Երևան
20 / Հուլիս / 2019

«Մենք ոչնչություն ենք, հայերը ծաղրում են մեզ». Ադրբեջանում կրքերը բորբոքվել են

Ֆուտբոլի 2020 թվականի Եվրոպայի առաջնության 4-րդ տուրում Աթենքում Հունաստանի հավաքականի նկատմամբ 3:2 հաշվով տարած հաղթանակից հետո Հայաստանում երկրպագուները ցնծում են:


Մեր երկրում ֆուտբոլային մթնոլորտը հաճելիորեն շիկանում է: Հիշեցնենք, որ 3-րդ տուրում՝ հունիսի 8-ին էլ մեր հավաքականը Երևանում խոշոր՝ 3:0 հաշվով առավելության էր հասել Լիխտենշտեյնի նկատմամբ:

Երկու խաղում վաստակելով 6 միավոր՝ Հայաստանը ընտրական ենթախմբում հանգրվանել է 3-րդ հորիզոնականում՝ լուրջ նախադրյալներ ստեղծելով Եվրոպայի առտաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու:

Հայ երկրպագուն մեծ ոգևորությամբ սպասում է սեպտեմբերին կայանալիք ընտրական փուլի Իտալիայի և Բոսնիայի հետ երևանյան հանդիպումներին, որոնք կարող են վճռորոշ լինել եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարում:

Արդեն իսկ կարելի է ասել, որ սեպտեմբերին մեր երկրում բացառիկ ֆուտբոլային մթնոլորտ է տիրելու:

Ի տարբերություն Հայաստանի՝ ընտրական փուլի վերջին երկու հանդիպումները ֆիասկո են առաջացրել հարևան Վրաստանում և մասնավորապես Ադրբեջանում:

Թբիլիսիում 3:0 հաշվով Ջիբրալթարին հաղթելուց հետո վրացիները հյուընկալվելիս 5:1 հաշվով ջախջախիչ պարտություն կրեցին Դանիայից: Առաջին երկու խաղում չխփելով ոչ մի գնդակ՝ Վրաստանի ընտրանին 0:2 հաշվով զիջել էր Շվեյցարիային և 1:0 հաշվով՝ Իռլանդիային:

4 խաղում վաստակելով 3 միավոր՝ Վրաստանը ենթախմբում 5 հավաքականների պայքարում 4-րդն է և գործնականում կորցրել է հնարավորությունը 2-րդ հորիզոնականը զբաղեցնելու:

Նշենք, սակայն, որ մեր հարևանները գերազանց էին ելույթ ունեցել անցյալ տարի նոյեմբերին ավարտված Ազգերի լիգայի խմբային փուլում՝ հայտնվելով կիսաեզրափակչում:

Գալիք տարվա մարտին Վլադիմիր Վայսի գլխավորած հավաքականը կպայքարի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար:

Ազգերի լիգայից հետո, սակայն, Վրաստանի հավաքականում կտրուկ անկում է նկատվում, ինչը հարևան երկրում մտահոգության ալիք է բարձրացրել:

Իրավիճակը շատ ավելի ծանր է Ադրբեջանում: Այս երկրի ազգային թիմը հունիսի 8-ին Բաքվում 1:3 հաշվով Հունգարիային զիջելուց հետո՝ հունիսի 11-ին կրկին սեփական հարկի տակ 1:5 հաշվով խայտառակ պարտություն կրեց Սլովակիայից:

Տեղի ունեցածը բողոքի լայն ալիք է բարձրացրել հասարակության շրջանում: «Մենք ոչնչություն ենք, հայերը ծաղրում են մեզ» վերտառությամբ հրապարակումներ կարելի է տեսնել ադրբեջանական մամուլում անփառունակ ելույթներից հետո:

Ավելին՝ սոցիալական կայքերում Ադրբեջանի ֆուտբոլի գերատեսչության ղեկավարների հասցեին հնչում են տարատեսակ հայհոյանքներ:

Երկրպագուները տեղի ունեցածի գլխավոր մեղավոր են համարում հենց ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը՝ պահանջելով անհապաղ հեռանալ:

ադրբեջանցի լրագրողների՝ հարևան երկրի ազգային թիմը երբեք այսքան թույլ չի եղել, և այս ընտրական շրջափուլը կարող է դառնալ ամենախայտառակը ազգային թիմի պատմության մեջ:

Ազգերի լիգայի խաղարկության ավարտից հետո Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ էր արել հավաքականի գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովին:

Նրան փոխարինել է խորվաթ մասնագետ Նիկոլա Յուրչևիչը: Ընտրական փուլի առաջին իսկ խաղում Ադրբեջանը մրցել էր հենց Խորվաթիայի հետ:

Զագրեբում տեղի ունեցած մրցավեճում Յուրչևիչի գլխավորած հավաքականը առաջին կեսում առաջ էր անցել հաշվի մեջ, և աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան մեծ դժվարությամբ էր կարողացել 3 միավոր վաստակել:

Դաշտի տերերը առաջին կեսի վերջին րոպեին հավասարեցրել էին հաշիվը, իսկ միայն 79-րդ րոպեին խփել հաղթական գնդակը:

Այս հանդիպումից հետո ադրբեջանական մամուլը շտապել էր գրել, որ Յուրչևիչի շնորհիվ վերջապես ձևավորվել է ուժեղ և մարտունակ կոլեկտիվ, որը կարող է ձեռնոց նետել նույնիսկ աշխարհի ուժեղագության հավաքականներին:

Նման հայտարարություններին հաջորդեցին խայտառակ պարտությունները, որը սառը ցնցուղ էր ադրբեջանցիների համար:

Այս պահին Ադրբեջանի հավաքականը 0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ ըստ էության կորցնելով հնարավորությունները ենթախմբում երկրորդ հորիզոնականի համար պայքարելու:

Նշենք, որ 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը տեղի է ունենալու նաև Բաքվում: Ադրբեջանում երազում էին, որ իրենց ազգային հավաքականը մասնակցի հեղինակավոր այս մրցաշարին:

Դրա համար լուրջ միջոցներ էին ծախսվում, բայց… Այսօր արդեն հասարակությունը պահանջում է ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը:

Արդեն իսկ կարելի է ասել, որ Եվրոպայի առաջնության ուղեգրի համար պայքարում Ադրբեջանը տապալվել է:

Բնական է, որ յուրաքանչյուր տուրից հետո հարևան երկրում ազգային թիմի ելույթը փորձում են համեմատել մասնավորապես Հայաստանի հավաքականի ելույթի հետ:

Հայաստանի ընտրանու՝ Հունաստանի նկատմամբ տարած հաղթանակը ադրբեջանցիների համար գույները խտացնելու լավ հնարավորություն է դարձել:

Վերջին երկու հանդիպումների կտրվածքով երկու երկրների հավաքականների միջև տարբերությունն իսկապես ահռելի է:

Աղբյուրը՝ 1in.am

դիտվել է 69856 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպե՞ս ընտրել լավ ձմերուկ

Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է