերի հետ կապված, որը կբացառի անդամ-պետություն Հայաստանի նկատմամբ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի պատրանքը:

Այդ դեպքում ո՞րն է ՀԱՊԿ-ում Երեւանի մնալու իմաստը: Այստեղ կա մի քանի հանգամանք: Նախ, Երեւանը խուսափում է Ռուսաստանի հետ հակադրությունից: Կա նաեւ կարծիք, որ ՀԱՊԿ-ից Երեւանի դուրս գալու դեպքում այնտեղ կհայտնվի Ադրբեջանը: Բաքուն պարբերաբար խաղարկում է այդ հանգամանքը, փորձելով ՀԱՊԿ կամ ԵՏՄ անդամակցության հեռանկարով կամ թեմայով «գայթակղել» Ռուսաստանին:

Կգնա՞ Բաքուն այդպիսի անդամության իրապես: Թերեւս այո, պահանջելով իհարկե բարձր գին: Այդ բարձր գինը Բաքվի համար ամենեւին Արցախը չէ: Այդ բարձր գինը խորքային իմաստով Հայաստանն է, որովհետեւ Բաքվի եվրասիական բլոկավորման խոշոր բաժնետեր անխուսափելիորեն լինելու է նաեւ Թուրքիան:

Ռուսաստանի համար Ադրբեջանի անդամությունը չափազանց նուրբ հարց է: Մոսկվան անկասկած դեմ չի լինի, մյուս կողմից անշուշտ պատկերացնում է, որ դա բերելու է ՀԱՊԿ բալանսի էական խախտման, եւ Մոսկվան գործնականում հայտնվելու է քաղաքական կշռի տեսանկյունից փոքրամասնություն դառնալու ճանապարհին: Մոսկվան ներկայում բավական ջանք է գործադրում Մինսկ-Աստանա տանդեմի մանեւրները զսպելու եւ դրանց հակազդելու համար:

Հայաստանն այդ տեսանկյունից միակ «հենակետն» է: Բայց ամբողջ խնդիրն էլ այն է, որ հենակետը, ոչ թե դաշնակիցը: Իսկ դրանք խորապես տարբեր խնդիրներ են: Երեւանը թավշյա հեղափոխությունից հետո առաջ է բերել հենց այդ խնդիրները, եւ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը գործնականում գտնվում է հայ-ռուսական հարաբերության խորքային խնդրի համատեքստում:

Իսկ այստեղ իրավիճակը բավական բարդ է ու բազմաշերտ: Ռուսաստանի իշխանությունն անշուշտ ունի եվրասիական միջավայրում Հայաստանի ժողովրդավարական կուրսի խորքային բարդույթը: Դրանից բացի, Մոսկվայում անկասկած կան շրջանակներ, որոնք լավ են պատկերացնում ինքնիշխան դաշնակից Հայաստանի կենսական անհրաժեշտությունը: Բայց միեւնույն ժամանակ գերակայում են շրջանակներ, որոնց համար Հայաստանն ունի բացառապես հենակետի կամ ֆորպոստի կարգավիճակ եւ որոնք պատրաստ են նաեւ վճարել Հայաստանում այն ուժերին, որոնք իրենց հերթին պատրաստ են լինել Հայաստանի հանդեպ ռուսական այդ քաղաքականության հենարանը: Իսկ այդպիսի ուժեր կան, ի վերջո, առնվազն մինչեւ ապրիլյան պատերազմ հենց այդ հենարանի վրա էր կանգնում Ռուսաստանը՝ իր հակահայկական ռեգիոնալ քաղաքականությունն իրականացնելու համար:

Ապրիլյան քառօրյան սնանկացրեց այդ ուժերին, բայց մի քանի ամիս անց նրանք ուշքի եկան, մի շարք իրադարձությունների բերումով: Այդ ուժերին երկրորդ հարվածը թավշյա հեղափոխությունն էր: Մի քանի ամիս անց նրանք սկսեցին ուշքի գալու նոր փորձ, Հայաստանի դաշնակցային հարցադրումների դեմ հանելով հենակետային խաղացողներին:

դիտվել է 39239 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ի՞նչ նպատակով են 20 երկրներից վիրաբույժներ ժամանելու Հայաստան

Խնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ (տեսանյութ)

Հայության ամենահզոր հատկանիշը ազգային համախմբությունն է վտանգի պահին.Կարինե Տոնոյան

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է