Երևան
22 / Հոկտեմբեր / 2019

Խրամատներից դուրս գալու ժամանակը

Հայ կանայք կարող են հայհոյել ու այն էլ՝ ինչպես. վերջին մեկ տարվա ընթացքում սոցիալական ցանցերից հավանաբար այս բացահայտումն է ամենամեծ անակնկալը։ Ու խոսքն իրական հայ կանանց մասին է՝ ապրող Հայաստանում և Հայաստանից դուրս։ Շոկայինը, իհարկե, փոխադարձ անհանդուրժողականության այն մակարդակն է, որի պատճառով այսօր անհնար է անցկացնել որևէ հանրային քննարկում։


Սա, անշուշտ, գլոբալ երևույթ է և սկիզբ է առել ոչ հիմա, այլ աստիճանաբար է թափ հավաքել։ Ամերիկյան Pew ինստիտուտը 2015 թվականին հարցում անցկացրեց այն մասին, թե մարդիկ կարո՞ղ են հրապարակային գրառում անել, եթե դա, հնարավոր է՝ վիրավորի այլ խմբի։ Եվ ամբողջ աշխարհում հարցվածների 35 տոկոսը դրական էր պատասխանել։ Այսինքն՝ յուրաքանչյուր երրորդը կարծում է, որ նորմալ է. սոցցանցերում կարելի է գրել մի բան՝ հաստատ իմանալով, որ այն կարող է վիրավորել այլ մարդու։ Հաշվի առնելով բևեռացող քաղաքականությունն աշխարհում և մեր երկրում՝ պատահական չէ, որ 2015-ից այս կողմ նման մարդկանց թիվն ու գրառումների ագրեսիվությունն աճել են։


Երկփեղկված, բևեռացած ու թշնամացած հասարակությունը մի կողմից՝ չափազանց կանխատեսելի է, մյուս կողմից՝ չափազանց խոցելի։ Հասարակությունները նախքան արտաքին թշնամուն պարտվելը՝ նախ ներքուստ են թշնամացել, բախվել ու թուլացել։ Դրա պատմական նախադեպերը շատ են՝ սկսած Հռոմեական Կայսրությունից մինչև մեր օրերը։


Որպեսզի հասկանաս, թե ինչպիսի հասարակության հետ գործ ունես, ուսումնասիրիր նրա քաղաքական բարդույթները։ Այդ իմաստով մեզանում միջնադարյան բարքեր են.

Իշխանություն-ընդդիմություն պայքարի նպատակը միմյանց ոչնչացնելն է քաղաքականապես ու բարոյապես։ Եթե չես հայհոյում, մրցակցիդ չես ոչնչացնում, ապա ո՛չ իրական իշխանություն ես, ո՛չ էլ իրական ընդդիմություն։
Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների մասին դիսկուրսն անիրականանալի երազանքներից կամ իրականությունից կտրված պատկերացումներից այն կողմ չի անցնում: Իսկ Հայաստանի շահերն առաջ տանելու մասին գաղափար առաջարկողը միանգամից դառնում է ռուսամետ, արևմտամետ, կա՛մ մեկ այլ մետ:
Արցախի հարցում սահմանին Ադրբեջանն է, բայց խրամատները փորել ենք մեր ներսում։ Խրամատներում են խաղաղության ու պատերազմի կուսակցությունները, հայրենասերներ ու դավաճաններ, հայրենասերներ ու էլ ավելի հայրենասերներ, դավաճաններ ու էլ ավելի դավաճաններ, զիջողականներ ու ոչմիթիզականներ։
Հասարակությունը բևեռացած է, հանրային գնահատականները՝ ծայրահեղացված։

Մեր երկրում հերոս ես կամ հանցագործ։
Մեր երկրում իշխանությունը միշտ ճիշտ է կամ միշտ սխալ։
Մեր երկրում ընդդիմությունը պետք է լինի բանտում կամ ծախու։
Մեր երկրում սիրելի արվեստագետը հետմահու է կամ արտասահմանում։
Մեր երկրում գործարարը բարերար է կամ օլիգարխ։
Օլիգարխների մասին։ Մենք հերոսացնում ենք Հայաստանից դուրս մեծ կարողություն ունեցող մեր հայրենակցին, բայց հայրենական արտադրողին կամ գործարարին կոչում ենք ներքին թշնամի, «ժողովրդի արյունը ծծող»։ Սոցիալական արդարության առավել արդյունավետ մեխանիզմ որոնելու փոխարեն՝ քարոզում ենք, որ ոչ թե պետք է ձգտել, որ բոլորը լավ ապրեն, այլ, որ ոչ ոք լավ ապրելու իրավունք չունի, քանի դեռ բոլորը լավ չեն ապրում։ Հայտնի անեկդոտի պես՝ երբ փետրվարյան հեղափոխության մասնակցի այրին բոլշևիկներին հարցնում է՝ ինչի համար են պայքարում, պատասխանում են, որ՝ հարուստներ չլինեն։ Այրին ասում է՝ իսկ իմ ամուսինը պայքարում էր, որ աղքատներ չլինեն։

Օրինակները շատ են, իսկ դեստրուկտիվիզմը շարունակվում է։ Անշուշտ, սա նույնպես հանրային կացութաձև է՝ ապրել ատելով, բաժանելով, պիտակավորելով ու հեղինակազրկելով։ Ի վերջո, կարելի է բոլորին ոչնչացնել, համահավասարեցնել, հեռացնել, դատարկել ու անապատացնել։ Ե՞վ։ Հետո՞։ Դրանից մենք ավելի երջանի՞կ կդառնանք։ Ի դեպ, դատելով ըստ երջանկության ինդեքսի՝ ո՛չ։ Հայաստանը միշտ եղել է դժբախտների ցուցակում՝ 157 երկրների մեջ վերջին տարիներին զբաղեցնելով 116-րդ տեղը։

Ասում են՝ մարդկության հիշողությունը, բարեբախտաբար, սահմանափակ է։ Երևի այդպես է, հակառակ դեպքում անցյալի շուրջ մեր մաշող ու աննպատակ բանավեճն ու հետահայաց դիմակայությունն ավելի հեռուն կգնան։ Հետանկախական մեր անցյալի մեջ խարխափելով՝ դրա մի տասնամյակն անվերջ հակադրում ենք մյուսին, առաջնորդներին հակադրում ենք թիմերին, ոչնչացնում ենք ցանկացած նախորդ ձեռքբերում՝ ընդ որում, առանձնակի դաժանությամբ ու մինչև վերջ։

Իսկ ո՞րն է, ի վերջո, նպատակը: Ինչի՞ն հասնելու համար են սոցցանցերի հայհոյանքները, հասարակության նյարդային սնուցումները, զտումներն ու դատաստանները, հեղափոխություններն ու բարեփոխումները, իշխանություններն ու ընդդիմությունները: Այս ամենն ինչի՞ համար է, որ ի՞նչ լինի: Ո՞րն է շուրջբոլորը հեռացնելու, բաժանելու, պիտակավորելու, հեղինակազրկելու հետևանքը: Սրա հետևանքով մարդիկ ավելի լա՞վ են ապրում կամ ապրելու: Եթե այո, ուրեմն ամեն ինչ ճիշտ է: Բայց ակնհայտ է, չէ՞, որ այս քայլերն ու այս հետևանքն իրար կապող ճանապարհ ուղղակի չկա: Մինչդեռ մարդիկ ուզում են իրականանալի երազանք: Մարդիկ ցանկանում են լավ ապրել: Ու միշտ են ցանկացել: Մարդիկ ձգտում են բարեկեցության և հայացքներն ուղղում դեպի այնտեղ տանող առաջնորդին: Տեղի ունեցածը կամ տեղի ունեցողը տանո՞ւմ է լավ ապրելու նպատակին, թե՞ պարզապես ինքնանպատակ է:

Այսպես կարելի է շարունակել անվերջ։ Այսպես մենք կառուցում ենք պատժող ու ագրեսիվ հանրույթ, որտեղ բոլորն ապրում և աշխատում են այնքան, մինչև հասնի պատժելու և պատժվելու իրենց հերթը։ Մինչդեռ ապագայի հասարակությունը պետք է լինի խրախուսող, լավ օրինակը բազմապատկող, լավ գործը շարունակող, լավ միտքը զարգացնող։ Լավ ապրելու, բարեկեցիկ ապրելու այլ ճանապարհ ուղղակի գոյություն չունի: Հնարավոր չէ փոփոխական հաջողություններով ատելության, մեկը մյուսին ստորացնելու և ոչնչացնելու պատերազմ վարել ու լավ ապրելու հավակնություն ունենալ:

Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ բարեկեցիկ ապրելու հնարավորություն են ստանում միայն այն հասարակությունները, որոնք կարողանում են պայմանավորվել բարեկեցիկ ապագա ստեղծելու շուրջ: Լավ ապրելու իրավունքը հնարավոր է միայն վաստակել ընդհանուր շահի գիտակցման, համերաշխության, փոխադարձ վստահության և գործակցության մթնոլորտում։

Մենք հավաքական ընտրություն ունենք կատարելու՝ ապրել համերա՞շխ, թե՞ կռվելով, ոչնչացնելով բոլորին ու ամեն ինչ, թե՞ առաջ գնալ՝ սխալները շտկելով։ Այսօր մենք ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ մի քանի սերնդի նույն սխալները, դրանց հետևանքները, ունենք դրանք չկրկնելու շանսը, նոր սխալներից խուսափելու հնարավորությունը, ունենք քաղաքացիներ, որոնք պատրաստ են, նոր սերունդ, որը կարող է։ Ընդամենը պետք է մի օր դադար առնել, խորը շունչ քաշել, գիծ քաշել ու սկսել նորից։ Ու դա հնարավոր է։

Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան 

դիտվել է 6631 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է․ Փաշինյան (տեսանյութ)

«Կանանց տնտեսական հզորացում Շիրակի և Գեղարքունիքի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդի...

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը