Երևան
15 / Դեկտեմբեր / 2019

Առողջապահության նախարարը նույն անձին 3 ամիսը մեկ պաշտոն է շնորհում

168.am-ը գրում է․ Առողջապահության նախարարությունում հաջողակ համարում են ոչ թե ոլորտը համակարգող Արսեն Թորոսյանին, ով հեղափոխության ուժով միանգամից նախարար դարձավ, այլև տեղակալին, որին նախարարը տարվա մեջ մի քանի անգամ պաշտոնի բարձրացում է ապահովել:

Խոսքը՝ վերջինը Առողջապահության փոխնախարար դարձած Հովհաննես Հարությունյանի մասին է: Նա փոխարինում է կաշառք վերցնելու պահին ձերբակալված Արսեն Դավթյանին:

Այսօր նա ի պաշտոնե համակարգում է այնպիսի կարևորագույն ոլորտներ, ինչպիսիք են՝ մարզային առողջապահությունը, լիցենզավորման ոլորտը, առողջապահական ԾԻԳ-երի աշխատանքը, ստոմատոլոգիական ծառայությունները և այլն:

Նկատենք՝ Առողջապահության 31-ամյա փոխնախարարն իր աշխատանքային կենսագրությունը սկսել է միանգամից ղեկավարի պաշտոնից՝ 2016-ին նշանակվելով Շիրակի մարզի «Բեռլին պոլիկլինիկայի» ղեկավար:

Հեղափոխությունից հետո Հովհաննես Հարությունյանին նկատել է ՀՀ Առողջապահության նախարար դարձած Արսեն Թորոսյանը, նրան տեղափոխել է Երևան: Այստեղ 9 ամսում Հովհաննես Հարությունյանը միանգամից երեք անգամ պաշտոնի թռիչքաձև բարձրացում է ունեցել: Նախ, նա 2018թ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի (ԲԿ) տնօրենի տեղակալն է եղել՝ պոլիկլինիկական գծով, ամիսներ անց՝ 2019թ. փետրվարին՝ նախարարի խորհրդականը, իսկ դրանից երկու ամիս անց՝ 2019թ. ապրիլին, նվաճեց փոխնախարարի պաշտոնը:

Նախարարության ներսում զարմացած են, որ նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ի և դաշնակցականների հետ մշտապես փայլուն հարաբերություններ ունեցած անձը այսպիսի նվաճումներ է արձանագրում հեղափոխական Հայաստանում, չնայած ընդգծում են նաև Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մատուցած նրա ծառայությունը:

Խորհրդարանական ընտրությունների ընթացքում Շիրակի մարզում Փաշինյանի գլխավորած կուսակցությունից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված այս թեկնածուն կարողացել է շուրջ 4000 ձայն բերել: Եվ ձայների այս մեծ քանակը, ինչպես ցույց տվեց ժամանակը, Արարատի սկանդալային մարզպետ Գարիկ Սարգսյանի օրինակով՝ Նիկոլ Փաշինյանը չափազանց է արժևորում, խոշոր ծառայություն համարում իր գլխավորած կուսակցությանը:

Ճիշտ նույն պատճառահետևանքային կապով է Հովհաննես Հարությունյանը ընտրական հաջողություններից հետո հայտնվել նախարար Թորոսյանի կաբինետում: Այսօր Հովհաննես Հարությունյանը նախարարի միակ կուսակից տեղակալն է:

Ինքն անձամբ այս թռիչքաձև հաջողությունները նորմալ է համարում իր աշխատասիրության դիմաց: Այսպես է բնութագրում երիտասարդ փոխնախարարն ինքն իրեն, սակայն իր անձի առավելությունների մասով «համեստորեն» լռում է, երբ կոնկրետ հարցադրումով փորձում ենք հասկանալ, թե հատկապես ի՞նչ արդյունքի կամ բացառիկ ո՞ր հատկանիշի համար է նախարար Թորոսյանը իրեն այսքան արագ տեմպերով առաջ մղում:

Բայց այս ամենից զատ կա ավելի ուշագրավ տեղեկություն. մեկ տարում 3 բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած Հարությունյանն առաջիկայում նոր նշանակման է հավակնում։ Այս մաիսն 168.am-ին փոխանցում են նախարարության աղբյուրները:

Տեղեկացնում են՝ Հովհաննես Հարությունյանի համար «իդեա ֆիքս» է դարձել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի պաշտոնը, նրան չի բավարարում ԲԿ-ի կառավարման խորհրդի անդամի կարգավիճակը: Փաստորեն, Երևանի ամենամեծ ԲԿ-ներից մեկը, որտեղ ահռելի ծավալով պետպատվերի շրջանառություն կա և վճարովի ծառայությունների լայնածավալ ռեսուրսներ, գայթակղիչ կարող էր լինել փոխնախարարի համար:

Հեղափոխությունից հետո ամենաինտրիգայինը դարձած այս մեծ պետական ԲԿ-ն գլխավորելու մղումը, ասում են, Հովհաննես Հարությունյանը չի թաքցրել նաև այն ժամանակ, երբ աշխատում էր տնօրենի տեղակալի պաշտոնում: Այսօր նույն ԲԿ-ում պահպանած կապերի միջոցով փոխնախարարը, մեր աղբյուրի փոխանցմամբ, պարբերաբար նախարարի ականջին հետաքրքիր ինֆորմացիաներ է շշնջում, որպեսզի հաջողի իր նախկին ու ներկա ղեկավարներին տրամադրել իրար դեմ: Ավելին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի գլխավոր տնօրեն՝ Արման Հովակիմյանին սևացնելու փորձերը այնքան անթաքույց են դարձել, որ իր նպատակադրման մասին հրապարակային խոսում է խնջույքների ժամանակ:

Վերջին այդպիսի մի դեպք, ըստ աղբյուրի, գրանցվել է Գյումրու ռեստորաններից մեկում: Այս ԲԿ-ի ղեկավարի մասին խոսելիս անզգույշ արտահոսքեր է արել, գինովցած ժամանակ պաշտոնյան հպարտանալով պատմել է, թե որքան լավ են իր հարաբերություները նախարար Թորոսյանի հետ, և որ մյուս տեղակալի օժանդակությամբ բացառված չէ շուտով նշանակվի ցնցում ապրած այդ հիվանդանոցի տնօրենի պաշտոնում:

Փոխնախարարը վստահեցնում է՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն դառնալը իր ձգտումների մեջ չի մտնում, իսկ օրակարգում առաջիկայի անելիքները բխում են միմիայն փոխնախարարի պարտականությունների դաշտից:

Ամեն դեպքում, ինֆորմացիայի արտահոսքը, ըստ նրա, մի բանի համար է, որպեսզի իր անձի նկատմամբ լրագրողների շրջանում հետաքրքրություն առաջացնեն:

Նույն ԲԿ-ի ղեկավար Արման Հովակիմյանի աշխատանքը փոխնախարարը խուսափեց լավ կամ վատ գնահատել, համարում է՝ դեռ շուտ է, նոր է նշանակվել, պրոցեսներ են ընթանում, արդյունքները, վստահեցնում է, մինչ օրս նույնիսկ նախարար Թորոսյանի հետ չի քննարկել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրր կայքում 

դիտվել է 16225 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Պատերազմը չպետք է սկսվի այն ժամանակ, երբ խրամատը կհասնի քո տանը

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

Ռուբեն Հայրապետյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն