Երևան
19 / Հուլիս / 2019

Փաշինյան-Սարգսյան. Քմահաճ զառը կրկին բերեց, խեր լինի

Lragir.am-ը գրում է․ Դեմոկրատական կայուն պետություն ունենալու հանրային պատվերը հերթի է բերել «մերժիր կանխորոշմանը» կարգախոսը: Նախորդ դարի վերջին մեզ հայտնվեց մարտիրոսներ Դեմիրճյանի եւ Սարգսյանի տեսիլը: Կրկնությունը այժմ մակերեսին է եւ մնում է մերժել զոհաբերությունը՝ ինչ տեսքով էլ դա առաջարկվի

Խոսքը երկու անձերի շուրջ կառուցելիք հատուկ պետական կազմակերպման՝ պայմանական դուումվիրատի մասին է, այն հույսով, որ ընթացքում հասունանալու են ընտրովի ներկայացուցչության ինստիտուտը, մեդիան եւ աճելու է ժողովրդի ընդհանուր քաղաքականացումը:

Ենթադրել, թե պառլամենտական, մեդիա, ինչպես նաեւ դատաիրավական համակարգերը կարճ ժամանակում կարող են ինքնակատարելագործման մի ծրագիր իրականացնել առանց կարող առաջնորդության, անհնար է: Պարոնայք Փաշինյանին եւ Սարգսյանին, իրենց բացառիկ անձնականի ու փորձի առումով, կարելի է նույնիսկ համակարգի հանդեպ արտաքին գործոն համարել:

Այն, որ հայ հասարակության զարգացման այս փուլում դուումվիրատի եւ ազգային «մեծ օրակարգի» շրջանակներից դուրս առավել հավանականը օլիգարխիկ հունի մեջ վերադառնալն է, մեր կարծիքով, կասկած չի հարուցում եւ փաստարկվել է մեր նախորդ [IV] ակնարկով:

2015-ին խմբագրված Սահմանադրությամբ գործադիր իշխանության ձեռքին իրավասության մեծ ծավալի կենտրոնացումը տեսականորեն հավասարակշռված է խորհրդարանական եւ նախագահական իրավասություններով եւ սահմանադրական իրավարարության ինստիտուտով: Սակայն, զարգացման առանձնահատկության բերումով ոչ խորհրդարանը, ոչ էլ քաղաքական կյանքի անհրաժեշտ մաս՝ ազատ մեդիան առայժմ չեն կարող իրականացնել իրենց բալանսավորող ֆունկցիան [III]:

Օլիգարխիկ պետություն-կորպորացիայի վերականգնման հավանական պրոցեսը զուգորդվելու է օտար տնտեսական եւ քաղաքական միջամտությամբ, առանց որի ոչ պայմանական «հները», ոչ էլ պայմանական «նորերն» ի վիճակի չեն լինելու հաղթահարել հանրային դժգոհությունը: 2018-ին «քայլ արած» մարդիկ աներկբա ձեւակերպել են մի հանրային պատվեր, որի անունը հիմքում «Նիկոլ Փաշինյան» չէր, այլ պետության արդար, կայուն դեմոկրատական կազմակերպում:

«Մենք կստիպենք իշխանություններին ճանաչել ժողովրդի ընտրյալին»՝ ազդարարում էր թավշյա հեղափոխության առաջնորդը Հանրապետության Հրապարակում: Որպեսզի «Սերժին մերժելու» հավաքված Ժողովրդին պարզ լինի ում մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյանը ավելացնում էր. «ձեր ընտրյալը ես եմ»: Սա է մռայլ իրականությունը հեղափոխելու հանրային ոչ ֆորմալ պայմանագրի պարզ սխեման, որը «սեւ-սպիտակ», այլընտրանք չթույլատրող եղանակով գործադրվեց արդեն ֆորմալ իրավական մարզում՝ պառլամենտական, համընդհանուր ընտրություններին:

Հատկանշական է, որ նախորդ ռեժիմից ազատվելու անարյուն այլ եղանակ գոյություն չուներ, եւ Նիկոլ Փաշինյանը կատարյալ կերպով առաջնորդեց թաշյա հեղափոխությունը: «Ձեր երակներում Նարեկացու արյունն է հոսում», սա Փաշինյանի մեկ այլ բացականչություն-դիմումն էր հրապարակի, երկրի եւ արտասահմանի ժողովրդին, որն ընդգծում էր կատարվողի խոր քաղաքակրթական հիմքը:

Սակայն պիտի ընդունենք, որ այս ճանապարհով ձեւավորված պառլամենտը դարձավ Հայաստանում ետխորհրդային շրջանի, դեռեւս Միխայիլ Գորբաչովի հաստատած դեմոկրատիայի հերթական «ապօրինի զավակը»՝ նախորդ վեց գումարումների շարքին: Վարչապետի եւ հեղափոխության խորհրդարանի միջեւ իրավասությունների վերաբաշխումը որեւէ կերպ չի շտկի չբալանսավորված քաղաքական ռեժիմի արատը: Հիմնականում անբովանդակ վարժությունների հակված մամուլը նույնպես առայժմ անզոր է բալանսավորել գործադիրին:

2015 թ. Սահմանադրությունը վերանայելու եւ նախագահական մոդելին վերադառնալու՝ հիմնականում ՀՀ առաջին նախագահի շրջապատից բխող կոչերը պարզորոշ ուղղված են դիկտատորական կամ կորպորատիվ ռեժիմների վերահաստատմանը: Միակ բալանսավորող հաստատությունը մնում է ՀՀ նախագահի պոստը իբրեւ պետության պառլամենտական կառավարման համակարգային մաս:

Այս ոչ պատահական իրադրության օրինաչափությունը կարելի է փաստարկել Ռուսաստանում 2008-2012-ի նմանակ դրությամբ եւ Հայաստանի 2018-ի ուղիղ նմանակ, 2011-ի մոսկովյան սահմանադրական սուր ճգնաժամով: Ռուսաստանը չբռնեց պատմության քննությունը: Թե ինչու դա հաջողեց անել Հայաստանին՝ դրա կանխատեսելիության հիմքերը կարելի է տեսնել շարքի երկրորդ ակնարկում [II]: Սակայն 2018-ին առաջացած պայմանական դուումվիրատի օգտին թերեւս առավել զորեղ փաստարկը տվել է բուն հայ պատմությունը 1998-1999 թվականներին ի դեմս երջանկահիշատակ խորհրդարանական խոսնակ Կարեն Դեմիրճյանի եւ վարչապետ Վազգեն Սարգսյանի:

Ինչպես համոզվում ենք, նույնիսկ բացարձակ նախագահական համակարգում մեծ անուններն իրենց անձնական եւ քաղաքական արժանիքների շնորհիվ ունակ էին հեռանկար բացող եղանակ ստեղծել, ինչը ժողովրդական ոգեւորության աննախադեպ ալիք ծնեց: Սա հանրային պատվերին, մարդկանց սպասումներին ճշտիվ համապատասխանելու երեւույթի ռեզոնանսային ուժն էր:

Ահա երկրորդ անգամ է ինչ նախախնամությունը կամ անհայտ, բայց զորեղ ռացիոն համառորեն մեզ մատուցում են նման զույգ: Ակնհայտ է, որ բնատուր հատկությունների ու փորձի փափագելի համաձուլվածքը մեկ անձի մեջ պարփակվելու հավանականությունը բազմապատիկ ավելի փոքր է եւ, պրագմատիկ իմաստով, նույնիսկ պակաս արդյունավետ, քան երկու անձնավորություններինն այն դեպքում, երբ նրանք ղեկավարում են իշխանության տարբեր ճյուղեր եւ առաջնորդվում մեկ ազգային նպատակով:

1999-ի նմանակի նշաձողը նկատի առնելով կարիք կա որպեսզի ինքներս մեզ ստուգողական երկու հարց ուղղենք: Առանց Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխության հաղթանակի, դոկտոր Սարգսյանը նախկին ռեժիմի օրոք ունենալու՞ էր ներկայիս քաղաքական կշիռն ու նշանակությունը պետական համակարգում: Հնարավոր է: Սակայն իր ծառայության յոթնամյա ժամկետի ամենավերջին, թերեւս: Ոչ ավելի վաղ:

Հարցը հակառակ կողմից ուղղենք: Առանց դոկտոր Սարգսյանի միջնորդական համառ ջանքերի եւ հավասարակշիռ դիրքորոշումների Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխությունը հաղթանակելու՞ էր: Նույնպես հնարավոր է, սակայն մարդկային կորուստների, քաղաքացիական բախումների եւ տնտեսական անկման ի՞նչ գնով եւ ժամանակային ինչ տիրույթում: Ինչպես տեսնում ենք, երկու պատասխանն էլ առնչվում են փոքր հավանականությունների եւ ժամանակի մեծ անորոշության հետ:

Ավելի պարզ բառերով. դոկտոր Սարգսյանը 2018-ի ապրիլին, այնուհետեւ հոկտեմբերին, նաեւ 2019 թ. մայիսին անսխալ միջամտությամբ պահեց Նիկոլ Փաշինյանի թիկունքը: Անշուշտ նա պատսպարում էր բոլորիս թիկունքը, քանի որ դրության հավանական ուժային հանգուցալուծումը կամ քաղաքական ճգնաժամի վերածումը քաղաքացիական պատերազմի իր արդյունքով շատ ավելի ծանր էր լինելու, քան 2008-ը: Այսպիսով, պետք է արձանագրենք, որ գործ ունենք Փաշինյան-Սարգսյան օրգանական միաձուլվածքի հետ, ինչպիսին էր Դեմիրճյան-Սարգսյան դաշինքը: Նման օրգանիկան կամայական որոշմամբ կազմալուծելը մեծ ռիսկի խնդիր է:

Երկու բացառիկ անձնավորությունների ներդաշնակ աշխատանքի առջեւ կան համակարգային եւ անհատական խոչընդոտներ: Համակարգայիններից, ինչպես նշել էինք շարքի սկզբին [I], մի մասը վերաբերում է ընդդիմության ձգտմանը՝ թիրախավորել նախագահական եւ վարչապետական ինստիտուտները, դրանք իրար դեմ հանելով: Սակայն, ինչպես նշեցինք քիչ առաջ, կա նաեւ կառավարող շրջանակների խնդիրը: 2015 թվականի Սահմանադրությունը իր կառավարման պառլամենտական եղանակով եւ ընտրակարգով բացահայտորեն չի համապատասխանում այդ խմբի քաղաքական հմտությանը եւ պետական շինարարության մարզում նրանց կարողություններին:

ՏԻՄ ընտրությունները դրա վկան են: Ուստի մեծ է Սահմանադրությունը իրենց կարողություններին համապատասխան դարձնելու ձգտումը՝ նախագահական մոդելին վերադառնալով եւ ռեյտինգի անկման պայմաններում ձեռքերը ադմինիստրատիվ լծակներին մեկնելով: Բնականաբար ներկայիս դուումվիրատը կվերանար, ինչը մեր խորին համոզմամբ վճռական դեր կխաղար 2012 թվականի ռուսական ուղով գնալու հարցում: ՔՊ կուսակցություն = «ԿՊՍՍ» չեռնոմիրդինյան կանխագուշակումը կիրականանար, եւ երկրի ապագան կպատվեր ՀՀՇ/ՀԱԿ/ՀՀԿ բուրող թանձր մշուշով:

Ավելացնենք, որ փորձված հնի հանդեպ նոստալգիան անփորձ «նորերի» կողմից բնական է: Ավելի մեծ տարակուսանք է առաջացնում նախագահ Արմեն Սարգսյանի տրտունջը, թե սահմանադրական լիազորությունները սահմանափակ են: Նախ, փորձը ցույց է տվել, որ դրանք, հմուտ բանեցման շնորհիվ, լավ արդյունք են տալիս: Բացի այդ, ՀՀ նախագահը թե օրենսդրորեն, թե փորձի եւ անձնական նկարագրի բերումով կարող է եւ պարտավոր է պետության գլխի պարբերական ուղերձներ հղել ժողովրդին: Սա հսկայական ռեսուրս է, որ գրեթե չի օգտագործվում: Այլ կերպ ասած, գործող Սահմանադրության դրույթները միանգամայն բավարար են նախագահի հավասարակշռող դերակատարության համար: Այլ բան, որ ինչ-ինչ շրջանակներ կարող են չցանկանալ այդ դերակատարությունը որպես այդպիսին: Խոսքը թե իշխանական, թե ընդդիմադիր շրջանակների մասին է:

Կան, մեր կարծիքով, նաեւ իրավական ֆորմալացման կարոտ խնդիրներ, որոնցից մեկը հրատապ է, իսկ մյուսը վերաբերում է ՀՀ նախագահի հաջորդ ժամկետին: Թվում է առանձին կանոնադրությամբ կարգավորվող ՀՀ Անվտանգության խորհրդի կազմը պաշտոնապես պետք է ընդլայնվի ՀՀ նախագահի եւ ՀՀ ԱԺ նախագահի հաշվին: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի պոստի կշռին, ապա 2025-ին նախագահի համընդհանուր քվեարկությամբ ընտրությունը կնպաստեր դրան:

Պառլամենտական մոդելի այլընտրանք ԿՊՍՍ-ի պատուհասը շոշափելի դարձնելու համար հիշեցնենք նախագահական մոդելին հայկական ձգտումների նմանակը, որին որոշ չափով անդրադարձել ենք շարքի երրորդ բաժնում [III]: 2012-ի գարնանը, այդ պահին դեռ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նոր Սահմանադրության նախագծի համաձայն, Վլադիմմիր Պուտինը պիտի հայտնվեր դոկտոր Սարգսյանի ներկայիս կարգավիճակում՝ իմաստուն, մարտերում կոփված, բազմափորձ եւ գլուխն ալեզարդ «ազգի հոր» դիրքում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 24207 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է