«ՌուսԱրմԻնֆո»-ն գրում է Արցախի՝ Բաքվին ուղղված մեղադրանքների մասին

Ինչպես հայտնում է ռուսական «ՌուսԱրմԻնֆո»-ն Արցախի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, որ նախօրեին Ադրբեջանի տարածքում հայտնված հայ զինծառայողը բռնության է ենթարկվել:
Կայքը մեջբերել է Արցախի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, այն մասին, որ այս ամենը իրականության խեղաթյուրում է. «Սեփական ոճրագործությունները մյուս կողմին վերագրելը ադրբեջանական քարոզչամեքենայի հայտնի գործելակերպն է։ ՊՆ մամուլի ծառայությունը կոչ է անում չհավատալ ադրբեջանական կողմի կեղծ պնդումներին՝ որոնք նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն և սպասել ընթացող քննության ավարտին, որի արդյունքները հասանելի են լինելու հանրությանը», - ասված է Արցախի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել էին Ադրբեջանում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի լուսանկարները ՝ պնդելով, որ նա հայկական կողմում բռնության է ենթարկվել, ինչի արդյունքում դասալիք է դարձել:
Նյութի աղբյուրը՝ Yelaket.am
Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը