Երևան
22 / Նոյեմբեր / 2019

Ծախվում է դատարան. Թավշյա հեղափոխության դեմիստիֆիկացիան

Lragir.am-ը գրում է․ Ի դեմս օտարից ռոճիկ ստացող դատավորների «թավշյա» բյուրոկրատիան հավակնում է անխորտակելի հենարանի: Սերժսարգսյանական տեսակի կորպորացիա-պետության ճանապարհին այն ընտրում է «քաղաքացուց անկախ պետական մեքենա եւ դրանով հպարտ քաղաքացի» հանգրվանային մոդելը: Այլ կերպ ասած՝ օրինականացնում «գրանտակրատիայի» ռեժիմը:

Երբ վարչապետ Փաշինյանի մայիս 19-ի նշանավոր կոչի առթիվ միացյալ Եվրոպայի բացասական ռեակցիան շուտով փոխվեց բարյացակամի, առաջացավ տարակուսանք: Ո՞րն էր շրջադարձի պատճառը: Վարչապետի հունիս 20-ի ԱԺ ելույթը լույս սփռեց եվրոպացի քեռի եւ քեռակինների անակնկալ գթասրտության վրա:

Հիասթափության զգացումը ավելորդ չբորբոքելու համար նշենք, որ օտար կառավարությունների կողմից որեւէ երկրի քաղաքական ընդդիմությանը ֆինանսավորելը տարածված երեւութ է: Պակաս տարածված է ոչ թե ընդդիմադիր կամ ընդհատակյա ուժերի, այլ հենց կառավարող ռեժիմների օտար սնուցումը, մինչեւիսկ բաց տնտեսական օժանդակության տարբերակը: Վերջին դեպքում պետական ապարատներն անուղղակի օգտվում են դրսից սնուցվող ժողտնտեսության առաջացրած հավելյալ արժեքից կամ սոցիալական լարումների թուլացումից:

Բայց օտարի ռոճիկով արդարադատության հրապարակային ինստիտուտն արդեն նորություն է: Հիրավի բազմադեմ եւ անսպասելի է թավշյա հայ հեղափոխության բյուրոկրատական մեկնաբանությունը: Հետաքրքրական է, որ դատավորական կորպուսի օտար վարձատրության օրինականության մասին շատ քիչ խոսվեց խորհրդարանում: Քիչ խոսվեց օտար բարերարության դիմաց վճառելիք քաղաքական գնի մասին: Խնդրի բարոյականի, ազգի նկարագրի մասին առհասարակ խոսք չեղավ: Սրանք պառլամենտի ծաղրանկարային, աբսուրդիստական բնույթի վկայություններն են:

Ոչ պակաս ուշագրավ էր հայ մամուլի անդրադարձը: Այստեղ ամենայն լրջությամբ, հոնքերը կիտած քննարկում են, թե ինչ հաշվեկշիռ է առաջանալու ՍԴ դատավորների իննյակում փաստաբան Վահե Գրիգորյանի «ես եմ ձեր ՍԴ նախագահը» ԱԺ-ում հնչած ետընտրական հայտարարությունից հետո: Անշուշտ հետաքրքրական էր, թե ինչպես տերպետրոսյանական թամբի տակ սիգացած «տրոյական» ձին, այսպես ասած, զվարթ խրխինջով սուրաց ԱԺ-ից դեպի ՍԴ: Սա արդեն վերնագրի տակ պատկերված անձնավորության նվերն էր միաժամանակ վարչապետին եւ ՀՀ ներկայիս նախագահին:

Երկու պետական այրերը ծայրահեղ անհարմար վիճակում հայտնվեցին: Մեկը առաջարկել էր, իսկ մյուսի քաղաքական ուժը ջերմորեն եւ անվերապահ աջակցել նրան ԱԺ-ում: Մասնագիտական տեսակետից այժմ արդեն դատավորի անհեթեթ հայտարարությունները մեկնաբանության կարիք չունեն: Թե ինչ է ներկայացնելու այդ իրավաբանի ծառայությունը եւ ում է մատուցվելու այն, մնում է ենթադրել:

Սրանք տհաճ, սակայն մասնավոր հանգամանքներ են: Ուշագրավ է ուրիշը: Այն, որ իննյակը, ինչպես նաեւ դատական ողջ համակարգը օտարին ծառայություններ պիտի մատուցի գիշերային շարքային թռչնակների՝ ոմանք էլ արդարադատության տաճարի թանկանոց գետերաների կարգավիճակով, արհեստավարժ մամուլին բնավ չվրդովեցրեց: Հնագույն արհեստների սերտությունը, ինչ խոսք, զորեղ ուժ է: Համքարությունը, այո, սրբություն է, սակայն մամուլը դեկորատիվ պառլամենտի ու կուսակցությունների պայմաններում այն միակ խողովակն է, որ մնացել է հասարակական կարծիքի տրամադրության տակ:

Պարզ է, որ վարչապետ Փաշինյանի բազմաշերտ ծառայությունը ժողովրդին վաղ թե ուշ պիտի բախվեր բյուրոկրատիայի ստվար շերտերի հանապազօր գռեհիկ կարիքներին: Գործը հավանաբար դատավորներով չի սահմանափակվելու: Մյուս պետծառայողները, ինչու չէ նաեւ պառլամենտի ժողծառաները նույնպես միանգամայն «կոռուպտաունակ» են, նույնպես մարդ են եւ ուտել են ուզում: Պարզ է նաեւ, որ մասնագիտական վակուումի մեջ հայտնված, կամ կամովին դրա մեջ ինքզինքը զետեղած վարչապետը պիտի բախվեր նաեւ մտավոր եւ հոգեբանական «պերեգրուզկաներին»:

Այս ամենը արժանի է եթե ոչ գնահատման, ապա կարեկցանքի: Զարմանք է առաջացնում այլ բան: Հմուտ քաղաքական մարտիկն ու մեդիա-գայլը մեկ տարվա ընթացքում մատը մատին չտվեց հասարակական կարծիքը դեպի կարեւորագույն ազգային խնդիրները, այդ թվում դատաիրավական ռեֆորմի նյութական ապահովումը լրջորեն կողմնորոշելու համար:

Մինչդեռ, պետական պրոպագանդայի թեեւ տկար, սակայն գործող ողջ ապարատը կառավարության լիակատար տրամադրության տակ էր: Փոխարենը իներցիայով շարունակվեց «մերժիրի» լայվ տեխնոլոգիան, թողնելով մնացած գործը կարծես հատուկ ընտրած միջակություններին: Այն, որ տեխնոլոգիան միշտ երկրոդական է եւ ամենեւին որոշիչ չէ գաղափարային բաղադրիչ ենթադրող պրոցեսներում, ըստ երեւույթին, անծանոթ մնաց վարչապետի խորհրդականներին:

Ավելին, կառավարող խումբը ջանք չխնայեց ընդդիմության թելադրած կեղծ օրակարգը էլ ավելի խթանելու համար: Դրա գրոտեսկային, ողբալի պատկերն է թեր եւ դեմ համույթների ելույթը Քոչարյան եւ այլք գործը քննող վճռաբեկի դիմաց: Այժմ էլ հնչեց ժողովրդի՝ իբր անբավարար գիտակցության պատճառաբանությամբ դատարանները օտարին վաճառքի հանելու «անպարկեշտ ինքնաառաջարկը»:

«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների ժողովին վարչապետը, կարծում ենք, միանգամայն ճմարտացի անդրադարձավ հայ սփյուռքի ազդեցության դեմիստիֆիկացիային, որ առաջանում է հիմնադրամի մանրապճեղ ձեռնարկումների հետեւանքով: Հիմա ստիպված ենք արձանագրել Թավշյա Մեծ Հեղափոխության խոշորագույն դեմիստիֆիկացիան: Շուրջ մեկ տարի արեւելքն ու արեւմուտքը կաթվածահար էին ատելի պավլիկյանների ու բյուզանդահայերի քաղաքակրթական ոգու տեսիլք՝ ահեղ 2018-ից: Եւ ահա, պարզվեց, որ հայերը սովորական մարդիկ են եւ փողի դիմաց հարազատ հորն էլ կծախեն՝ ուր մնաց ինչ-որ հայրենիք: Ընդ որում՝ չափազանց էժան:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 9356 անգամ

Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում վարսահարդարմամբ զբաղվող կանանց համար անցկացվեց դասընթաց

Հովազի հետ մենամարտի բռնված անասնապահի պատմությունը

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)