Երևան
23 / Օգոստոս / 2019

Պուտինը մերժեց Ալիևին. Հայաստանն իրավիճակ է փոխել

Փաշինյան-Պուտին հանդիպմանը չի քննարկվել Արցախի հարց: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Գրեթե կասկած չկա, որ Փաշինյանն ու Պուտինը շոշափել են հարցը, դա չշոշափել անհնարին է, որովհետև Արցախի հարցը ռեգիոնալ ռազմա-քաղաքական և տնտեսա-քաղաքական համատեքստի առանցքային, բազային գործոններից է:

Բնականաբար, հարցն այն է, թե ինչ համատեքստում ու բովանդակության շրջանակում է այն քննարկվել:

Եվ հայտարարությունը՝ Պեսկովի մակարդակով, որ Արցախի հարց չի քննարկվել, հուշում է, որ այն չի քննարկվել այսպես ասած՝ «լավրովյան պլանի» կամ «մադրիդյան սկզբունքների» կամ, այլ կերպ ասած՝ «հող հանձնելու» համատեքստում:

Պեսկովի հայտարարությունն ազդակ է, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը, առնվազն այս պահի դրությամբ, առնվազն այս պահի օրակարգով արձանագրում է գոյություն ունեցող ստատուս-քվոյի անձեռնմխելիությունը:

Եվ դա այն պարագայում, որ հունիսի 1-ին Փաշինյանի ծննդյան տարեդարձի առիթով Պուտինի հեռախոսազանգից երկու օր անց Կրեմլ էր զանգահարել Ալիևը:

Պեսկովի հայտարարությունը փաստացի վկայում է, որ ՌԴ նախագահը մերժել է Ալիևին: Ավելին, Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ քննարկել են սպառազինության հարցեր:

Սանկտ Պետերբուրգում ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հարցին, թե ինչ սպառազինության մասին է խոսքը, արդյոք նոր «Իսկանդերների՞», Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Իսիկանդեր» շատ ունենք, և Հայաստանն ուրիշ բան է ուզում:

Թե հատկապես ինչ, Հայաստանի վարչապետը չի բարձրաձայնել, սակայն «Իսկանդեր» շատ ունենք» արտահայտությունը հուշում է, որ խոսքն իր, այսպես ասած, ոչ միայն ռազմական, այլ ռազմա-քաղաքական ոչ պակաս նշանակությամբ զինատեսակի մասին է, որն ի զորու է բալանս փոխել, կամ նոր բալանս հաստատել:

Իսկ այդ առումով հիշարժան է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ավելի վաղ արած հայտարարություններից մեկը, որ Հայաստանը չի ձգտում բալանս ապահովելու, Հայաստանը ձգտում է առավելության:

Հայտնի է, որ Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել չորս Սու 30 բազմաֆունկցիոնալ կործանիչներ, որոնք ապահովելու են օդային գերակայություն:

Նախարարը հայտարարել էր, որ դրանք կմատակարարվեն մինչև 2020 թվական: Կործանիչները գործարանում են, փողն էլ փոխանցված: Դա նշանակում է, որ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է այլ սպառազինության, համենայնդեպս ոչ այդ կործանիչներին:

Հնարավոր է, նոր խմբաքանակի, կամ գուցե այլ բնույթի սպառազինության: Տվյալ պարագայում առանցքային է Պուտինի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարության քաղաքական նշանակությունը:

Եվ սա Հայաստանում տեղի ունեցող կամ բորբոքվող ներքաղաքական կրքերի ֆոնին, այդ ֆոնին արձանագրելով նաև բավական էական և պարզ բան՝ դրանք ոչ թե թուլացրել են Հայաստանի դիրքերը արտաքին բանակցությունում և արցախյան հարցում, այլ ավելի ամրացրել, ինչի վկայությունը Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանի արած հայտարարությունն է:

Միաժամանակ, այստեղ, անշուշտ, իրադարձությունների զարգացումը պետք է դիտարկել ներքին և արտաքին փոխկապակցվածության մեջ, ինչի մասին մենք խոսել ենք վերջին օրերին տեղի ունեցած ներքին իրադարձությունների շղթայի վերաբերյալ արված մեր վերլուծություններում և մեկնաբանություններում:

Ըստ այդմ, Պուտինի հետ հանդիպումից հետո արված հայտարարությունը արտացոլում է նաև հայ-ռուսական փոխհարաբերության վերափոխման ներկայիս դինամիկան:

Իսկ դա ոչ միայն և նույնիսկ մի շարք հանգամանքների բերումով մեզ թույլ տանք ասել՝ ոչ այնքան բուն երկկողմ, այլ ռեգիոնալ և աշխարհաքաղաքական լայն դիտարկման հարց է, որն էապես փոխկապակցվում է Հայաստանի ռազմա-քաղաքական դիմադրունակության համակարգի վերականգնման հետ:

Իսկ այդ խնդիրն էլ, իր հերթին, Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովի վերաբերյալ իր գնահատականում բարձրաձայնեց վարչապետ Փաշինյանը՝ ասելով, որ այդ հանձնաժողովի նպատակն է ապահովել երկրորդ անգամ նույն իրավիճակում չհայտնվելու երաշխիքներ:

Իսկ այդ համատեքստում էլ Փաշինյան-Պուտին հանդիպումն ու դրանից հետո Հայաստանի վարչապետի հայտարարությունը հիմնարար և խորհրդանշական է դառնում այն դերակատարման ֆոնին, որ Ապրիլյան պատերազմում ունեցել է Ռուսաստանը, որն այդ ժամանակ հզոր սպառազինություն էր Ադրբեջանին տրամադրում՝ միլիարդավոր դոլարների:

Այժմ Հայաստանն իրավիճակ է փոխել:

Աղբյուրը՝ 1in.am

դիտվել է 26303 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին