Երևան
14 / Հոկտեմբեր / 2019

Ատե՛, բայց մի՛ մոռնար զիս

Դիպվածը մեզ օր մ' իրարու հանդըպցուց
Ու սիրեցինք մենք զիրար,
Գտած ըլլալ կարծեցինք՝ ինչ որ վաղուց
Կփնտրեինք անձկաբար,
Հիմա կզգանք որ, ա՜խ, խաբեր ենք մենք մեզ,
Ու կզատվինք, սիրելի՛ս,
Գիտե՞ս քենե ի՞նչ պիտի լոկ խնդրեմ ես, -
Ատե՛, բայց մի՛ մոռնար զիս:

Քանզի սրտով սիրեցի պահ մ’ ես զքեզ,
Եվ ինծի դառն է հիմա
Մտածել, թե ոչինչ, ոչի՜նչ իմ սերես
Պիտի սրտիդ մեջ մնա:
Գիտեմ, ամեն բան վերջացած է մեր մեջ,
Բայց չպատռենք վիպակնիս.
Թող գեթ մե՛կ էջ անկից մնա, գեթ մե՛կ էջ.
Ատե՛, բայց մի՛ մոռնար զիս:

Երբ իմ անունս հնչե երբեմն ականջիդ,
Դող մը հոգիդ թող ցնցե.
Թող հիշատակս ստվերե աչքըդ վճիտ,
Եվ համբույրիս իմ բոցե
Հետքը թող միշտ անտես այրի այտիդ վրա.
Մեր տարփանքեն, նազելիս,
Արձագանք մը, ցոլք մը, շուք մը թող մնա.
Ատե՛, բայց մի՛ մոռնար զիս:

Ո՞վ գիտե, ես գուցե եղա հանցավոր,
Գուցե դժբախտ ըրի զքեզ,
Մնա՜ս բարով, աշխարհ լայն է, դուն աղվոր
Այլուր թերևըս գտնես
Երջանկությունն, որուն սիրտդ է արժանի.
Երբ նոր սեր մը, պաշտելի՛ս,
Մեր խեղճ սիրույն մոխիրներուն մեջ ծնի,
Ատե՛, բայց մի՛ մոռնար զիս:

ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ

դիտվել է 5909 անգամ

Այս թեմայով

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Տեսանյութ. ՀՀ-ում 40 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը