Երևան
24 / Հուլիս / 2019

Սեյրան Օհանյանը բացահայտել է ապրիլյան քառօրյան. Փաթեթը ՊՆ-ում

Lragir.am-ը գրում է․ Ես պատրաստ եմ աշխատել հանձնաժողովի հետ, Ազատություն ռադիոկայանին ասել է նախկին բարձրաստիճան զինվորական Կոմիտաս Մուրադյանը, որին Սերժ Սարգսյանը պաշտոնից հեռացրեց ապրիլյան պատերազմից մի քանի օր անց: Մուրադյանը Հայաստանի ԶՈՒ կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետն էր: Նա ասում է, որ «զոհերից» մեկն էլ ինքն է եւ հույս ունի, որ հանձնաժողովը կաշխատի արդյունավետ:

Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողովի հրավերի դեպքում հարցերին պատասխանելու պատրաստակամություն հայտնել է նաեւ ՊՆ նյութատեխնիկական ապահովման նախկին պատասխանատու Ալիկ Միրզաբեկյանը, որին նույնպես Սերժ Սարգսյանը հեռացրել էր ապրիլյան պատերազմից հետո:

Հեռացված զինվորականներից էր նաեւ ԶՈՒ հետախուզական վարչության պետ գեներալ Արշակ Կարապետյանը: Սակայն մի քանի ամիս անց Սերժ Սարգսյանը նրան նշանակեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդ: Նիկոլ Փաշինյանը Կարապետյանին վերադարձրեց Երեւան, տալով խորհրդականի կարգավիճակ: Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլյան պատերազմի վերաբերյալ հարյուրավոր գաղտնի էջեր է կարդացել՝ վարչապետի պաշտոնի բերումով, սակայն որեւէ տվյալ չկա հետախուզական վատ աշխատանքի մասին:

Այն, որ ապրիլյան պատերազմին հայկական զինուժը՝ որպես համակարգ, եւ հայկական պետականությունն ընդհանրապես, համարժեք պատրաստ չէր, աներկբա է: Դա փաստացի ընդունել է նաեւ Սերժ Սարգսյանը, թեկուզ այն պաշտոնանկություններով, որ կատարել է պատերազմից հետո:

Հանրությունն այդ շրջանում ողջունում էր դրանք, թեեւ հետո սկսեց տարակուսել, թե ինչու՞ ապրիլյան քառօրյային համարժեք պատրաստ չլինելու համար պատասխանատվության ենթարկվածների շրջանակը սահմանափակվեց այդ մի քանի պաշտոնանկությամբ:

Մի քանի ամիս անց՝ սեպտեմբերին արդեն կառավարության փոփոխությունից հետո պաշտպանության նախարարի պաշտոնը թողած Սեյրան Օհանյանն, անցնելով ընդդիմադիր դաշտ, հայտարարեց, որ ինքը դեմ էր ապրիլյանի համար պատասխանատվությունը միայն բանակի վրա դնելուն: Այլ կերպ ասած, Օհանյանը Սերժ Սարգսյանից թերեւս պահանջել է քաղաքական պատասխանատվություն էլ:

Սեյրան Օհանյանը չի ասել՝ կգործակցի՞ ապրիլյանի հանգամանքները քննող հանձնաժողովի հետ: Նա թերահավատություն էր հայտնել, թե «բանակ չծառայածնե՞րն» են քննելու: Սա իհարկե ծանրակշիռ փաստարկ չէ: Մյուս կողմից, Օհանյանն ասել էր առանցքային մի բան, որ ապրիլյանից հետո ՊՆ-ում ինքն արել է պատերազմի հանգամանքների մանրամասն վերլուծություն եւ ուսումնասիրություն, որը ՊՆ-ում է:

Այլ կերպ ասած, Սեյրան Օհանյանը ակնարկել է, որ ինչ գիտե՝ արդեն իսկ նոր իշխանության տրամադրության տակ է, պաշտպանության նախարարությունում, եւ չունի դրանից ավելի ասելիք: Կամ, Օհանյանը գուցե ակնարկում է, որ ապրիլյանի մասին կարող է խոսել այսպես ասած ավելի բարձր քաղաքական մակարդակով, ոչ թե խորհրդարանի պատգամավորների: Այսինքն, նախկին նախարարն ըստ երեւույթին ակնարկում է վարչապետի եւ պաշտպանության նախարարի մակարդակը:

Պաշտպանության նախարարությունը չի մանրամասնել Սեյրան Օհանյանի թողած ուսումնասիրության մասին: Սակայն, հատկանշական է, որ ներկայիս նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլյան պատերազմի օրերին նախարարի առաջին տեղակալ էր եւ գործնականում կատարում էր նաեւ արտգործնախարարի գործառույթ, ինտենսիվ շփվում արտասահմանցի դիվանագետների հետ:

Անկասկած է, որ այդ ժամանակ նախարար Օհանյանի հետպատերազմյա ուսումնասիրությունների գործում շոշափելի դեր է ունեցել նաեւ ներկայիս նախարար, նրա առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Իսկ այդ ուսումնասիրությունը ներկայացվե՞լ է Սերժ Սարգսյանին: Համենայն դեպս, հազիվ թե հնարավոր լիներ անել ուսումնասիրություն նրանից գաղտնի: Այդուհանդերձ, ո՞րն էր այն շրջանակը, որ ըստ նախկին նախարար Օհանյանի պետք է պատասխանատու լիներ բանակից բացի, կամ գուցե բանակից առավել: Արդյոք Սերժ Սարգսյանն ինքը, կամ կառավարությունը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Իսկ կարո՞ղ էր դա լինել պատճառը, որ Հովիկ Աբրահամյանը ստիպված էր հրադադարից մեկ-երկու օր անց, Երեւանում ընդունելով Մեդվեդեւին, հորդորել նրան չուշացնել Հայաստանի համար նախատեսված 200 միիոն դոլարի սպառազինությունը: Սպառազինություն, որը, ի դեպ, պետք է Հայաստան մատակարարված լիներ ավելի վաղ: Ու՞մ պատճառով է մատակարարումն ուշացել, Ռուսաստանի քաղաքական որոշմա՞ն, թե՞ Հայաստանի որոշ պաշտոնյաների անգործության կամ անփութության, կամ գուցե դիտավորությա՞ն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 53831 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Վալերի Օսիպյանը ներկայացրեց նորանշանակ պետին

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է