Երևան
18 / Հունիս / 2019

Դեր եւ դեղին քարտ Ծառուկյանին. Ռոբերտ Քոչարյանի առաջին հարվածը

Lragir.am-ը գրում է․ Դաշնակցությունն Ազատության հրապարակում հայտարարել է իշխանությանը դեղին քարտ ցույց տալու եւ դեղին քարտերի շարժում սկսելու մասին: Թե ինչ ճանապարհային քարտեզ է պատկերացնում Դաշնակցությունը մինչեւ կարմիր քարտ, առայժմ պարզ չէ, սակայն ՀՅԴ հռչակած դեղին քարտերի շարժումը հուշում է, որ խոսքը թերեւս երկարաժամկետ գործընթացի մասին է:


Բայց, կա մեծ հավանականություն նշմարելու, որ դեղին քարտերի շարժումն է լինելու առանցքը այն «հզոր» ուժի, որի մասին Ռոյթերզին հայտնել էր Ռոբերտ Քոչարյանը, ասելով, որ ինքն էլ կմիանա այդ ուժին, որը մարտահրավեր է նետելու իշխանությանը:


Պայմանականորեն այդ ուժի անվանումն արդեն թերեւս նշմարվում է, օրինակ՝ Դեղին քարտ դաշինք, կամ դաշինքի անունն արդեն կարող է դառնալ Կարմիր քարտ: Կստացվի՞ մարտահրավեր նետել իշխանությանը, թե ոչ, սա մեծ հարց է: Բայց այն, որ մարտահրավերն արդեն նետված է ընդդիմությանը՝ ներկայում դիրքավորված ընդդիմությանը, թե որպես ընդդիմություն դիրքավորվողներին, կարծես թե աներկբա է:

Մասնավորապես, Դեղին քարտերի շարժումը որեւէ բանի հավակնելու համար պետք է թերեւս շրջանցի օրինակ խորհրդարանում երկրորդ ուժին՝ Բարգավաճ Հայաստանին: Երրորդ ուժին՝ ԼՀԿ-ին շրջանցելը դժվար չէ, հաշվի առնելով այն, որ ԼՀԿ առաջնորդը գրեթե մշտապես նախընտրում է ինքը շրջանցել հիմնական ճանապարհները եւ գնալ «երրորդ ուղով»:

Բարգավաճ Հայաստանը, որ կայուն երկրորդն է արդեն մոտ 12 տարի, մինչեւ թավշյա հեղափոխությունն ուներ իր քաղաքական ֆունկցիոնալության նվազագույն իմաստավորումը: Իշխող համակարգի անվտանգության բարձիկ, բուֆեր, որով կառավարվում էր հանրային դժգոհության զգալի մասը: Թավշյա հեղափոխությունից հետո ԲՀԿ-ն որոշակի իներցիայով, իսկ որոշակիորեն նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածության տրամաբանությամբ կարողացավ պահպանել երկրորդ դիրքը, սակայն իհարկե այլեւս խիստ փոքր ծավալով եւ առանց իշխանության համար վճռորոշ քաղաքական նշանակության:

Այդ տեսանկյունից, ԲՀԿ-ն պահպանել է նոմինալ երկրորդ տեղը, բայց կորցրել քաղաքական իմաստը:

Սակայն, եթե ձեւավորվում է, կամ թափ է հավաքում Դեղին քարտերի շարժումը, եթե ՀՅԴ-ին, իսկ մեծ հավանականությամբ Ռոբերտ Քոչարյանին հաջողվում է ստեղծել Դեղին քարտերի իրապես կենսունակ շարժում, ապա ԲՀԿ-ն կարող է իմաստավորվել ակամա: Ընդ որում, այդ ուժը կարող է իմաստ ձեռք բերել թե Նիկոլ Փաշինյանի, թե Ռոբերտ Քոչարյանի համար:

Գագիկ Ծառուկյանը կհայտնվի բավական բարդ վիճակում, որովհետեւ խոսքն արդեն կլինի ոչ թե նույն համակարգի երկու բեւեռների միջեւ ընտրության մասին, ինչը պարունակում է մի շարք «մեղմացուցիչ հանգամանքներ», այլ ընտրություն տարբեր համակարգերի եւ բեւեռների միջեւ, ընդհուպ գուցե արտաքին հոլովույթով:

Գագիկ Ծառուկյանը հեղափոխությունից հետո հայտարարում էր, որ ջուր է տարել հեղափոխությանը: Գագիկ Ծառուկյանը ջրաներկ կտանի՞ Դեղին քարտերի շարժմանը՝ դեղին ջրաներկ, եթե օրինակ այդ հարցով դիմի ՀՅԴ-ն, կամ առավել եւս Ռոբերտ Քոչարյանը: Ի վերջո, Գագիկ Ծառուկյանն ունի ՀՅԴ հետ անցած ճանապարհ, իսկ Ռոբերտ Քոչարյանը գործնականում եղել է ԲՀԿ «մանկաբարձը»:

Բայց, եթե նա իրապես ձեռնամուխ է լինում քաղաքական ծրագրի, ապա երկրորդ նախագահի առաջին հարվածի թիրախը կամա թե ակամա անխուսափելիորեն դառնում է Ծառուկյանը:

Կստացվի՞ խաղալ Ծառուկյանի էմոցիաների վրա, թե նա հեղափոխությանը տարած ջուրը չի գցի ջրաներկի մեջ: Մեծ հաշվով, ՀՅԴ հանրահավաքին ցույց տված դեղին քարտը ավելի շուտ հասնում է ԲՀԿ նախագահին, մինչեւ կհասնի իշխանությանը: Ծառուկյանն ըստ երեւույթին կափսոսա, որ բաց է թողել քաղաքականությունից դուրս գալու պահը: Եթե իհարկե ինչպես միշտ նրան օգնության չհասնի Սերժ Սարգսյանը:

դիտվել է 108476 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Բանակում «լավ տղա» հասկացություն չկա. ինչ են պատմում զինծառայողներն իրենց առօրյայից

Հենրիխ Մխիթարյանի և քրոջ՝ Մոնիկայի գեղեցիկ պարը հարսանեկան արարողության ժամանակ (Video)

Աշխարհահռչակ երգիչը երգել է Հենրիխի ու Բեթթիի հարսանիքին (Video)

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3