Երևան
25 / Հունիս / 2019

Պուտինի հրատապ զանգը Երեւան

Lragir.am-ը գրում է․Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 31-ին հայտարարել է խորհրդարանի քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին, որը պետք է ուսումնասիրի 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքները: Հանձնաժողով ունենալու անհրաժեշտության մասին մայիսի 20-ի ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով այն մասին, որ կան ուժեր, որոնք պատրաստ են իրենց խմբային շահերի համար ընդհուպ հրահրել «դավադիր պատերազմ»:

Այդպիսով, տեղավորելով ապրիլյան քառօրյայի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովի հարցն այդ համատեքստում, վարչապետ Փաշինյանը փաստացի արձանագրեց ապրիլյան քառօրյայի «դավադիր» լինելու կասկածը:

Ապրիլյան քառօրյայի վերաբերյալ կասկածներ հանրությունն ուներ պատերազմից անմիջապես հետո, թեեւ այստեղ իհարկե կասկածների բնույթը բավականին տարբեր է: Ի վերջո, հանրությունը կասկածներ է ունեցել նախորդ իշխող համակարգի գրեթե բոլոր քայլերի կամ այդ շրջանում պետությանն առնչվող բոլոր ճակատագրական կամ վճռորոշ հարցերի կապակցությամբ:

Ըստ այդմ, այդ կասկածներն իրենց բնույթով առնվազն այսպես ասած «կանխավարկածային» էին եւ բխում էին նախորդ իշխող համակարգի լեգիտիմության բացակայությունից:

Միեւնույն ժամանակ, հարցը թերեւս ներքին դաշտում չէ, կամ ներքին դաշտում դրա հետեւանքն է: Ի վերջո, անհրաժեշտ է արձանագրել աներկբա մի բան՝ Ադրբեջանը չէր գնա Արցախի դեմ ագրեսիայի, եթե չունենար աշխարհքաղաքական որեւէ ուժային կենտրոնի աներկբա աջակցություն: Կամ, այլ կերպ ասած, Բաքուն չէր գնա ագրեսիայի, եթե չունենար Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող եւ Կովկասի ռեգիոնալ անվտանգության հարցում առանցքային դերակատար Մոսկվայի երաշխիքը, որ չի լինի համարժեք դիմադրություն եւ հարված:

Ավելին, Բաքուն հենց այդ երաշխիքն էր գնում նաեւ Ռուսաստանից գնվող միլիարդավոր դոլարների սպառազինության հետ մեկտեղ: Հետեւաբար, «դավադրության» խնդիրը այս դեպքում ստանում է քաղաքական այլ համատեքստ, քան զուտ քրեա-իրավական հանգամանքը:

Ադրբեջանը պատերազմի է պատրաստվել փաստացի 1994-ի հրադադարից անմիջապես հետո: Դա նորություն չէ: 2016-ից առաջ, ընդ որում մի քանի տարի առաջ, Բաքուն ստացել է այդ իրավունքը՝ ռուսական բազմամիլիարդ սպառազինության տեսքով:

Հարցն այն է, որ Երեւանում բավարար արդյունավետությամբ չի գործել կանխարգելման քաղաքական մեխանիզմը: Պետությունը պատերազմ կանխում է երկու ուղեգծով՝ ռազմական պաշտպանունակություն եւ քաղաքական դիմադրունակություն ու մրցունակություն: Միայն պաշտպանականը կամ միայն քաղաքականը ամենեւին բավարար չեն կանխարգելելու համար:

Ապրիլյան քառօրյան ցույց տվեց, որ Ադրբեջանի աճող ագրեսիայի եւ պատերազմի միջազգային «իրավունք» ստանալու բաց քաղաքականությանը զուգահեռ, Հայաստանում բավարար չի եղել դրա կանխարգելման թե ռազմական, թե քաղաքական տեմպը եւ բովանդակությունը: Իրավիճակը փրկել է լոկ զինվորի, սպայի եւ կամավորականության մարդկային անձնազոհությունն ու խիզախությունը:

Խորհրդարանի քննիչ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի այդ հանգամանքները: Դա պահանջելու է չափազանց նուրբ եւ պրոֆեսիոնալ աշխատանք, որովհետեւ այդ հանձնաժողովը լինելու է հնարավոր պատերազմական ռիսկերի կանխարգելման քաղաքական ասպեկտում Հայաստանի կենսունակության գեներատոր, որպեսզի մի կողմից շոշափելիորեն նվազի ռազմական ուղղության բեռը եւ հոգեբանական լարվածությունը, մյուս կողմից ձեւավորվի թավշյա հեղափոխության ներքին եւ արտաքին կապիտալիզացիայի համար անհրաժեշտ ռեգիոնալ կայունության առնվազն միջնաժամկետ տարածություն:

Խորհրդարանի հանձնաժողովը խորքային առումով լինելու է վարչապետ Փաշինյանի մարտավարության կարեւոր քաղաքական գործիք, իսկ բուն ծանրության կենտրոնը Փաշինյանն իր մոտ է «տեղակայել» դեռեւս ամիսներ առաջ՝ Մոսկվայից Երեւան տեղափոխելով ու խորհրդական նշանակելով ապրիլյան քառօրյայի ժամանակ հայկական հետախուզության ղեկավար, գեներալ Արշակ Կարապետյանին: Սերժ Սարգսյանը նրան հեռացրեց պաշտոնից քառօրյայից կարճ ժամանակ անց, սակայն դրանից ամիսներ անց էլ նշանակեց Մոսկվայում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդ: Փաշինյանը վերադարձրեց նրան, հայտարարելով, որ ապրիլյանի մասին ի պաշտոնա ծանոթացել է հարյուրավոր էջեր գաղտնի տեղեկատվության եւ դրանցում որեւէ բան չկա հետախուզական թերացման մասին:

Այդ իմաստով, վարչապետ Փաշինյանի համար անշուշտ չկա տեղեկատվություն ստանալու խորհրդարանական աշխատանքի կարիք: Դա վկայում է, որ հանձնաժողովի ստեղծումն ընդամենը քաղաքական լայն խնդրի եւ գործիքի ձեւակերպում է, արտաքին քաղաքական շրջանակ ներկայացնող հարցին քաղաքական գործընթացի ձեւաչափի հաղորդում՝ դրանում ներգրավելով հանրության 70 տոկոսի քվեն ստացած խորհրդարանին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 93665 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Վարչապետի ընտանեկան հանգիստը՝ Լաստիվերում (տեսանյութ)

Ի՞նչ նպատակով են 20 երկրներից վիրաբույժներ ժամանելու Հայաստան

Խնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ (տեսանյութ)

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է