Երևան
16 / Հուլիս / 2019

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Գիտական Արցախ» պարբերականի հերթական համարի քննարկումը

Հուլիսի 5-ին Վալլեքս Գարդեն հոթելի փոքր կոնֆերենս դահլիճում տեղի է ունեցել «Արցախի Երիտասարդ Գիտնականների և Մասնագետների Միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության նախագծերից «Գիտական Արցախ» պարբերականի 2019 թվականի առաջին համարի քննարկումը, որին ներկա էին պետական ու գիտական հաստատությունների ներկայացուցիչներ, խմբագրական խորհրդի անդամներ, հոդվածագիրներ, գրախոսներ, ԱԵԳՄՄ անդամներ և հյուրեր:

Քննարկման սկզբում ներկայացվեց ԱԵԳՄՄ-ի բազմակողմ գործունեությունը՝ այդ համատեքստում` Կազմակերպության ամենահաջող նախագծերից «Գիտական Արցախ» պարբերականի դերն ու նշանակությունը Հայաստանի և Արցախի գիտական-ակադեմիական կյանքում: Գործունեության կարճ ժամանակահատվածում կազմակերպությանը հաջողվել է սահմանել բարձր նշաձող, հանդես գալ հավակնոտ նախաձեռնություններով, կյանքի կոչել դասական ու նորարարական բազմաթիվ ծրագրեր:

«Քառամյա գործունեության ընթացքում ԱԵԳՄՄ-ն ինքնանպատակ որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել: Յուրաքանչյուր ձեռնարկ խնամքով հյուսված շղթայի մի օղակն է՝ կոչված լրացնելու, ամբողջացնելու նախորդին»,- նկատեցին Կազմակերպության անդամները:

 

ՀՀ ԲՈԿ-ի պահանջներին համապատասխանող՝ դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների ու դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական պարբերականների ցանկում ընդգրկված «Գիտական Արցախ»-ի 2019 թվականի առաջին համարում տեղ են գտել հասարակական գիտությունների արդի հիմնախնդիրների վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը (Նատալյա Կովկել), Իրանի Իսլամական Հանրապետությունը (Մանսուր Լարուի, Համիդռեզա Կամիար), Լեհաստանը (Զբիգնև Շմուրլո), Շվեյցարիան (Ալֆրեդ դե Զայաս) և Ռուսաստանի Դաշնությունը (Բորիս Շալյուտին, Վլադիսլավ Տոլստիխ) ներկայացնող 50 անվանի ու երիտասարդ գիտնականների աշխատանքները:

Հոդվածագիրներից 8-ը գիտությունների դոկտորներ են, 13-ը՝ գիտությունների թեկնածուներ, 24-ն՝ ասպիրանտներ ու հայցորդներ, իսկ 2-ը` մագիստրանտներ: Համարում տպագրվել է 2 գրախոսություն:

Պարբերականի գլխավոր խմբագիրն ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանն է, խմբագրի տեղակալ-սրբագրիչը՝ բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը: Խմբագրական խորհուրդը նախագահում է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են գիտության տարբեր ուղղությունները ներկայացնող առաջատար գիտնականներ Արցախից, Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից և Գերմանիայից: Պարբերականի անգլերեն լեզվի պատասխանատուն Ալվինա Ներսեսյանն է, ռուսերեն լեզվինը՝ Աշոտ Բեգլարյանը: Պարբերականի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է: Ընթացիկ համարը տպագրվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աջակցությամբ:

Խոսելով պարբերականի առաքելության, նպատակների և ընթացիկ աշխատանքների մասին՝ ԱԵԳՄՄ նախագահ, «Գիտական Արցախ»-ի գլխավոր խմբագիր, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը նշեց, որ «Գիտական Արցախ»-ի լույսընծայումն ու տարածումը լիովին համապատասխանում է Կազմակերպության հիմնական առաքելությանը, այն է` գիտության միջոցով նպաստել Արցախի ճանաչելիության բարձրացմանն աշխարհում, օտարերկրյա գիտնականներին դարձնել «Արցախի գիտության դեսպաններ» իրենց երկրներում, ինչու չէ նաև գիտության մեջ ապահովել արժանի սերնդափոխություն և որակյալ մասնագետներին տրամադրել հարթակ` այդպիսով նպաստելով գիտության զարգացմանն ու հանրայնացմանը: Ասվածի գործնական արտահայտության մասին է վկայում այն, որ «Գիտական Արցախ»-ի նոր համարում տպագրվել են աշխարհի 7 երկրների 50 հեղինակների աշխատանքներ, իսկ հեղինակների աշխարհագրությունն աստիճանաբար պետք է ընդլայնվի»:

Շարունակելով միտքն՝ Ա.Հարությունյանը նշեց, որ «ի թիվս այլ նպատակների` «Գիտական Արցախ»-ը կոչված է միջազգային հանրությանը ներկայացնելու Հայաստանի և Արցախի հիմնախնդիրների վերաբերյալ բացառապես օբյեկտիվ տեղեկատվություն: Այն լինելու է մեր չկրակող, սակայն ազդեցության մեծ շրջանակ ունեցող «զենքը», որը պետք է տարածվի հնարավորինս շատ երկրներում: Մեր աշխատանքի արդյունքը պետք է լինի այն, որ օտարերկրացիներն «ԱՐՑԱԽ» ասելով հասկանան ոչ թե հակամարտություն, հարևան երկրի հետ չլուծված հարց, այլ պետությանը ներհատուկ բոլոր հատկանիշներով օժտված, բայց դեռևս միջազգայնորեն չճանաչված երկիր, որտեղ մարդիկ ապրում են ու արարում, նաև` զբաղվում գիտությամբ: Ի դեպ, այդ գաղափարն արտահայտված է նաև պարբերականի շապիկին, որտեղ Արցախի քարտեզը պատված է գիտական սիմվոլներով, իսկ Ստեփանակերտը ներկայացված է որպես աշխարհի կենտրոն»:

Քննարկման մասնակիցներն իրենց ելույթներում ողջունեցին ԱԵԳՄՄ-ի կողմից գիտական դիվանագիտության սկզբունքների որդեգրումը և ոլորտում նոր գործիքակազմի ներդրումը, որի ցանկը համալրել է «Գիտական Արցախը»՝ տեղական և արտասահմանյան գիտական մտքի զուգորդմամբ աշխարհին ճանաչելի դարձնելով Արցախը:

Քննարկմանը հրավիրված էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ, պ.գ.դ, պրոֆեսոր Վահրամ Բալայանը, ԱՀ Նախագահի խորհրդական, տ.գ.թ., դոցենտ Կարեն Ներսիսյանը, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, ԱրՊՀ պրոռեկտոր, պ.գ.դ., պրոֆեսոր Վալերի Ավանեսյանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը, Արցախի գիտական կենտրոնի տնօրեն, պ.գ.թ., պրոֆեսոր Ստեփան Դադայանը, ԱՀ ԿԳՍ նախարարության ներկայացուցիչ, մ.գ.թ., դոցենտ Աննա Պետրոսյանը, բ.գ.թ., դոցենտ Շուշան Ասկարյանը, պ.գ.թ., դոցենտ Նելլի Բաղդասարյանը, որոնք, բարձր գնահատելով «Գիտական Արցախ»-ի նոր համարը, ներկայացրին իրենց օգտաշատ դիտարկումներն ու առաջարկությունները:

Վերջում պարբերականի գլխավոր խմբագիր Ավետիք Հարությունյանը շնորհակալություն հայտնեց «Գիտական Արցախ»-ի խմբագրական խորհրդին՝ ի դեմս նախագահ Արամ Սիմոնյանի, խմբագրական խորհրդի` 5 երկրներ ներկայացնող 25 անդամներին, գրախոսներին, հոդվածագիրներին, հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուների պատասխանատուներին` արհեստավարժ աշխատանքի և արձանագրած արդյունքի համար, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին` համարի տպագրությանն աջակցելու, ինչպես նաև Վալլեքս Գարդեն հոթելի ղեկավարությանը` քննարկման համար հարմարավետ պայմաններ ստեղծելու համար:

«Գիտական Արցախ» պարբերականի 2019 թ. 1-ին համարը կարող եք ներբեռնել այստեղից:

 

դիտվել է 2518 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

EXCLUSIVE. Ինչպես ընտրվեց հայ «Միսս Աշխարհի» մասնակիցը․ Տեսանյութ

Նկարահանել է սեփական խախտումն ու դրել համացանցում. Արսեն Թորոսյանի խոստովանությունը (տեսանյութ)

Ովքեր են հայ հայտնիների պրոդյուսերները

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է