Երևան
24 / Օգոստոս / 2019

Հայաստանի ասիմետրիկ պատասխանը. Ռուսաստանը դարձյալ հանձնում է

Lragir.am-ը գրում է․ Ամերիկյան The Wall Street Journal հեղինակավոր պարբերականը տեղեկություն է հրապարակել, որ Ռուսաստանը Վենեսուելայից դուրս է բերում իր ռազմական խորհրդականների մեծ մասին: Ըստ ամերիկյան հեղինակավոր պարբերականի, դրա պատճառն այն է, որ Մոսկվան կասկածում է Մադուրոյի վարչակարգի դիմադրունակությանը եւ կարծում է, որ այն չի կարող դիմանալ ԱՄՆ եւ ընդդիմության ճնշմանը:

Թերթը գրում է նաեւ, թե այդ կասկածներն են պատճառը, որ Մոսկվան կայացրել է Վենեսուելայում Կալաշնիկով ավտոմատների գործարան բացելու որոշումը:


Ի դեպ, հետաքրքիր է, որ կա Հայաստանում Կալաշնիկով ավտոմատներ արտադրելու հայ-ռուսական համաձայնագիր, որը ստորագրվեց մի քանի ամիս առաջ: Իհարկե, հազիվ թե Հայաստան է տեղափոխվում այն ծրագիրը, որ գործելու էր Վենեսուելայում, պարզապես Վենեսուելայի վերաբերյալ ռուսական մտահոգությունները Հայաստանի դիտանկյունից ունեն հետաքրքրություն առաջացնող այլ հանգամանքներ:

Դեռեւս պաշտոնապես հաստատված չէ, որ ռուսական խորհրդականները հեռանում են Վենեսուելայից, սակայն հատկանշական է, որ ամերիկյան հեղինակավոր պարբերականը այդ տեղեկությունը հրապարակում է Սոչիում մայիսի կեսին ռուս-ամերիկյան հանդիպումից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպել էր Պուտինին, եւ Լավրովին:

Չի բացառվում, որ հենց այդ հանդիպման արդյունքում է Մոսկվան կայացրել ռազմական խորհրդականներին դուրս բերելու, կամ այլ կերպ ասած՝ Մադուրոյին հանձնելու որոշում:

Մադուրոն կլինի հերթական «դաշնակիցը», որին կհանձնի Մոսկվան: Ինչի՞ դիմաց: Թե՞ կան հարցեր, որտեղ Ռուսաստանը ոչ թե ինչ որ բան է ստանում որեւէ բան հանձնելու դիմաց, այլ պարզապես չի ստանում որեւէ նոր խնդիր կամ հարված: Համենայն դեպս, Ռուսաստանը ներկայում բավականին բարդ ոչ միայն արտաքին, այլեւ ներքին իրադրության մեջ է, որքան էլ այն փորձ է արվում թաքցնել ֆեդերալ հեռուստաալիքների մակարդակում:

Ավելին, որքան այդ մակարդակում ուժգնանում է մեծապետական քարոզչությունը, այդքան թերեւս բարդանում է իրական վիճակը երկրում: Այդ իմաստով խիստ հատկանշական էր Եկատերինբուրգում Ուղղափառ տաճարի կառուցման հանրային արգելքը, որի արդյունքում շինարարությունը կասեցվեց: Դրանից բացի, Ռուսաստանի եւս երկու քաղաքներում կասեցվեց Ուղղափառ տաճարի շինարարությունն արդեն իշխանության մտադրության մակարդակում:

Իսկ խոսքն այս դեպքում ռուսական մեծապետականության բավականին սիմպտոմատիկ ուղղության մասին է, հաշվի առնելով այն դերը, որ ամբողջատիրական եւ ավտորիտար համակարգում ունի Ռուս Ուղղափառ եկեղեցին՝ որպես հանրային տրամադրության կառավարման գործիք: Փաստորեն, տեղի է ունեցել ընդհուպ այդ՝ հոգեւոր գործիքի խափանում:

Միաժամանակ, արաբական Asharq Al-Awsat պորտալը, հղում անելով արեւմտյան դիվանագիտական աղբյուրների, նշում է, որ հունիսի վերջին սպասվում է Ռուսաստանի, ԱՄՆ եւ Իսրայելի Անվտանգության խորհրդի քարտուղարներ Պատրուշեւի, Ջոն Բոլթոնի եւ Բեն Շաբաթի հանդիպումը, որտեղ սպասվում է Ռուսաստանին ուղղված առաջարկներ Սիրիայում Ասադի կառավարության ճանաչման հարցում, պայմանով, որ Մոսկվան կօգնի Սիրիայում թուլացնել Իրանի ազդեցությունը:

Այս զարգացումների ֆոնին հատկանշական է դառնում արցախ-ադրբեջանական սահմանին լարվածություն սադրելուն ուղղված Բաքվի քայլը, այն էլ Մինսկի խմբի համանախագահների ռեգիոն այցի ժամանակ, հատկապես, երբ նրանք Բաքվում էին: Մայիսի 30-ին Ադրբեջանը տեղեկություն տարածեց Ակնայի ուղղությամբ հայկական կրակոցից մայորի կորստի մասին: Հայկական կողմը կեղծ որակեց այդ տեղեկությունը, հիշեցնելով, որ այդօրինակ խնդիրներ չունենալու տարբերակը 2016 թվականի Վիեննայի օրակարգով նախատեսված հրադադարի հսկողության միջազգային մեխանիզմների տեղակայումն է:

Դրան հաջորդեց ադրբեջանական կրակոցը սահմանին: Սպանվեց հայկական զինուժի ժամկետային 19-ամյա զինծառայող: Երեւանը բավական կոշտ արձագանքեց դրան, հիշեցնելով նաեւ, որ Բաքվում իշխանական պատգամավորները խոսում են ընդհուպ Հայաստանի ղեկավարներին ֆիզիկապես ոչնչացնելու մասին:

Դրան զուգահեռ, Հայաստանի արտգործնախարարությունը հիշեցրել էր արդեն ոչ միայն 2016-ի Վիեննայի, այլ նաեւ ավելի թարմ պայմանավորվածությունների անհրաժեշտությունը՝ Դուշանբե 2018, եւ 2019-ի Վիեննայի՝ նախագահների մակարդակով, եւ Մոսկվայի՝ արտգործնախարների մակարդակով համաձայնությունների կատարման անհրաժեշտությունը: Գործնականում, Հայաստանն ավելի թարմ պայմանավորվածությունները վկայակոչելով, ակնարկել էր Ռուսաստանի պատասխանատվության մասին, փաստացի որի ներքո է ծավալվել Դուշանբեից սկսած գործընթացը:

Այդ հիշեցումներին զուգահեռ, Երեւանը տեղեկություն է տարածել, որ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 3-4-ին մեկնում է Կիպրոս, որտեղ կունենա երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ, այդ թվում տեղի կունենա Հայաստան-Կիպրոս-Հունաստան արտգործնախարարների եռակողմ խորհրդակցություն:

Դա գործնականում Հայաստանի դիվանագիտական ասիմետրիկ պատասխանն է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի շանտաժային փորձերին եւ իրավիճակի համար Ռուսաստանի պատասխանատվությանը:

Առավել մանրամասն այստեղ

դիտվել է 52303 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին