Երևան
18 / Հունիս / 2019

Ի՞նչ նպատակով է քննիչն առգրավել Ռոբերտ Քոչարյանի գույքը

Ռոբերտ Քոչարյանի գործով առ այսօր որևէ մեկը քաղաքացիական հայց չի ներկայացրել, ինչը հիմնավորում է, որ Քոչարյանին վերագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմը որևէ տրամաբանական կապ չունի հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հետ։ Այս մասին այսօր՝ հունիսի 6–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստին հայտարարեց Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Պաշտպանը դատարանից խնդրում է ճանաչել քննիչ Մուշեղյանի՝ 2018թ. հուլիսի 30–ի որոշման, ինչպես նաև դատախազության՝ այդ որոշումը չվերացնելու արդյունքում Ռոբերտ Քոչարյանի իրավունքի խախտումը։


Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելուց օրեր անց՝ 2018թ. հուլիսի 30-ին, Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ նրա ամբողջ գույքի վրա կալանք է դրվել։ Քոչարյանի պաշտպաններն այս որոշումը բողոքարկել էինր դատախազին, բողոքը մերժվել էր, որից հետո նրանք դիմել էին դատարան:

Այսօրվա դատական նիստում փաստաբանը վկայակոչեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի՝ 2019թ. մայիսի 8-ի որոշումը, որով դատարանը մասնակի բավարարել էր Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանքի դնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը:

Դատարանն արձանագրել էր, որ Գևորգյանի գույքի վրա կալանք դնելը խախտել է նրա իրավունքը, սակայն վարույթն իրականացնող մարմնին չէր պարտավորեցրել վերացնել խախտումը:

Խուդոյանի խոսքով՝ թե՛ Արմեն Գևորգյանին, և թե՛ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված չի եղել այնպիսի արարք, որը ենթադրում է գույքի առգրավում։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նպատակով է քննիչն առգրավել Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային պայմանագիրը, նրա նույնականացման քարտերը, բանկային քարտերը, որսորդական հրացանները, առանձնատնից հայտնաբերված գումարը։

Դատավորը, մասնավորապես, հետաքրքրվեց, թե գործի համար ի՞նչ նշանակություն կարող էին ունենալ որսորդական հրացանները։

Դատախազը պատասխանեց, որ թեև հրացանները որսորդական են, սակայն դրանք կարող էին այլ նպատակի ծառայել։ Ինչ վերաբերվում է նույնականացման քարտերն առգրավելուն, դատախազը նշեց, որ քննիչի գործողություններն իրավաչափ են եղել, և նա քրեադատավարական կարգով կարող էր դրանք առգրավել։

Իսկ տնից հայտնաբերված բանկային քարտերը, ըստ դատախազի, առգրավվել են՝ դրանցում առկա գումարը կանխիկացնելը խափանելու նպատակով։

Դատավորը հետաքրքրվեց, թե Քոչարյանի առանձնատնից հայտնաբերված 27.300 ԱՄՆ դոլար գումարը առգրավելիս նախաքննական մարմինն ինչպե՞ս է որոշել այդ գումարի պատկանելության հարցը։

Նշենք, որ ըստ պաշտպանի՝ այդ գումարը պատկանել է ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, այլ նրա որդուն՝ Լևոն Քոչարյանին։

Դոլմազյանը հայտարարեց, որ իրենց կարծիքով՝ տնից հայտնաբերված գումարը պատկանում է հենց Ռոբերտ Քոչարյանին։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով որոշումը կհրապարակվի հունիսի 7-ին՝ ժամը 12:20–ին։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

դիտվել է 7983 անգամ

Ֆրանսիան վարում է երկակի քաղաքականություն՝ տեղի տալով Ադրբեջանին ու Թուրքիային

Մենք իրենց գրպանին ենք խփել, դրա համար էլ ստեղծվել է այս աժիոտաժը. Սիլվա Ադամյան

«Այսօր նորից հոսք կա, հին և նոր անդամների վերադարձ կա ՀՀԿ». Արմեն Աշոտյան

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3