Երևան
20 / Օգոստոս / 2019

Դա ոչ թե արդարադատություն է, այլ վրեժխնդրություն

Այսօր մամուլով կարդացի, որ անցումային արդարադատությունը սկսելու է 1998-1999թթ.-ից։ Ինչու՞։ Եթե հնարավոր անցումային արդարադատությունը չկիրառվեց 1991թ.-ից՝ Հայաստանի անկախացումից սկսած՝ ուրեմն դա ոչ թե արդարադատություն է, այլ՝ պարզունակ ու նպատակադրված վրեժխնդրություն։

Խորհրդային Հայաստանից հսկայական, ավելի ճիշտ՝ ահռելի ժառանգություն փոխանցվեց նորանկախ հանրապետության իշխանություններին։ Դրա առյուծի բաժինը թալանվեց, յուրացվեց, ոչնչացվեց, սեփականաշնորհվեց հենց ՀՀՇ-ի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին։ Խորհրդային Միության ժամանակ ստեղծված բազմաթիվ գործարաններ, ֆաբրիկաներ և այլ արդյունաբերական միավորներ ունեցող ու արտադրանք տվող հանրապետությունը վերածվեց վաճառասեղանիկների (դախլների) ու տոնավաճառների հանրապետության։

Այո, պատերազմի տարիներն ու անկախություն ձեռք բերելն իրենց օբյեկտիվ հետևանքը նույնպես թողեցին։ Բայց դա չէր տնտեսության ոչնչացման հիմնական պատճառը, այլ՝ վայրի (ես կասեի՝ վայրենի) ազատ շուկայական հարաբերություններ հաստատելու անվան՝ ապօրինի թալանը, յուրացումը, անարդար ու սրիկայական բաշխումը։ Շատերս կհիշենք, որ իբրև ՀԽՍՀ-ից ժառանգված տնտեսության բաժնետերեր՝ ՀՀ-ի աշխատող ողջ բնակչությունը պետք է դառնար։ Դրա համար բոլորին տվեցին վաուչերներ՝ ցանկացած տեղ ներդնելու համար։ Բայց ի՞նչ արվեց։ Կանգնեցվեց կամ կաթվածահար արվեց ողջ տնտեսությունը։ 20 000 դրամ արժեքով վաուչերները բնակչությունը չկարողացավ նպատակային օգտագործել։ Եվ իշխանության ու նրանց մերձավոր միջավայրն անցավ «գործի»՝ դրամափոխանակության կետերում (չենջերում) սկսեցին գնել այդ վաուչերները։ Երբ այդ ժամանակներում, կհիշեք, գրեթե ողջ բնակչությունը գործազուրկ էր դարձել իսկ չնչին քանակով աշխատողները ամիսներով, տարիով աշխատավարձ չէին ստանում, մարդիկ ինչ ունեին տարիներով ստեղծած՝ սկսեցին վաճառել՝ օրվա հացի խնդիր լուծելու համար, բնական է, որ այդ պահին ոչինչ չներկայացնող վաուչերները պետք է ծախեին։

Ու 20 000 դրամ արժեքով (այդ թվերի համար պատկառելի գումար էր) վաուչերները աղքատացած ողջ բնակչությունը ստիպված վաճառում էր 800-ից 2200 դրամով։
Օրինական տեսք տված գործընթացի անվան տակ սկսեց ողջ տնտեսության փոշիացումն ու յուրացումը՝ առանց արտադրանք տալու։ Գործարանների սարքավորումներն ու հաստոցները կամ մետաղի ջարդոնի վերածելով՝ վաճառում էին Իրանին (կհիշեք թե քանի տարի անդադար, օրական հարյուրավոր երթեր անելով՝ իրանական հսկա բեռնատարները կրում ու կրում էին), կամ՝ ամբողջական տեսքով՝ վաճառվում հիմնականում Իրանին ու Սիրիային։ Սարքավորումներ ու հաստոցներ են եղել, որոնցից անգամ մեկ հատի վաճառքի գնով հանել են տվյակլ ողջ գործարանը ձեռք բերելու չնչին (մի քանի հազար, առավելագույնը՝ մի քանի տասնյակ հազար դոլար) գումարը։

Անգամ դրանով չէին բավարարվում։ Ով տեղյակ էր իրենց խարդախ գործունեությունից՝ կամ ոչնչացնում էին կամ տվյալ անձը փրկվում էր երկրից փախուստով, չնայած շատ դեպքերում դրսում էլ էին շարունակում հետապնդել ու ոչնչացնել։ Եթե իրենց շրջանակից (կռուգից) դուրս տնտեսական գործունեություն տանող էր հայտնվում՝ խլում էին կամ կրկին ոչնչացնում ու փախուստի ենթարկում դրանց սեփականատերերին։ Վանոյի ստեղծած բանդաները վկա։

Այս ամբողջ ասածս ի՞նչ է։ Եթե արդարադատություն է՝ ուրեմն այն չպետք է հատվածական լինի։ Թող վերաբերի ՀՀ նախորդ երեք Նախագահների գործունեության շրջաններին։
Ու իրական արդարադատության հաստատումից հետո, բոլորն անցյալի սխալներից դասեր քաղելով՝ կերտենք իրոք ապագա Արդար Հայաստան։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthur.yeghiazaryan?__tn__=%2CdC-R-R&eid=ARDohVhmfFVusiGZyNiOcIw6ai5Va89ClgiAVPnWSmt5vNexJLGwMs3LLqJbLSBzg3mM7WEhs44eM1Tn&hc_ref=ARRMvLTz6u_nduCiG8HrV4I56Z0tVTNMXf5lzUJbHGP7XcXNl4yZyxsS-2tRSyycNEI&fref=nf

դիտվել է 47437 անգամ

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին