Գյումրիում լքված երկվորյակները մանկատանն են, առողջ են

Նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին Գյումրիի մանկատան բակում` պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված երկվորյակները դեռ գտնվում են Գյումրիի մանկատանը, մայրը նրանց պարբերաբար հանդիպում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը՝ նշելով, որ դեռ չեն կարգավորվել երեխաներին մորը տալու հարցերը:
«Փոքրիկները մեծանում են, որեւէ առողջական խնդիրներ չունեն, մայրը պարբերաբար հաճախում է, նրանց հանդիպում է, չեմ կարող ասել, թե ինչ խնդիրներ կան, որ երեխաներին դեռ չեն հանձնում մորը: Պետք է երեխաների համար բավարար պայմաններ լինեն, որ հանձնեն մոր խնամքին»,- ասաց նա` նշելով, որ երկվորյակ եղբայրները 8 ամսական են արդեն:
Հիշեցնենք՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը հանդիպել էր Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մոր հետ, եւ երիտասարդ կինը հայտնել էր, որ զղջում է եւ ցանկանում է վերադարձնել իր փոքրիկներին։
Մանե Թանդիլյանն էլ ասել էր, որ կաջակցի, որպեսզի կնոջ սոցիալական վիճակը բարելավվի, և երեխաները վերադառնան մոր հոգածության տակ։
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 20.00-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու բարուրված նորածին տղա երեխաներ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն հաստատության աշխատակիցները ժամը 19.40-ին հաստատության բակում, գետնին դրված պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված վիճակում հայտնաբերել են երկու նորածին տղա երեխաների:
Երեխաներին հանձնել էին Գյումրի համայնքի «Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի» ներկայացուցչին՝ նրանց հետագա խնամքը կազմակերպելու եւ համապատասխան հաստատությունում տեղավորելու համար: