Երևան
24 / Հունիս / 2019

Նման սցենարի կրկնությունը կարմիր քարտ կլինի ոչ միայն Նիկոլին, այլև մեզ՝ բոլորիս

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ, իմ ողջ քաղաքական կենսագրության ընթացքում եղել եմ ու կամ քաղաքական բանավեճի,բայց ոչ հակամարտության կողմնակից:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իրական միասնությունն ու պետական անվտանգության ամրապնդումը պետք է լինեն մեր ապագա հաղթանակների գրավականը:

Սակայն անհնար է նոր հաղթանակների հասնել, երբ հարցականի տակ են դրվում անցյալի հաղթանակները: Երբ ասում եմ հաղթանակ, նկատի ունեմ հաղթանակը Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում, Շուշիում և, իհարկե, Ապրիլյան քառօրյայում:

Ես իմ հայրենիքում թշնամիներ չունեմ , որպեսզի ներքաղաքական պայքարում արձանագրված հաջողությունը կամ անհաջողությունը հաղթանակ կամ պարտություն որակեմ: Եւ սին են այն տեսակետները, թե իմ եւ գործընկերներիս մտահոգությունները մասնավորապես Արցախի եւ ազգային հարցերում, ինչ-որ նեղ շահեր են հետապնդում:

Եւ այսպես, չափազանց մտահոգիչ է, երբ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություն են կազմակերպում, երբ Իլհամ Ալիեւը զորավարժությունների հաջորդ թիրախ է հայտարարում Շուշին, իսկ մեր իշխանությունը համերաշխություն քարոզելու փոխարեն Հայաստանում և Արցախում դավադիր ուժերի փնտրտուքով է զբաղված՝ կանաչ լույս վառելով ադրբեջանական հնարավոր հարձակման համար:


Ապրիլյան պատերազմը սանձազերծած Ալիևին կիրթ և նորմալ համարելուց հետո ՀՀ իշխանությունը հիմա էլ որոշել է հարցականի տակ դնել հայ ժողովրդի հաղթանակը քառօրյայում:

Ավելին, փառավոր հաղթանակներ արձանագրած հայ ժողովրդին ոչ միայն բաժանում են սևերի և սպիտակների, այլև տարանջատում եղբայրական ժողովուրդների:
Ոմանք ասում են,թե Արցախը պատրաստ չի եղել հարձակում դիմագրավելուն,մյուսներն էլ՝ հարցականի տակ են դնում հաղթանակը:

Նման որակումների հեղինակների առնվազն մի մասը Արցախի տեղը դժվար թե իմանա, բանակինը ՝ առավել ևս:

Իհարկե, ես հեռու եմ այն մտքից, թե որևէ թերություն, սխալ չի եղել: Միեւնույն ժամանակ աններելի է սխալները համահարթեցնելով՝ ոտքի տակ տալ հաղթանակը:

Այսպես, եթե պատրաստ չենք եղել, ինչպե՞ս ստացվեց,որ Ադրբեջանը ոչ մի բնակավայր չկարողացավ գրավել: Եթե չենք հաղթել, ո՞նց եղավ, որ այսօր Արցախում ծածանվում է ոչ թե Ադրբեջանի, այլ հայկական եռագույնը:

Ասում են՝ բազմաթիվ զոհեր ենք տվել: Խոնարհվում եմ բոլոր նահատակ հերոսների առջև, նրանցից յուրաքանչյուրը ընտրեց իմացյալ անմահությունը հանուն հայրենիքի:

Ադրբեջանի լավագույն ուժերը հետ շպրտվեցին, եւ դա հնարավոր եղավ ապրիլյան քառօրյայի 75 նահատակների, հայ զինվորի, հայոց գեներալների ու սպաների , առյուծածին մայրերի, Գերագույն հրամանատարության և համազգային միասնության շնորհիվ:
Ադրբեջանը ձախողվել է Ապրիլյան քառօրյայում, իսկ Հայաստանն ու Արցախը հաղթել են:

Օրվա իշխանավորներին, ովքեր 800 հեկտար կորուստն են շահարկում, ասեմ՝ ձեր տրամաբանությամբ 90-ականներին Արցախյան ազատամարտն էլ պետք է պարտություն համարել, քանի որ կորցրել ենք Արծվաշենը, Շահումյանը,Գետաշենը և մի շարք տարածքներ:

Ի դեպ, նրանք, ովքեր մարդկանց մեղադրում են 800 հեկտար զիջելու մեջ, մոռանում են, որ նաեւ այդ նույն մարդկանց ջանքերով 740 հազար հա տարածք է ազատագրվել:

Չնայած իրենցից ամեն ինչ սպասելի է , քանի որ մայիսին երրորդ-չորրորդ գիծ խրամատ փորելը համարվում է Ապրիլյան պատերազմին մասնակցություն:

Չեմ զարմանա, որ մանիպուլյացիաներով մի օր էլ իրենցից շատերը դառնան գեներալներ:

Եզրափակելով նշեմ՝ նրանք, ովքեր հարցականի տակ են դնում Ապրիլյան քաօրյայում մեր ժողովրդի հաղթանակը , զբաղված են պետական դավաճանությամբ: Սա ոչ այլ ինչ է, քան բանակը բարոյալքելու հերթական փորձ: Մի արեք, հերիք է բաժանարար գծեր քաշեք:

Հ.Գ. 1920թ. հեղափոխական բոլշևիկները այնքան բարոյալքեցին բանակը և հակադաշնակցական քարոզ իրականացրին, որ Կարսի կայազորը առանց մի կրակոցի հանձնվեց:

Նման սցենարի կրկնությունը ոչ կարմիր քարտ կլինի ոչ միայն Նիկոլին,այլ մեզ բոլորիս»:

դիտվել է 18732 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ի՞նչ նպատակով են 20 երկրներից վիրաբույժներ ժամանելու Հայաստան

Խնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ (տեսանյութ)

Հայության ամենահզոր հատկանիշը ազգային համախմբությունն է վտանգի պահին.Կարինե Տոնոյան

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է