Երևան
21 / Հոկտեմբեր / 2019

«Դուք վստա՞հ եք, որ Ձեր ղեկավարած հիմնադրամին նվիրատվության նրանց նպատակը բարեգործությունն է». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անտիկ շրջանից մինչև այսօր, ինչ մենք կարող ենք դատողություններ անել գրավոր խոսքի միջոցով, մարդկային հարաբերություններում նոր մշակույթ չի ձևավորվել, դրանք միշտ նույնն են: Ռոբերտ Քոչարյանի աճեցրած «ՍԱՍ»-ի Արտակը, չխոսելով մյուս աճպարարությունների մասին, հայտնի «ընտրաձայն գնող է», ինչը ժուռնալիստների ինքնազոհ ջանքերով բազմիցս ցուցադրվել է հանրությանը՝ կայուն կարծիք ձևավորելով այս անձի հակումների և ճաշակի մասին: Նա, անշուշտ, քրեաօլիգարխիկ ռեժիմի կայուն սեգմենտ է, ԱԺ պատգամավոր լինելով՝ հովանավորել է սեփական բիզնեսը՝ ի վնաս Հայաստանի այլ, պակաս ճարպիկ և արգահատելի հակումներով գործարարների: Քանի՞ մարդ է լսել նրա օրենսդրական ակտիվության մասին. փորձեք հրապարակ բերել և երեք-չորս հարց տալ, թե ինչի համար է ԱԺ-ն առհասարակ: Հնարավոր է՝ նա կարողանա մտաբերել, որ հանրության առաջ չպիտի ասի, որ ԱԺ-ն իր սեփական՝ Արտակ Սարգսյանի բարգավաճման համար ստեղծաված օրհնյալ կառույց է: Ինչի համար, անշուշտ, ինքը վճարել է և պատրաստ է շարունակել վճարել:

Հարգելի տիկին Աննա Հակոբյան, ինչպե՞ս կարող եք ասել՝ «Պետք է ի վերջո հրաժարվենք համեմատականից, նախկինում տեղի ունեցած երևույթները ներկա իշխանությունների և ներկա հարաբերությունների վրա պրոյեկտելու սովորությունից»: Առանց «պրոյեկտելու» հարաբերությունների բնութագրերը տեսական են, «պրոյկետելով է», որ գործնական վատն ու գործնական լավը, անընդունելին և ընդունելին զատվում են միմյանցից: Դա իսկապես համարո՞ւմ եք «կատարյալ անիմաստ ժամանակի կորուստ»: Օրինակ, գտնում եք, որ մարտի 1-ը բնութագրելու համար այն չպե՞տք է համեմատել խաղաղ ցույցերը ցրելու այլ ձևերի հետ: Օրինակ, այն ձևերի հետ, որոնք տեղի են ունենում առանց զորքի միջամտության, առանց սպանությունների: Ինչի՞ հիման վրա է այն, ինչ անըդունելի էր «նախկինում», ընդունելի «ներկայում»: Այսինքն՝ վատ է, որ «ՍԱՍ»-ի Արտակը նախկինում մուծելով գնում էր իրեն հարմար գոյավիճակը, բայց նորմա՞լ է, որ նա այսօր էլ նույնն է անում: Որովհետև նա նույնն է արել երեկ, նույնն է անում այսօր, նույնն է անելու վաղն էլ՝ «մուծելով գնում է» բարեհաճություն և անձեռնմխելիության հնարավորություն: Վաղվա ավելի ծավալուն ակնկալիքով:

Վստա՞հ եք, որ իսկապես «բոլորը կարող են պետության ղեկավարի տիկնոջ ղեկավարած հիմնադրամին նվիրատվություն անել»: Իսկապե՞ս բոլորը: Մարդասպա՞նն էլ: Եթե օրինակ մարդ է սպանել և յուրացրել է նրա ունեցվածքը, կարո՞ղ է այդ յուրացրածը փոխանցել պետության ղեկավարի կնոջ ղեկավարած հիմնադրամին: Գո՞ղն էլ: Կաշառակե՞րն էլ: Կողոպտի՞չն էլ: Բայց դրանք երեխաներից, տարեցներից, ուսուցիչներից, մի կտոր հաց չունեցող աղքատից, վերջապես պետական բյուջեյից, այսինքն՝ հարկատուներից խլված միջոցներ են: Այդ միջոցներն ինչպե՞ս կարող են համալրել Ձեր ղեկավարած հիմադրամի միջոցները: Այս ամենից զատ Դուք իսկապես վստա՞հ եք, որ Ձեր ղեկավարած հիմնադրամին նվիրատվության նրանց նպատակը բարեգործությունն է, և ոչ թե, օրինակ, բարեհաճություն վաստակելը: Կողոպտեն և վճարե՞ն: Եվ շնորհակալությո՞ւն ստանան դրա դիմաց: Շա՜տ մեղմ ասած՝ տխուր է, տիկին Աննա: «ՍԱՍ»-ի Արտակը Փարիզ գնալու ուղեվճարով գնեց այն ձայները, որոնցով ՀՀԿ-ն կրկին հաստատվեց ԱԺ-ում՝ հովանավորելու համար «ՍԱՍ»-ի Արտակի գոյաձևը: Գնելով՝ խրախուսեց անբարոյականությունը:

Թույլ տվեք ասել, հարգելի տիկին Աննա, որ նա նույն միջոցներն է փոխանցում Ձեր կողմից ղեկավարվող հիմնադրամին, և հենց միայն դրանով Ձեր հիմնադրամի միջոցով նպաստում է մեր հասարակության անբարոյականացմանը: Հո սա չէ՞ աշխարհի չափ հին այն մշակույթը, որը Դուք գնահատում եք որպես «Հայաստան բերվող նոր մշակույթ»: Անտիկ շրջանից մինչև այսօր, ինչ մենք կարող ենք դատողություններ անել գրավոր խոսքի միջոցով, մարդկային հարաբերություններում նոր մշակույթ չի ձևավորվել, դրանք միշտ նույնն են: Վատն ու լավը, անբարոյականն ու բարոյականը, վաճառքն ու կողոպուտը, յուրացումն ու բարեգործությունը...Պետության առաջին դեմքերը երբեմն ստիպված են իրենց օրինակով որոշ զոհողությունների գնալ իրենց, կամ իրենց երկրի համար կարևոր որոշ սկզբունքներ ներդնելու համար»:

դիտվել է 22352 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը