Երևան
25 / Հունիս / 2019

Բաքվում ցայտնոտ է․ Կրակոց Մինսկի խմբի համանախագահների վրա

Lragir.am-ը գրում է․Հունիսի 1-ի առավոտյան ադրբեջանական կրակոցից սպանվել է հայկական զինուժի ժամկետային զինծառայող: Այդ մասին հայտնել է Արցախի պաշտպանության նախարարությունը: Դեպքը տեղի է ունեցել Մարտունու ուղղությամբ:

Դուշանբեում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո առաջնագծում արձանագրվել է լարվածության շոշափելի նվազում, եւ ամիսներ շարունակ չեն եղել զոհեր: Վերջին շրջանում Ադրբեջանն ավելացնում է հրադադարի խախտումների վիճակագրությունը, իսկ շաբաթներ առաջ էլ ծանր վիրավորել են հայկական զինուժի երկու զինծառայողի:

Ի դեպ, հատկանշական է, որ դրանից առաջ ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել իբրեւ թե հայկական կողմի կրակոցից զոհ ունենալու մասին:

Ադրբեջանն այդօրինակ մի տեղեկություն էլ տարածեց մայիսի 30-ին, հայտարարելով, թե Ակնայի ուղղությամբ ունի զոհ: Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունը, թե Արցախի բանակի կրակոցից կարող էր լինել զոհ:

Հատկանշական է, որ Բաքուն զոհի մասին տեղեկություն էր տարածել այն ժամանակ, երբ այնտեղ էին Մինսկի խմբի համանախագահները: Եռյակը նախ այցելել էր Երեւան, հետո Ստեփանակերտ, իսկ մայիսի 30-ին Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիեւի հետ: Համանախագահները ռեգիոնալ այցից հետո հայտարարություն էին տարածել այն մասին, որ կողմերի հետ քննարկել են արտգործնախարարների նոր հանդիպման հնարավորությունը: Նրանք միաժամանակ ասել էին, որ հանդիպել են Արցախի «դե ֆակտո իշխանության» հետ, ինչպես նաեւ Բաքում այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ:

Համանախագահներն իրենց հայտարարության մեջ մտահոգություն էին հայտնել նաեւ վերջին զոհերի կապակցությամբ:

Ի՞նչ զոհերի մասին էին նրանք խոսում: Արդյոք Բաքուն համանախագահ եռյակին հավաստիացրել էր, որ ունի զոհ՝ հայկական կրակոցից: Է՞լ ինչ է հավաստիացրել Բաքուն: Համենայն դեպս, համանախագահների ռեգիոնալ այցից անմիջապես հետո, եւ նաեւ նրանց հայտարարությանը գրեթե զուգահեռ ադրբեջանական կրակոցը, որի հետեւանքով սպանվել է հայկական զինուժի ժամկետային զինծառայող՝ կրակոց է հենց համանախագահների վրա:

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանին իհարկե այլ բան չի մնացել, հատկապես Եվրոպայի Լիգայի եզրափակիչ կոչված քարոզչական ակցիայում միջազգային կատարյալ ֆիասկոյի ենթարկվելուց հետո: Ռազմա-քաղաքական առումով Ադրբեջանը չի կարողանում ուշքի գալ ապրիլյան պատերազմի ֆիասկոյից, որքան էլ ջանում է Ռուսաստանի մի շարք շրջանակների օգնությամբ արդիական պահել «լավրովյան պլանի» օրակարգը: Ալիեւի ակնկալիքը, որ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը նրա համար բավական թանկ գին կարժենա միջազգային ասպարեզում, եւս տապալվեց: Ադրբեջանի նախագահը, փորձելով առաջ անցնել եւ պատրաստվել, 2018-ի հոկտեմբերին նախատեսված նախագահի ընտրությունը տեղափոխեց ապրիլ՝ երբ հանգուցալուծվելու էր նաեւ Բաքվի հաշվարկով Սերժ Սարգսյանի համար խիստ թանկ արժեցող «երրորդ ժամկետի» հարցը:

Բայց Հայաստանում տեղի ունեցան զարգացումներ, որոնք դարձյալ հետ գցեցին Բաքվին, ընդ որում ավելի հետ, քան միայն ապրիլյան պատերազմում տապալումը:

Սերժ Սարգսյանին «երրորդ ժամկետը» իրապես թանկ արժեցավ, բայց ոչ այնպես, ինչպես ակնկալում էր Ադրբեջանի նախագահը: Թանկ արժենալով Սերժ Սարգսյանի վրա, այն ավելի բարձրացրեց Հայաստանի արժեքը:

Այդ պայմաններում, սահմանային մարդասպանությունն ու կրակոցներն Ալիեւի համար դարձան առավել ռիսկային: Դուշանբեում նա ստիպված էր պայմանավորվել Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, զուգահեռ ակնկալելով, որ հնարավոր կլինի գեներացնել եվրասիական ճնշում Հայաստանի վրա, օգտագործելով հին կապերը: Ռուսական պաշտոնական եւ հարակից մեդիադաշտում այդ ճնշումը ժամանակի ընթացքում դարձավ առավել քան ակնառու: Ամենեւին պատահական չէ, որ հենց Դուշանբեից հետո ռուսական այդ քարոզչական դաշտում սկսեց աշխուժորեն գեներացվել Հայաստանում «գունավոր հեղափոխության» վարկածը, Մոսկվայում թավշյա հեղափոխության հանդեպ չեզոք վարքագծի փոխարեն կոշտ հակադրության վարքագիծ ստանալու համար:

Իրավիճակը բարդանում է նրանով, եւ այստեղ է նաեւ խնդրի ցավալիությունը, որ այդօրինակ զարգացումը ունի նաեւ ներհայաստանյան բազմաթիվ շահառու խմբեր, որոնք էլ իրենց հերթին այդ դաշտում հարվածի տակ դնելով Փաշինյանին, ներքին տիրույթում փորձում են լուծել իրենց հարցերը:

Նիկոլ Փաշինյանն այդ իմաստով արել է առանցքային հարցադրումներ՝ Արցախի մասնակցություն բանակցությանը, Ստեփանակերտի սուբյեկտության բարձրացում՝ համահայկական օրակարգի շրջանակում, եւ պատերազմի համար Ռուսաստանի պատասխանատվություն:

Հայաստանում էլ ձեւավորվել է խորհրդարանի քննիչ հանձնաժողովը, որն ուսումնասիրելու է ապրիլյան պատերազմի հանգամանքները: Դա գործնականում պատերազմի ոչ թե իրավական ներքին ասպեկտների, այլ քաղաքական գնահատականի գործընթաց է:

Զուգահեռ, ԱՄՆ նախագահ Թրամփը, որ 2018-ին Ալիեւին ուղերձ էր հղում արցախյան հարցի մոտալուտ առաջընթացի մասին խոսքերով, 2019-ին ուղերձ է հղում Ադրբեջանի լոկ էներգետիկ նշանակության շեշտադրումով, ակնարկելով ռեգիոնալ կայունությունը՝ Ալիեւի անձնական պատասխանատվության շեշտադրումով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 95783 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Վարչապետի ընտանեկան հանգիստը՝ Լաստիվերում (տեսանյութ)

Ի՞նչ նպատակով են 20 երկրներից վիրաբույժներ ժամանելու Հայաստան

Խնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ (տեսանյութ)

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է