Երևան
25 / Հունիս / 2019

Նազարբաեւի պատմական խոստովանությունը Փաշինյանին

Lragir.am-ը գրում է․ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի ունեցող ԵՏՄ հոբելյանական Վեհաժողովի շրջանակում Ղազախստան ժամանած Հայաստանի վարչապետ Փաշինյանը հանդիպել է այդ երկրի նախկին նախագահ, այժմ Անվտանգության խորհրդի քարտուղար եւ «ազգի հայր» Նուրսուլթան Նազարբաեւին:

Հանդիպման ընթացքում Նազարբաեւը Փաշինյանի հետ խոսել է իր հեռանալու, հայ-ղազախական հարաբերության մասին, բավականին հետաքրքիր տողատակով ու տոնայնությամբ: Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ երբեւէ որեւէ խնդիր չի եղել, ունեցել ենք լավ հարաբերություն, հայկական սփյուռքը կամուրջ է եղել երկու երկրների միջեւ, Փաշինյանին ասել է Ղազախստանի նախագահը, կարծես թե արդարանալով հինգ տարի առաջ մայիսի 29-ին Հայաստանի հանդեպ գործած մեղքի կամ պարզապես անպարկեշտության համար:

Խոսքը այն պատմական Վեհաժողովի մասն է, որտեղ հիմնադրվում էր ԵՏՄ-ն: Այդ ժամանակ՝ դեռեւս Աստանայում, Նազարբաեւը Վեհաժողովի ընթացքում հանկարծ հանեց մի նամակ՝ Ալիեւից, ասելով, որ Ադրբեջանի նախագահը խնդրել է չշտապել Հայաստանի անդամակցության հարցում: Այդպես Հայաստանը զրկվեց ԵՏՄ Հիմնադիր անդամ լինելու հնարավորությունից: Ընդ որում, այդ կապակցությամբ բավական նուրբ ակնարկ է արել նաեւ Հայաստանի վարչապետը, Նազարբաեւի հետ հանդիպմանը: Փաշինյանը խոսելով եվրասիական կառույցներին Հայաստանի անդամության մասին, շեշտել է, որ Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամ է՝ մի կողմից թերեւս Նազարբաեւին հիշեցնելով ՀԱՊԿ-ում ներկայում ստեղծված վիճակն ու Հայաստանի հարցադրումները, մյուս կողմից՝ ԵՏՄ հիմնադիր անդամ լինելու հնարավորությունից Հայաստանին զրկելու «հավաքական» գործընթացը, որում Ադրբեջանի գործածությամբ իր դերն ունեցել է «հիմնադիր եռյակը»՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս:

Այդ ֆոնին հատկանշական է հնչում Նազարբաեւի հայտարարությունը, որ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ չի եղել որեւէ խնդիր, կարծես ակնարկելով, որ այդ ինքը չէր՝ հինգ տարի առաջ Աստանայում: Իսկ ո՞վ էր ընթերցում Ալիեւի նամակը, եթե չկար խնդիր Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ: Իսկ ո՞վ էր մի քանի տարի անց՝ ապրիլյան քառօրյայից մեկ-երկու օր հետո առաջարկում Երեւանում չանել ԵՏՄ վարչապետների պլանավորված հավաքը, որպեսզի Բաքուն «սխալ» չհասկանա:

Եթե դա Ղազախստանը չէր, ապա ո՞վ էր: Հարցրե՞լ է Նիկոլ Փաշինյանն այդ մասին Նազարբաեւին, մինչեւ օրինակ նրան ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նախագահի պաշտոնում հավանության արժանացնելը:

Թե՞ Նազարբաեւը չի սպասել հարցերի եւ արդարացել է, այդ հավանությունը ստանալու համար:

Արդյոք Ղազախստանի նախագահն ակնարկում է, որ Ղազախստանը պարզապես իր բաժին շահն է սպասարկել այն իրավիճակում, որ եվրասիական հարթությունում ձեւավորվել էր այդ շրջափուլում Ռուսաստանի ակնհայտ հակահայկական քաղաքականության հետեւանքով, որն իրականացվում էր ռուս-թուրքական եւ ռուս-ադբեջանական ինտենսիվ ռազմա-քաղաքական եւ ռազմա-տեխնիկական գործակցությամբ:

Այդ իմաստով, ի դեպ, հատկանշական էր հինգ տարի առաջ Աստանայում Սերժ Սարգսյանի լռությունը, երբ գզրոցից հանում էին Ալիեւի նամակը: Մի քանի օր անց Հայաստանում միայն Սարգսյանը հայտարարեց, որ տհաճ էր: Արդյոք իր լռությամբ Սարգսյանն իր հերթին «նվաստացումը» չէր տեղափոխում Մոսկվայի՝ Պուտինի վրա: Այդ մասին առիթ ունեցել եմ գրելու դեռեւս հինգ տարի առաջ, տաք հետքով՝ Ինչու է Մոսկվան զայրացել Հայաստանի վրա:

Հինգ տարի անց Նուր-Սուլթանում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Նազարբաեւը կարծես թե հաստատում է իրադարձությունների զարգացման այդ խորքային տրամաբանությունը: «Դուք գիտեք, որ ես, խորը մտածելով, ընդունեցի այդ որոշումը: Երբ կհասնեք իմ փորձին և տարիքին, ավելի լավ կհասկանաք ինձ: Հունիսի 20-ին կլրանար իմ՝ Ղազախստանի ղեկավար լինելու երեսուն տարին: Այն ժամանակ դեռ Խորհրդային Միությունն էր», Փաշինյանի հետ զրույցում ասել է Նազարբաեւը, խոսելով երկրի նախագահի պաշտոնից հեռանալու իր որոշման մասին:

Ղազախստանի նախագահը փաստացի խոսում է այն մասին, որ իր հեռանալով հեռանում է «Խորհրդային» այն «էպոխան», որի արտացոլողն է եղել դեռեւս 1989 թվականից Ղազախստանը ղեկավարած այդ գործիչը: Արդյոք նրա խոսքում կա ակնարկ Պուտինի մասին, արդյոք Նազարբաեւն ակնարկում է, որ այդ տարիքին ու փորձին հասած Պուտինն էլ պետք է օրինակ վերցնի իրենից եւ հեռանա, խորհրդային «էպոխայի» վերականգնման մասին երազելու կամ մտածելու փոխարեն: Եվ արդյոք Նազարբաեւը այդ թեմայով անկեղծանալով Նիկոլ Փաշինյանի առջեւ, ակնարկում է, որ նա ունի եվրասիական գոտում խորհրդային էպոխայի վերականգնման կործանարար փորձը կանխելու քաղաքական ներուժ ու կամք՝ որպես Հայաստանի լեգիտիմ առաջնորդ: Ի վերջո, Նազարբաեւը լավ է պատկերացնում, որ խորհրդային էպոխայի վերականգնումը կլինի հետխորհրդային պետությունների վերջը, այդ թվում Ղազախստան պետության, որը ԽՍՀՄ փլուզումից հետո այդքան հակասականորեն, բայց գրեթե զրոյից կերտել է Նազարբաեւը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 63210 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Վարչապետի ընտանեկան հանգիստը՝ Լաստիվերում (տեսանյութ)

Ի՞նչ նպատակով են 20 երկրներից վիրաբույժներ ժամանելու Հայաստան

Խնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ (տեսանյութ)

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է