Երևան
22 / Հոկտեմբեր / 2019

Գագիկ Ծառուկյանին թույլ չտվեցին սեփականաշնորհել Աբովյան 9 հասցեի տարածքը

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հանձնված պետական գույքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանն այդպես էլ չհասցրեց սեփականաշնորհել: Աբովյան 9 հասցեն երկու տասնամյակ շահագործելուց հետո փաստացի այն կվերադարձվի Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Գաղտնիք չէ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք նա մեկ-երկու անգամ փորձել է նախարարությունն իրենով անել՝ Երևանի փոքր Կենտրոնում հերթական հյուրանոցը կառուցելու նպատակով: Մինչդեռ նախկինում իշխող քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հետ կոալիցիոն կառավարության մաս կազմելու շրջանում և դրանից հետո էլ ԲՀԿ առաջնորդը չհաջողեց իր այդ գաղափարն ու սպասված գործարքն իրագործել:

168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նույն ջանքերը Գագիկ Ծառուկյանը գործադրել է ընդհուպ հեղափոխական կառավարության հետ փոխհարաբերությունների ընթացքում, սակայն ոչինչ չեն խոստացել:

Թերևս, կասկած չկա, որ հետագայում, եթե կառավարությունն այդուհանդերձ որոշի օտարել նույն գույքը, դժվար թե Գ. Ծառուկյանի նկատմամբ հատուկ վերաբերմունք դրսևորի, մանավանդ, որ վարչապետի գլխավորած քաղաքական իշխող ուժի հետ ԲՀԿ-ն այլևս փայլուն հարաբերությունների հույս չունի:

Այստեղ, ինչպես ասում են, մի «բայց» կա։ Ծառուկյանի հոգեհարազատ շենքի առաջին հարկը շարունակում է մնալ իր շահագործման տակ։ Դեռևս 2004թ.-ից՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահ եղած շրջանում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն տեղակայված է այստեղ:

Նույն շրջանում էր նաև, որ Ծառուկյանին թույլ տրվեց զբաղեցնել նախարարության մի հատվածը՝ Սպորտի կոմիտեի հատվածը, ինչպես նաև շենքի նկուղային հարկը, ծառայեցնել իր մասնավոր բիզնեսին: Ուշագրավ է այն, որ ՀԱՕԿ նախագահին պատկանող խանութը նախարարության նկուղային հարկից նախարարությանը մարզական հագուստ և պարագաներ է վաճառում, ընդ որում՝ նաև պետպատվերի շրջանակներում:

Հիշեցնենք, Կառավարության իրականացրած կառուցվածքային փոփոխությունների հետևանքով օպտիմալացված նախարարություններից մեկը ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է: Մեկ փոխնախարարով և մեկ-երկու ձևավորվող վարչություններով հանդերձ՝ նախարարությունը միաձուլված կգործի այլևս ՀՀ Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմում: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ողջ անձնակազմը հունիսի 1-ից ազատել է շենքի երկու հարկերը:

Աբովյան 9 հասցեի եռահարկ շենքում այժմ միայն Գագիկ Ծառուկյանի գլխավորած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն է (ՀԱՕԿ) շարունակում մնալ և սպորտային խանութը:

Երեկ մենք մի քանի անգամ փորձեցինք կապ հաստատել նաև Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ, սակայն ապարդյուն։ Նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին։

դիտվել է 62079 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է․ Փաշինյան (տեսանյութ)

«Կանանց տնտեսական հզորացում Շիրակի և Գեղարքունիքի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդի...

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը