Երևան
16 / Հուլիս / 2019

Վտանգավոր շրջափուլ. Հայաստանը՝ «աքցանների» մեջ

Մամուլի տեղեկություններով՝ հունիսի 22–ին Մոսկվայից դուրս եկած հայկական ավտոբուսին շուրջ 8 ժամ է թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը։ Խոսքը հայկական «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերությանը պատկանող ավտոբուսի մասին է, որը Վերին Լարսի անցակետում կանգնեցրել են վրացի սահմանապահները։ Ավտոբուսում կա 48 ուղեւոր, այդ թվում՝ 13 երեխա։ Իհարկե, վրացական կողմն այս քայլը որևէ կերպ չի պայմանավորում Վրաստանի և ՌԴ միջև առաջացած վերջին լարվածության հետ, միևնույն ժամանակ, հասկանալի է, որ սա Հայաստանի համար հարևան երկրում ստեղծված իրավիճակի առաջին ծիծեռնակն է: Պատահական չէ նաև այսօր ՀՀ վարչապետի գլխավորությամբ հրավիրված ԱԽ նիստը:

Անշուշտ, տարածաշրջանում իրավիճակն օր օրի փոխվում է, ռիսկերն էլ Հայաստանի համար աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Վլադիմիր Պուտինի հայտնի հրամանից հետո վրացական կողմը կարող է համաչափ պատասխանել ռուսներին՝ միայն փակելով Վերին Լարսը: Թե ինչպիսի տնտեսական հետևանքների դա կարող է հանգեցնել Հայաստանի համար՝ դժվար չէ կռահել: Վերին Լարսը Հայաստանը ԵԱՏՄ երկրների եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ցամաքային ուղին է։ Մատակարարումների ուշացումները մեծացնելու են ճնշումը նաեւ ներքին ապրանքային շուկայում՝ հանգեցնելով գների բարձրացման: Եթե անցակետը փակ լինի 10-15 օր, Հայաստանը կանգնելու է լուրջ խնդիրների առջև: Վրաստանի հետ պատերազմը ցույց տվեց, որ մենք շատ կատաստրոֆիկ վիճակում հայտնվեցինք հատկապես վառելանյութի, առաջին անհրաժեշտության ապրանքների հարցերով։ Հետևաբար, 10-15 օրվա փակման վտանգի դեպքում մենք պետք է հաշվի առնենք՝ մենք ունե՞նք որոշակի կուտակումներ, պահեստավորած ապրանքներ, թե՞ ոչ: Այն մասին, որ գրեթե կանգ կառնի գյուղմթերքի արտահանումը՝ չենք էլ խոսում. դա ակնհայտ է:

Ավելորդ է նշել նաև, որ Հայաստանի համար անչափ կարևոր է Վրաստանում կայունության վերահաստատումը քաղաքական նկատառումներից ելնելով: Ռուսական զորքերը բերվել են մարտական բարձր պատրաստվածության: ՌԴ ՊՆ նախարարը Շոյգուն ասել է, որ այս միջոցառումն ուղղված է Կենտրոնական Ասիայի շրջանում անվտանգության ապահովման գնահատականին: Նա ասել է, որ միաժամանակ բարձր մարտական պատրաստության վիճակի է բերվել Հարավային ու Արևելյան օկրուգների զորքերի մի մասը: Հիշեցնենք, որ Գյումրիի բազան ու Էրեբունի օդանավակայանը Հարավային օկրուգի կազմում են: Այլ կերպ ասած՝ ռազմական նոր բախումը Վրաստանի և ՌԴ միջև ավելի քան ռեալ է դառնում, և այս պարագայում քարտ–բլանշ է տրվելու Ադրբեջանին, որի ԱԳՆ ղեկավարը ընդամենը մեկ ամիս առաջ նախազգուշացնում էր, որ մոտակա ժամանակահատվածում Հայաստանը ևս մեկ փակ սահմանի է բախվելու: Ռուս-վրացական նոր ռազմական բախումը կարող է հանգեցնել Արցախի սահմաններում լարվածության աճին և այս պարագայում նոր, լայնածավալ պատերազմը բացառել չի կարելի:

Հայաստանը չի կարող իրեն թույլ տակ թուլանալ նաև Իրան-ԱՄՆ՝ ժամ առ ժամ սրվող հարաբերությունների պատճառով: Ամիսներ առաջ Երևան այցելած Բոլթոնը բացահայտ ակնարկում էր Իրանի հետ հարաբերությունների սառեցման անհրաժեշտության մասին; Փաշինյանն էլ հայտարարում էր, որ կարող են ի հայտ գալ ֆորս-մաժորային իրավիճակներ, որոնց պարագայում Իրանի հետ սահմանի փակումը անխուսափելի կլինի: Ըստ էության, տարածաշրջանն անչափ մոտ է այդ ֆորս-մաժորին: Ի՞նչ կարող է անել այս պարագայում Հայաստանը: Տուրիստների՝ ակնկալվող հոսքի վրա ուրախանալու փոխարեն պետք է մտածել քաղաքական ճիշտ հաշվարկ կատարելու մասին: Անգամ միակ դրական հետևանքը, այն է՝ ռուս զբոսաշրջիկների համար Երևանը Թբիլիսիին տրանզիտային այլընտրանք դարձնելու հավանականությունը, լուրջ կասկածներ է առաջացնում: Արդյո՞ք ռուս զբոսածրջիկները կնախընտրեն Հայաստանը, և արդյո՞ք մենք նման հոսքի պատրաստ ենք: Բացի դա, այդ գործընթացը պետք է կազմակերպել այնպես, որ չստեղծվի վրացիներից զբոսաշրջիկ փախցնելու տպավորություն, և որպեսզի ռուսական կողմը չնեղանա: Ինչ վերաբերում է Իրանին, ապա հնարավոր ռազմական գործողությունների պարագայում հազարավոր իրանցիներ ցանկանալու են հատել ՀՀ սահմանը և ապաստան գտնել Հայաստանում: Այսինքն, կարող է կրկնվել սիրիական սցենարը: Ի՞նչ որոշում այս դեպքում կընդունեն ՀՀ իշխանությունները: Մինչ Արևմուտքը սահմանափակվում էր Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելով, ՀՀ իշխանություններին հաջողվում էր չեզոքություն պահպանել՝ նույն քաղաքականությունը հնարավոր չի լինելու «պլստացնել» սահմանին ռազմական գործողությունների մեկնարկի դեպքում:

Ցավալին այս ամբողջ պատմության մեջ այն է, որ ՀՀ իշխանությունները կարծես թե չեն գիտակցում տարածաշրջանում առկա ռիսկերը, արտաքին մարտահրավերներին դիմակայելը մի կողմ դրած՝ ՀՀ ԱԺ-ում փորձում են, թե ով ում ինչպիսի ուժգնությամբ կարող է հեգնել…

Նյութի աղբյուրը՝ https://lurer.com/?p=326680&l=am 

դիտվել է 20844 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

EXCLUSIVE. Ինչպես ընտրվեց հայ «Միսս Աշխարհի» մասնակիցը․ Տեսանյութ

Նկարահանել է սեփական խախտումն ու դրել համացանցում. Արսեն Թորոսյանի խոստովանությունը (տեսանյութ)

Ովքեր են հայ հայտնիների պրոդյուսերները

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է