Երևան
15 / Նոյեմբեր / 2019

Բնության 4 տարրերին նվիրված տոները հայերը նշում են հազարամյակներով

Պատմաբան Արթուր Եղիազարյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է․

Հայկական լեռնաշխարհի բնիկներս՝ հայերս,
նախահեթանոսական, հեթանոսական և քրիստոնեական ժամանակներից ու ժամանակաշրջաններում, պահելով կամ վերաիմաստավորելով՝ կայուն պահել ենք տոներ, որոնք առնչվում են բնության 4 տարրերի (տարերքների)՝ օդի, կրակի, ջրի և հողի հետ։ Այդ տոները տարբեր ժամանակներ տարբեր արտաքին դրսևորումներ՝ վերաիմաստավորումներ են ունեցել, բայց այնքան ուժեղ ներքին զգացական հիմք են ունեցել, որ ժամանակի կրոնաքաղաքական փոփոխություններն անգամ չեն կարողացել արմատախիլ անել ազգի միջից։ Ոչ հայոց հեթանոսական դիցարան ներմուծվող օտար հեթանոսությունը, ոչ քրիստոնեությունը, ոչ խորհրդային աթեիզմը և ոչ էլ ներկա գլոբալիզացիան։

Չորս տարրերն են.

ՕԴ։ Օդը արևելքի տարրն է, կապվում է հոգու և կյանքի շնչի հետ: Օդը օգնում է կենտրոնանալ մտքի ուժերի և իմաստասիրության հարցերում: Այն ազատում է դժվարություններից, քշում է վեճը և բերում է դրական մտքեր: Օդը կազմում է մթնոլորտը: Օդը խորհրդանշում են սպիտակ և դեղին գույները։
Հեթանոսական շրջանում այն կապված էր Տիր աստծո հետ։ Գրչության և մարդկային հոգիները կառավարող աստված Տիրը, հանդիսանում էր հոգիները երկրից հանդերձյալ աշխարհ տանողը։ Նա գրանցում էր մահացող մարդկանց հոգիները և մարդու մահից հետո ուղեկցում հանդերձյալ աշխարհ։ Առ այսօր հայերի մոտ ընդունված է «Գրողը քեզ տանի» անեծքային արտահայտությունը, այսինքն՝ Տիրը քեզ տանի։ Հնում հայերի (արիների) համար հանդերձյալ աշխարհը ոչ թե ընդերքում էր, այլ՝ երկնքում։ Դրա համար, մահից հետո մարմինն այրում էին, որ եթերային հոգին անջատվեր (զատվեր) մարմնից և երկինք բարձրանար։
Այս տարրը ամենահեռուն է մատերիայից:
Քրիստոնեական ժամանակաշրջանում Տիր աստծոն նվիրված տոնակատարությունները փոխարինվեցին (վերաիմաստավորվեցին) Հիսուս Քրիստոսի Հարության և Համբարձման տոների։

ԿՐԱԿ: Կրակը մաքրող և առնական տարր է: Ասոցացվում է հարավի հետ, կապվում է էներգիայի և ուժի հետ: Այն խորհրդանշում է Աստծո հզորությունը: Կրակը և ստեղծում է և ոչնչացնում, հալում է և ձուլում, այն կարող է օգնել և վնաս տալ, տալ կյանք և սպանել: Կրակը խորհրդանշում են կարմիր և ծիրանի գույները։
Հայերի մոտ Կրակը իր նշանակությամբ, մարդու ապրելու համար անհրաժեշտ նյութական և հոգևոր բոլոր կարևորագույն արժեքներով (ծնունդ, օծում, օջախ, սնունդ, բժշկություն, գուշակության և այլն) բացարձակացվելով, հայերի տոնական համակարգում զբաղեցնում է հատուկ տեղ` հատուկ օրվա մեջ, որն էլ կոչվում է Տրնդեզ: Տրնդեզը Կրակին նվիրված զուտ հայկական, ազգային, անշարժ տոն է, նշվում է ձմեռնամուտի և գարնանամուտի արանքում, փետրվարի 13-ին: Այդ օրն արդեն գարնան շունչնը զգացվում է և ըստ հին հայերի պատկերացումների վառվող կրակի բոցերը կարող են ավելի ջերմացնել Արևին` մեղմել ցուրտը: Հայերն իրենց համարելով Արևի որդիներ` արևորդիներ, պաշտել են նաև հուր - Արևի երկրային տեսակը` կրակը:

Որոշ մասնագետների կարծիքով Տրնդեզ նշանակում ` դիզված կրակ: Այն առաջացել է ատր(կրակ) բառից, որից ծագում են նաև ատրճանակ և ատրուշան բառերը, և դեզ (կուտակում, դարսում) բառից:
Քանի որ կրակը ախտահանող և ձուլող հատկություն ունի, այստեղից էլ՝ տոնին կրակի վրայով ցատկելու սովորությունը։ Այն նշանված, ամուսնացող զույգերին ձուլում է և միացնում միմյանց հետ, արդեն ամուսնացած զույգերին՝ ամրապնդում կապը, իսկ անհատներին՝ մաքրագործում։

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։
Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։
Ժողովրդական ավանդության համաձայն, Տեառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տեառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Նրանք պտտվում էին խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել: Եթե կրակի վրայով ցատկելիս վառվում է հարսի զգեստի փեշը`ընդամենն անզգուշոթյուն է, իսկ եթե ընդհանրապես չեք հասցրել կրակ վառել, ցատկել վրայով, պետք չէ նեղսրտել և սնոտիապաշտությամբ տառապել մինչև հաջորդ Տեառնընդառաջի տոնը:

Նախկինում՝ հեթանոսական շրջանում, Տրնդեզի խարույկի ծխի ուղղությամբ կատարել են գուշակություններ. հետևելով ծխի ուղղությանը՝ որոշել են տարվա բերքառատությունը (եթե ծուխը թեքվել է հարավ կամ արևելք, ակնկալել են առատ բերք, իսկ եթե թեքվել է հյուսիս կամ արևմուտք` համարել են, որ երաշտ կլինի): Ծխի ուղղությամբ փորձել են գուշակել, թե որ կողմից է գալու հարսնացուն կամ փեսացուն: Տրնդեզի մոմերով կամ ջահերով հատուկ պար է եղել նորապսակների համար: Յոթ ամուսնական զույգեր մոմերով կամ ջահերով շրջապատել են պարող նորապսակներին` չարքերից պաշտպանելու համար, և նրանք պարել են այդ շրջանակի մեջ:

Մուսա լեռան շրջանի հայության շրջանում, որի մնացուկներն այժմ էլ կարելի է գտնել գյուղերում՝ մեծահասակների հիշողության մեջ, երբ տանտիկինը, բացելով դուռ ու լուսամուտ, քշում էր ձմեռ-շվոտը («շվոտ»-ը փետրվար ամսի արաբերեն բառի` շուբաթի աղավաղված ձևն է) և ներս հրավիրում գարուն-մարտը:

ՋՈՒՐ։ Հաշվի առնելով, որ երեկ նշվում էր Վարդավառի տոնը՝ այս տարրին մի փոքր ավելի անդրադառնանք։ Այն կանացի տարր է և կապվում է աստվածուհիների հետ: Խորհրդանշում է մայրական բնազդն ու զգացմունքը: Օգտագործվում է պարզեցման, մաքրման, կենսաապահովման բարելավման համար: Այն կապում են արևմուտքի հետ: Ասոցացվում է կրքի և էմոցիայի հետ: Շատ հոգևոր ուղղություններում գոյություն ունի «օրհնված ջուր» հասկացությունը: Սա խոսում է ջրի սրբազանության մասին: Ջուրը ասոցացվում է կապույտ գույնի հետ: Համաձայն շումերական աղբյուրների, հայերը Հայա տիեզերական ջրերի և իմաստության աստծո որդիներն են և ըստ «Սասնա ծռեր» էպոսի, հայերը պաշտել են ջուրը և իրենց համարել ջրից ստեղծված (Սանասար և Բաղդասար): Հետևում է, որ նախահեթանոսական և քրիստոնեական ժամանակներում հայերը պաշտել են ջուրը, իսկ հեթանոսական ժամանակներում`կրակը:
Ջուրը համարվելով մաքրող և կենսատու տարր՝ իր տոնին նվիրված միջոցառումների մեջ ձեռք է բերել իրար վրա ցողելու ծես։ Ջրին նվիրված տոնը կոչվում է Վարդավառ։ Այն հայոց տարբեր գավառներում և բնակավայրերում ունի (ուներ) անվանման տարբեր տարբերակներ՝ պայմանավորված հայերենի բարբառային առանձնահատկություններով, ինչպես նաև տոնի գլխավոր ուխտավայրերի ու առավել տարածված բաղադրիչների գերակա անվանումներով։ Այդ տարբերակներից են՝ Վարթավառ (Արճակ), Վարդևոր (Լոռի, Ջավախք, Հարք-Բուլանխ, Կաղզվան), Վարդիվոր (Դերսիմ), Վառթիվոր (Ձնաբերդ), Վըրթէվուր կամ Վըրթէվուր (Արցախ-Վարանդա), Վարթևոր (Նոր Նախիջևան), Վարթիվոր, Ճրճանքի օր (Շաղաթ), Ճրճան (Մարտիրոս-Վայոց Ձոր), Վրթիվեր (Այգեհովիտ-Տավուշ), Վըրդիվուր (Մեղրի), Վարդավար, Վարդըվուր կամ Վարդիվուր (Մուսալեռ), Վարթիվոր (Ղզլար), Պալլամ, Պարլում կամ Պարլամօն (Քեսապ) և այլն:
Ըստ Ղևոնդ Ալիշանի, «վարդավառ» բառը ծագել է «վարդ» արմատից է և կապված է Աստղիկ դիցուհու պաշտամունքի հետ։ Ըստ Գրիգոր Ղափանցյանի, վարդավառը խեթերեն բառակազմություն է, կազմված «vadar» (ջուր) և «arr» (լվանալ, ցնցուղել իմաստով) բառերից: Որոշ հեղինակներ վարդավառ բառը համարում էին սանսկրիտից փոխառված: Հովհաննես Ծոցիկյանի կարծիքով, այդ բառի միայն առաջին հատվածն է («վարդ») սանսկրիտից թարգմանաբար նշանակում «ջուր», իսկ մյուս հատվածը՝ «ավար», հայերեն է՝ «թափել», «ցայտել» («վայրել» բառարմատից) իմաստով: Ֆնգլյանի կարծիքով վարդավառ նշանակում է «ջրի ուղի» և կապված է Անահիտ աստվածուհու հետ։
Քրիստոնեացած Վարդավառի «Այլակերպություն» կամ «Պայծառակերպություն» բառի բացատրությունը Քրիստոսի ավետարանիչների թողած այն հիշատակություններից են, համաձայն որոնց՝ Թաբոր լեռան վրա Քրիստոսի պայծառացած կերպարանքը երևում է Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալներին։
Վարդավառն իր բնույթով և էությամբ՝ բնապաշտական տոն է, որն, ըստ հայագիտության մեջ եղած տեսակետների, կապված էր Աստղիկ և Անահիտ աստվածուհիների պաշտամունքի, Ամանոր-Նավասարդի հետ։ Վաղնջական ժամանակներից հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և նվիրատվություններ անելով դաշտը հովանավորող ուժերին, մասնավորապես արտերի հովանավոր Միհրին։ Տոնահանդեսի անհրաժեշտ դրսևորումներից էր հասկի փնջեր կամ խրձեր տանել մեհյանները՝ շնորհակալության տուրք մատուցելով այդ հասկի աճելուն օժանդակած աստվածներին, գինի հեղել ջրերի ակունքների մոտ՝ ջրի տարերքին նվիրված ուխտավայրերում, մեծարելով դաշտային աշխատանքներին խիստ անհրաժեշտ ջուրը։

Ինչպե՞ս էին հնում ժողովրդական մեծ հանդիսություններով Վարդավառի տոնը նշում։ Վարդավառի ժողովրդական ծիսահամալիրի կենտրոնում գլխավորը ջուրն էր՝ Վարդաջիրը և խնձորը։ Տարբեր տվյալների համաձայն, անցյալում ծիսական համալիրում բավականին մեծ տեղ է հատկացվել վարդին, որը դերը հետագայում նվազել է: Վարդավառի խորհուրդը եղել է ջրի պաշտամունքը, երբ մեծարվել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող բնական տարերքները։ Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ և ուր կատարվել են նվիրատվություններ, գինու հեղում՝ ի պատիվ ջրի տարերքի։ Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։ Ընդհանրացված սովորույթ էր, որ մինչև Վարդավառ՝ խնձոր չուտեին։ Տարվա առաջին խնձորն ուտում էին Վարդավառին, ինչպես առաջին խաղողն ուտում էին Խաղողօրհնեքի տոնին։ Որոշ վայրերում առաջին խնձորը վայելելը ուղեկցվում էր հատուկ նախապատրաստություններով։ Երիտասարդները Վարդավառի շաբաթ երեկոյան դեզեր էին շինում և մութն ընկնելուն պես սկսում հերթով վառել այդ դեզերը, մինչև լուսաբաց բոլորելով կրակի շուրջ, որոնց մեջ խորովվում էին ուտելի առաջին խնձորները։ Լուսաբացից առաջ վառում էին ամենամեծ դեզը, որի շուրջ սկսվում էին տղաների ու աղջիկների խմբապարերը, ազդարարելով տոնի սկիզբը։
Վարդավառը նաև բերքահավաքի հետ կապվող առաջին տոներից էր, որի ծեսերը մասամբ, ինչպես արդեն նշել էինք՝ նվիրված էին ջրի և բերք ու բարին ապահովող աստվածություններին՝ մասնավորապես Աստղիկին, Անահիտին, Ծովինարին ու Միհրին։ Վարդավառին սովորաբար մեհյաններին նվիրաբերել են հասկեր, աղերսել, որ արտերն ու այգիները զերծ մնան աղետներից (կարկուտից, մորեխից), ծառերի դալար ոստերով զարդարել են տները, ծաղկեփնջեր նվիրել միմյանց, աղավնիներ թռցրել, կազմակերպել ջրախաղեր, զվարճություններ, խնջույքներ, անասնապահները ծաղիկներով զարդարել են անասունների ճակատները ևս։ Շատ գավառներում Վարդավառին կրկնվել են Տյառնընդառաջի արարողությունները։ Որոշ տեղերում Վարդավառը տոնել են հաստատուն օր (հուլիսի 20-ից կամ 22-ից հետո առաջին կիրակի օրը), այլուր՝ Զատկից 98 օր հետո։ Ներկայումս Վարդավառը կորցրել է երբեմնի նշանակությունը։ Ներկայում, շատ գյուղերում, կազմակերպվում են խնջույքներ, զբոսանքներ, իսկ մեծ քաղաքներում՝ գրեթե միայն ջրոցիներ։ Վարդավառը նշում են նաև իսլամացած ու աթեիստ համշենահայերը։

ՀՈՂ: Հողն ասոցացվում է հյուսիսի հետ: Այն նույնպես կանացի տարր է` փխրուն ու նուրբ: Նույնպես ասոցացվում է աստվածուհիների հետ: Հողը բարի է, կայուն, դաստիարակող, կուռ, ամուր, դիմացկուն և ուժեղ: Հին ժամանակներում այն երկրպագելու հիմնական առարկան էր: Այստեղից՝ «մայր հող» արտահայտությունը: Երկիրը հենց կյանքի, մշտական շարժման, բայց միևնույն ժամանակ, կայունության խորհրդանիշ է: Ծնունդ, կյանք, մահ, վերածնունդ և այլն մենք տեսնում ենք Երկրի վրա: Կանաչը և շագանակագույն գույները կապվում են հողի հետ:
Հողն առաջանում է ցամաքը կազմող ապարների քայքայումից, որոնք ժամանակի ընթացքում վերածվում են մանր կտորների և փոշու։ Սակայն այդ զանգվածը հող է դառնում միայն այն ժամանակ, երբ նրան ավելանում է մահացած բույսերի և կենդանիների մնացորդները: Հողը մեզ սնում է, բերք տալիս, այսինքն հողը նաև կյանք է մեզ տալիս:

Հողում են հանգչում մեր նախնյաց աճյունները, որով էլ՝ այն նաև սրբանում է։ «Մայր հող, հայրենի հող» հասկացություններն էլ՝ այստեղից։
Հին ժամանակներից է գալիս հողի մեջ ամփոփված հարազատ մարդկանց շիրիմներին այցելելը, նրանց հոգիների հետ շփվելը։ Այդ օրը տոնական ծիսական էր։ Կոչվում էր նախնյաց հետ հաղորդակցման օր։ Առ այսօր, գիտակցաբար թե սովորության ուժով՝ այդ օրը շատերը շարունակում են այցելել մերձավորների շիրիմներին։ Քրիստոնեությունը հետագայում այդ օրը վերաիմաստավորեց «Խաչվերաց» տոնի։ Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։ Ժողովրդի լեզվով, երբեմն կոչվում է նաև «Սբխեչ», «Սուրբ խաչ»։
Հնուց եկած սովորության համաձայն՝ այդ օրը ուլ կամ գառ են զոհաբերել՝ ի պատիվ նախնիների։ Այսօր այդ զոհաբերության սովորությունը, մի շարք հայկական բնակավայրերում դարձել է թոնրում կախած խորովի պատրաստելու և հարազատներով հավաքվելով՝ նախնիներին հիշելով՝ միասնական խնջույք անելու տոնի։

դիտվել է 24899 անգամ

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Տեսանյութ․ LUXURY AROMA ընկերությունը «սև ուրբաթի»-ի շրջանակներում

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)